Ապրիլի վերջն է, իսկ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը դեռ չի վերսկսվել: Այդ ճանապարհը կառուցող «Խաչհար» ՍՊԸ աշխղեկ Աբել Ավագյանն ասաց,որ տեղանքը ցեխոտ է, գետինը դեռ չի չորացել, այդ պատճառով ճանապարհի կառուցումը չի վերսկսվել: Նրա խոսքերով՝ շրջանցիկ ճանապարհի գործարկումը նախատեսված է մինչեւ հուլիսի սկիզբը, մինչ այդ կփռվի 17000 խորանարդ մետր ասֆալտ,կավարտվի ճանապարհը ադրբեջանական հենակետերից պաշտպանող հենապատի կառուցումը: Աշխղեկը համոզված է, որ մինչեւ հուլիս ճանապարհը կգործարկվի: Ա.Ավագյանին հարցրինք 2014թ. աշնանը ասֆալտապատված հատվածի քայքայվելու մասին: Նա հայտնեց,որ այդ հատվածը մեծ չէ, իրենք դա կնորոգեն:
Նշենք, որ Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր 2014թ. հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու է այդ տարածքում երթեւեկությունը եւ ապահովելու է սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ՃՇՇ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2014թ. հոկտեմբերի վերջ ավարտել ճանապարհի շինարարությունը: Ռազմավարական նշանակության ճանապարհի գործարկումը հրատապ խնդիր է: 2013 թվականի ընթացքում այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ