Այսօր, ԵԽԽՎ լիագումար նիստում, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունքում առաջացած լրջագույն խնդիրների հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Իր ելույթում անդրադառնալով ահաբեկչական այդ կազմակերպության գործողությունների աղետալի հետեւանքներին, ԲՀԿ խմբակցության պատգամավորը նաեւ նշել է, որ Սիրիայում ապրող հայերը թիրախ են «Իսլամական պետության» ահաբեկիչների համար նաեւ իրենց ազգային եւ կրոնական պատկանելության առումով։ ԲՀԿ պատգամավորն իր ելույթում ասել է՝
Հարգելի գործընկերներ,
Արդեն որերորդ նստաշրջանն է մենք քննարկում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անմարդկային գործողությունների հետեւանքները։ Ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային անվտանգության համար։ Մեր գործընկեր Ժան Մարի Բոկելն անդրադարձել է այդ ահաբեկչական խմբի վայրագության հետեւանքներից մեկին՝ փախստականների խնդրին, ինչը բավականին բարդ ու զգայուն հարց է։ Պարոն Բոկելն անդրադարձել է հիմնականում սիրիական պրոբլեմին, քանզի մեր նախորդ նիստերում մենք բազմիցս անդրադարձել ենք Հյուսիսային Իրաքում տեռորիստական այդ բանդայի գործողություններին։ Այո, ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական պատերազմի 4 տարիներին ռազմական գործողություններին զոհ է դարձել 215 հազար մարդ, որից 11 հազարը՝ երեխաներ։ 2011թ-ի մարտի հակամարտությունից ի վեր՝ Սիրիայում շուրջ 6.8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տանիքը։ Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայի փախստականների հետ՝ «հումանիտար աղետ» բնորոշելը խիստ մեղմ ձեւակերպում է։ Սիրիական հակամարտության արդյունքում բազմաթիվ երեխաների բաժանել են իրենց ընտանիքներից։ Մոտ 2 միլիոն երեխա աջակցության կարիք ունի Սիրիայում, եւ ավելի քան կես միլիոն երեխա աջակցության կարիք ունի հարեւան երկրներում, որտեղ նրանք ապրում եմ հատուկ ճամբարներում: Երեխաների տառապանքն անմարդկային գին է, որը նրանք վճարում են այս հակամարտության պատճառով։
Կարդացեք նաև
Հարգելի գործընկերներ, Սիրիայում իմ երկիր ունի ամենակայուն եւ ազդեցիկ համայնքներից մեկը, որը եւս մեծապես տուժեց սիրիական հակամարտության արդյունքում։ Սիրիահայերը, ինչպես և երկրի մյուս բոլոր բնակիչները, իրենց վրա զգում են սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի հետևանքներն ու զրկանքները: Անցած տարի անմարդկային հարձակման թիրախ դարձան Քեսաբի հայերը, իսկ սեպտեմբերին ահաբեկիչները պայթեցրին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Հաշվի առնելով «Իսլամական պետության» զինյալների հաշվեհարդարները քրիստոնյաների հանդեպ` ակնհայտ է, որ իմ հայրենակիցներին վտանգ է սպառնում նաեւ իրենց ազգության եւ կրոնի պատճառով: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից եւ, բնականաբար, պատրաստ է շարունակել ընդունելու մեր հայրենակիցներին։
Մինչդեռ, Սիրիայի քաղաքացիական պատերազմով սկիզբ առած քաոսի վերջը չի երևում։
«Վերաբնակեցումը՝ որպես համերաշխության գործիք» վերտառությամբ իր այս զեկույցում մեր գործընկերը կոնկրետ քայլեր է առաջարկում սիրիացի փախստականների խնդիրները համակարգելու ու լուծումներ տալու համար։ Բայց քանի դեռ արմատախիլ չի արված հիմնական չարիքը, հետեւանքների դեմ պայքարն ամեն օր ու ամեն ժամ անասելի ջանքեր է պահանջելու։