Գյումրիում Տեքստիլագործների թաղամասում մոր ու աղջկա՝ 90-ամյա Քնարիկ եւ 51-ամյա Ալվարդ Շահումյանների դաժան սպանության գործով դեռ կասկածյալներ չկան: Քննիչներն այսօր եղել են Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղում, որտեղ Ալվարդը աշխատել է որպես հավաքարար ու հարցաքննել նրա գործընկերներին:
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեցին Ալվարդ Շահումյանի գործընկերները, իրավապահները նշել են, որ արագ բացահայտելու են հանցագործությունը. սա ՀՀ ոստիկանապետի հրահանգն է: Վերջիններս, ըստ մեր տեղեկությունների, հարցաքննում են Շահումյանների պարտքերի ցուցակում հայտնված յուրաքանչյուր մեկին:
Հիշեցնենք, որ ոստիկանները նրանց բնակարանից պարտքերի ցուցակ են հայտնաբերել, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ նրանք տոկոսով փող են տալիս: Ոստիկանների բնութագրմամբ, պարտքերի ցուցակը բավական ընդարձակ է ու խրթին, այստեղ շատ են ջնջումները: Մարդկանց անուն-ազգանունները, որոնց, ամենայն հավանականությամբ, տոկոսով գումար են տվել Շահումյաները, գրված են անկանոն, խառը եւ նշված չէ ամիս-ամսաթիվ, թե երբ գումարը տվեցին, երբ վերադարձրեցին: Սա, բնականաբար, դժվարացնում է քննչական գործողությունները, այդուհանդերձ, ցուցակում առկա յուրաքանչյուր ոք հարցաքննվում է:
Շենքի բնակիչներն արդեն իսկ հարցաքննվել են, հարեւանների ասելով, նրանցից շատերը վկայություն են տվել այն մասին, թե ո՞վ է ելումուտ արել իրենց մուտք, տեսե՞լ են արդյոք անծանոթ դեմքեր, ովքե՞ր են դեպքի օրը բարձրացել 3-րդ հարկ, որտեղ ապրել են մայր ու դուստր:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր Քնարիկ եւ Ալվարդ Շահումյաններին հուղարկավորել են Գյումրու Ավստրիական թաղամասի եկեղեցուց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ