«Գրական տապան» միջազգային փառատոնն այս տարի ավելի վաղ մեկնարկեց: Ամեն տարի աշնանն անցկացվող փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ Երևանի պետական կամերային թատրոնում:
«Գրական տապան. ապրիլ». այս տարի փառատոնն այսպիսի խորագիր ունի և նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ օտարազգի հյուրերը (գրողներ, գիտնականներ, լրագրողներ, հրատարակիչներ), այսպիսով` ոգեկոչում են Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը՝ զորակցելով հայ ժողովրդին:
«Գրական տապան. ապրիլ» փառատոնը և Հայաստանը ապրիլի 21-ի այս ձեռնարկով միանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը»,- նշեց Դ. Մաթևոսյանը:
Կարդացեք նաև
«Տարին մեզ համար խորհրդանշական է, և ամբողջ տարվա ընթացքում բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվել ու կազմակերպվում արվեստի ամենատարբեր ոլորտներում: Նպատակը մեկն է՝ մարդկությանը հնարավորինս հասու դարձնել մեկ դար առաջ տեղի ունեցած իրողությունը և անել դա արվեստի հնարավոր բոլոր ուղղություններով: Գրականությունը՝ որպես գործիք, որպես միջոց, մարդկանց տեղեկություն փոխանցելու առումով շատ յուրօրինակ հատկանիշ ունի. գրականության մեջ մենք փնտրում ենք մեր առօրյայում հանդիպող կերպարներին և հակառակը՝ առօրյայում փորձում ենք գտնել այն կերպարներին, որոնց մասին կարդացել ենք գրքերում: Եվ այս երկխոսությունն է, որ ձևավորում է մեր արժեհամակարգը: Ես շատ ուրախ եմ, որ «Գրական տապանի» մասնակիցներն այս օրերին հնարավորություն կունենան ծանոթանալու այն ազգի մշակութային ժառանգությանը, որին մեկ դար առաջ փորձեցին վերացնել: Բայց, ինչպես Անատոլ Ֆրանսն է ասել, մի ազգ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի: Եվ ահա այն մի փոքր արյունը, որ մնացել էր, պիտի արարող սերունդներ ստեղծեր»,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողության շրջանակներում եղան նաև գրական ընթերցումներ: «Գրական տապան. ապրիլ»-ի հայ մասնակիցները (Հուսիկ Արա, Հերմինե Նավասարդյան, Խաչիկ Մանուկյան, Ղուկաս Սիրունյան, Էդուարդ Հարենց, Աշոտ Գաբրիելյան, Թադևոս Տոնոյան, Սագօ Արեան, Կարինե Աշուղյան) բնագրով ընթերցեցին Եղեռնի զոհ տասը գրողների՝ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Ինտրայի, Գրիգոր Եսայանի, Իսրայել Տխրունու, Արմեն Դորյանի, Մառի Պայլերյանի և Տոնապետ Լյուլեճյանի ստեղծագործություններից: Իսկ օտարազգի մասնակիցները (Լյուբիցա Միլետիչ, Ալան Ուայթհորն, Մարսելա Փոլեյն, Մելինե Թումանի, Սերժ Վենտուրինի, Դանան Ուոլրըթ) նույն ստեղծագործությունները կարդացին իրենց մայրենի լեզվով:
«Հայտնի է, որ Ցեղասպանությանը զոհ են գնացել բազմաթիվ հայ գրողներ, բայց նրանցից շատ քչերի անուններն են տարիներ շարունակ շրջանառվել գրական դաշտում: Ի տարբերություն Սիամանթո, Վարուժան, Ռ. Սևակ անունների՝ Իսրայել Տխրունի, Արմեն Դորյան, Տոնապետ Լյուլեճյան անունները հազիվ թե շատերին ծանոթ լինեն: Գուցե նրանց ստեղծագործությունները գեղարվեստական առումով միարժեք չեն, բայց միասին ցույց են տալիս, թե Հայոց ցեղասպանությամբ ինչպիսի մշակութային գրական շարժում է ընդհատվել ու գլխատվել»,- ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ տեղեկացնելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ինքն ու բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը հրատարակել են «Եղեռնազոհ գրողներ» անթոլոգիան, որտեղ ընդգրկված են եղեռնազոհ 31 գրողների կենսագրական տվյալներ և ստեղծագործություններ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ