Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ սրվակ բրինձ՝ Հայոց ցեղասպանության թանգարանին. (Ֆոտոշարք)

Ապրիլ 21,2015 20:03

Հայոց ցեղասպանության թանգարանն իր դռները նորովի է բացում հանրության առջև: Նախկին երեք սրահների փոխարեն թանգարանի նոր ցուցադրությունը կազմակերպվել է 12 սրահներում՝ բոլորովին նոր տեխնիկական լուծումներով:

Նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը և հարակից տարածքը հիմնանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Աշխատանքներն իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

IMG_1081 IMG_1082 IMG_1097 IMG_1135

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծախսվել է 4.5 մլն դոլար: «Ամբողջ ֆինանսավորումը բարերարների կողմից է իրականացվել: Դիզայներներն ու թանգարան-ինստիտուտի աշխատողները լրացուցիչ գումարներ չեն ցանկացել ստանալ՝ իրենց կատարած լրացուցիչ աշխատանքների դիմաց»,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը և շնորհակալություն հայտնեց բարերարներին. «Հատկապես Գաբրիել Ճեմբերջյանին, Ռալֆ Յիրիկյանին, թանգարանի հավաքածուն մշտապես հարստացնելու համար աջակցություն ցուցաբերած մոսկվայաբնակ մեր հայրենակից Ջևան Չելոյանցին: Մենք աշխատել ենք մեր սովորական աշխատավարձերով: Պետբյուջեից գումարներ չեն ծախսվել: Միայն հովանավորների և բարերարների աջակցությամբ է իրագործվել»,- ընդգծեց Հ. Դեմոյանը:

Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Բոլոր նյութերի բացատրությունները ներկայացված են երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է 2.5 անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր: Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութեր:

Նոր նյութեր շարունակում են ի հայտ գալ նաև այսօր:

Ամերիկացի լրագրող Քեթրին Յամանդան Օրեգոնում հայտնաբերել է մի ծրար, որի վրա գրված է եղել «Հայաստան»: Լրագրողին հետաքրքրել է այդ գրությունը, և նա գնել է ծրարը: Դրանից հետո հոդված է գրել ձեռք բերած ինֆորմացիայի հիման վրա:

Հայկ Դեմոյանի տեղեկացմամբ՝ իրենք հոդվածին ծանոթանալուց հետո կապ են հաստատել լրագրողի հետ՝ խնդրելով այդ նյութը տրամադրել թանգարան-ինստիտուտին՝ ժամանակավոր ցուցադրության համար: Իսկ Քեթրին Յամանդան որոշել է իր ունեցածը նվիրաբերել թանգարանին:

«Կալիֆոռնիայում մի խոշոր մշակութային կենտրոնի ցուցադրության ժամանակ Քեթրինը մոտեցավ ինձ և ինչ-որ ծրար հանձնեց: Ծրարում մի սրվակ էր, իսկ սրվակում՝ բրինձ: Դա գաղթականների մեկ օրվա պաշարն էր: Սրվակի վրա գրված է, որ սա օրական 750 հայ երեխայի հնարավորություն է տվել գոյատևելու: Այս բրինձը դեռևս այն ժամանակվանից է պահպանված»,- նշեց Հ. Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Հայոց ցեղասպանության թեմայով հավաքագրված փաստական նյութերն ու իրեղեն ապացույցներն այնքան շատ են, որ կբավականացնեն հինգ համանման թանգարան կազմավորելու համար:

«Այսօր հավաքածուն գերազանցում է 90 հազարը: Հիմնական շեշտադրումը կատարված է օտար լսարանի վրա, որ վերջինս առնչվի բացառիկ, նորահայտ նյութերի, որից հետո տեղ չի մնա, որ որևէ մեկը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության ծրագրված ու նպատակադրված բնույթը»,- ասաց Հ. Դեմոյանը՝ ընդգծելով, որ թանգարանը նաև Թուրքիայի նոր սերնդի ներկայացուցիչների համար է. «Այստեղ նրանց ատողներ չկան, այստեղ որևէ մեկն ատելություն չի սերմանում, նրանք կարող են այստեղ առերեսվել սեփական պատմությանը՝ տեղեկանալով այն ամենին, ինչը թաքցնում են հարևան երկրի իշխանությունները»,- նշեց նա:

Հ. Դեմոյանի փոխանցմամբ՝ մինչև ապրիլի 25-ը Հայոց ցեղասպանության թանգարանն իր դռները կբացի միայն արտասահմանից ժամանած պատվիրակությունների առջև՝ ելնելով տեխնիկական և անվտանգության նկատառումներից: Իսկ ապրիլի 25-ից թանգարանը կհյուրընկալի բոլոր այցելուներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930