Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողները՝ Նիկոլայ Բաղդասարյանին. «Ինքը պե՞տք ա ասի, թե ես իմ երեխուն ոնց բուժեմ»

Ապրիլ 21,2015 18:38

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում էր քննվել Վարդան Պետրոսյանի գործով տուժողների եւ տուժողների իրավահաջորդների բողոքը: Ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին առարկության համար խոսք տրվեց:

Նա նշեց, որ մեղադրող Արթուր Սարգսյանի բողոքի բովանդակությունից երեւում է, որ խոսքը բացառապես ազատազրկման ձեւով նշանակված պատժաչափի խստացման մասին է, իսկ դատավճռի մնացած՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման պատժաչափի մասով դատախազը բողոք չի ներկայացրել, թեւ փաստաբան Ռուբեն Բալոյանը նման բողոք է ներկայացրել:

«Վարդան Պետրոսյանի քրեական գործով դատարանը չի կիրառել քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ որոշել է, որ Վարդան Պետրոսյանն ամբողջությամբ պետք է կրի նշանակված պատիժը, հետեւաբար՝ դատախազ Արթուր Սարգսյանի վկայակոչած վճռաբեկ դատարանի որոշումը սույն գործի հետ որեւէ կապ չունի»,- ասաց նա:

Vardan-petrosyan

Անդրադառնալով Ռուբեն Բալոյանի բողոքին, թե դատարանը հաշվի չի առել Վարդան Պետրոսյանի վարքագիծը հանցանքը կատարելուց հետո՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Փաստաբան Բալոյանի նշած փաստերը որեւէ հիմք չեն կարող հանդիսանալ Վարդան Պետրոսյանի պատիժը ծանրացնելու համար: Բացի դրանից՝ այդ փաստերը իրականությանը չեն համապատասխանում, քանի որ քրեական գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ Վարդան Պետրոսյանի՝ դատական նիստի ժամանակ տված ցուցմունքներով, ինչպես նաեւ քրեական գործին կցված մի շարք տեղեկանքներով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից դուրս գրման պահին գտնվել է վկայի կարգավիճակում: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով պարտականություն նախատեսված չէ, որ վկան հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ պետք է իրազեկի քննիչին, որը գտնվում է Եղվարդ քաղաքում»:

Նա հավելեց, որ Վարդան Պետրոսյանի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Աշխեն Պետրոսյանը՝ Վարդան Պետրոսյանի քույրը, տեղափոխվել է եղբոր բնակարան եւ այդ մասին իրազեկել է քննիչին. «Քննիչն այդ մասին տեղեկանք է կազմել, որը պարոն Բալոյանը ներկայացնում է ճիշտ 180 աստիճան հակառակ կողմով»:

Նիկոլայ Բաղդասարյանը, խոսեց նաեւ Բալոյանի հայտարարության մասին, թե ապահովագրական ընկերությունները առողջության վերականգնողական ծախսերը չեն հատուցում: Նա հայտարարեց, որ ապահովագրական ընկերությունները այդ ծախսերը հատուցում են. «Ինչպես սույն, այնպես էլ այլ քրեական գործերով, տուժողի առողջությանը եւ գույքին հարուցած վնասին, առաջին հատուցող պետք է հանդես գա ապահովագրական ընկերությունը, իսկ ամբաստանյալի պարտավորությունները ծագում են միայն այն դեպքում, երբ պատճառված վնասը անցնում է  նշված գումարի չափը»:

Նա նշեց, որ Ռուբեն Բալոյանի առաջարկած լուծումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության տրամաբանությանը. «Նա ասում է, հարգելի՛ դատարան, դուք բավարարեք մեր պահանջը, բռնագանձեք Վարդան Պետրոսյանից, մենք կգնանք ապահովագրական ընկերությունից կստանանք: Եթե դատական ակտով պարտավորություն պետք է սահմանվի ապահովագրական ընկերությունների համար, ապա վերջիններս պետք է մասնակից լինեն դատավարությանը եւ օգտվեն պատասխանողի բոլոր իրավունքներից: Այսինքն՝ եթե ինչ-որ մեկի նկատմամբ ուզում ես պարտավորություն սահմանել, որ նա գումար վճարի, դա կլինի ապահովագրական ընկերություն, թե այլ անձ, տվյալ անձը պետք է դատավարությանը մասնակից դարձնես: Բայց այդ մարդը չի հրաժարվում, ասում է՝ համապատասխան ընթացակարգով դիմեք, մենք ձեր ամբողջ գումարը կծածկենք»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ վնասի հատուցումը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ վնասի չափը հաստատված է, մինչդեռ հայցվոր կողմը ապացույց չունի, թե որքան է կազմելու տուժող Տաթեւիկ Հակոբյանի առողջության վերականգման համար անհրաժեշտ գումարը. «Փաստաբան Ռուբեն Բալոյանը իր վերաքննիչ բողոքում որպես ապացույց վկայակոչել է «Արմենիա» ՓԲԿ բժիշկ Կիրակոսյանի եւ բաժնի վարիչ Հարությունյանի տված տեղեկանքը, համաձայն որի հիվանդը տրանսպորտից չի կարող օգտվել մոտ 1.5-2 տարի: Փաստաբան Ռուբեն Բալոյանը վկայակոչելով նշված ապացույցը հետեւություն է արել, որ իր համար ակնհայտ է դառնում, որ Տաթեւիկ Հակոբյանի վերականգման բուժումը տեւելու է շուրջ երկու տարի: Համեմատելով հետեւությունները եւ գրությունը ակնհայտ է դառնում, որ փաստաբան Բալոյանը փոփոխել է գրության իմաստը: Ավելին՝ քրեական գործին կցված նույն կազմակերպության ղեկավարության կողմից ստորագրված գրության համաձայն՝ իրենց հիվանդանոցի բժիշկները իրավասու չեն հայտնել, թե որքան է կազմելու Տաթեւիկ Հակոբյանի առողջության վերականգման ժամկետը»:

Արթուր Հակոբյանը բացականչեց. «Ինքը պե՞տք ա ասի, թե ես իմ երեխուն ոնց բուժեմ»:

Փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ հետաձգել դատական նիստը, քանի, որ մեկ ժամից Տավուշի մարզում մեկ այլ դատական նիստ ունի: Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց մինչեւ նիստը հետաձգելը խոսք տալ նաեւ Վարդան Պետրոսյանին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930