Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը նույն Թալեաթն է». Հառիճ գյուղի բնակիչներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 21,2015 17:53

Շիրակի մարզի Հառիճ գյուղում, որը համարվում է Հայաստանի սրբավայրերից մեկը, միջնադարյան վանական համալիրի շնորհիվ (վանքի դպրոցում սովորել է Ավետիք Իսահակյանը, ստեղծագործել է Կոմիտասը՝ այստեղ 34 նոր երգ գրի առնելով ու ձևավորելով առաջին մեծ երգչախումբը), այսօր տեղադրվեց խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Նշենք, որ այս գյուղի գերեզմանոցներից մեկը, որը դարձյալ սրբավայր է հիշեցնում, գտնվում է գյուղի կենտրոնում՝ գյուղապետարանի հարեւանությամբ, եւ խաչքարը տեղադրվեց գյուղապետարանի շենքի ու գերեզմանոցի միջեւ: Չնայած ցուրտ, անձրեւային եղանակին, գյուղի բոլոր բնակիչները եկել էին խաչքարի բացման արարողությանը մասնակցելու, նրանք իրենց պահանջը յուրովի էին ներկայացնում թուրքերին: Օրինակ՝ գյուղի տարեց տղամարդկանցից մեկը՝ Անդրանիկ Ղարոյանը սկսեց ասմունքել:

Մեզ հետ զրույցում Հյուսիսային սեյսմիկ ծառայության նախկին ղեկավար Սերգեյ Նազարեթյանը, որը Հառիճից է, Հառիճի գյուղապետի եղբայրն է, կարծիք հայտնեց, որ Էրդողանը նույն Թալեաթն է եւ դժվար թե քարը փեշից թափի ու Հայոց ցեղասպանությունը ընդունի:

Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նույնպես Հառիճ գյուղից է, ասաց. «Թուրքիան պիտի փորձի կայանա որպես քաղաքակիրթ երկիր: Ես թուրք ժողովրդին ոչինչ չունեմ ասելու, բայց եթե ուզում են քաղաքակիրթ պետություն դառնալ, պիտի ընդունեն իրենց գործած հանցագործությունը, ոնց որ Գերմանիան ընդունեց եւ դարձավ լիիրավ եվրոպական պետությունների քաղաքակիրթ անդամ: Ավելի շատ ինքը պիտի շահագրգռված լինի, որ ինքը կայանա որպես երկիր և պետություն, քան մեկ ուրիշ պետություն»:

Gyumri-2

Մեր այն հարցին, թե հայազգի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանին հաջողվե՞ց գոնե ինչ-որ չափով աշխարհին վերհիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, Հովհաննես Հովհաննիսյանը, նրա այցը որակելով որպես հզոր կնոջ գեղեցիկ այցելություն, ասաց, որ ամբողջ աշխարհի հայացքը Քիմ Քարդաշյանի միջոցով բեւեռվեց մեր փոքրիկ Հայաստանի վրա:

Խաչքարի բացման արարողությանը մասնակցող Հովտաշենի դաշնակցական գյուղապետ Սեյրան Փիլիպոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Թուրքիան ուզի, թե չուզի ընդունելու է Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, եթե ամեն տարի աշխարհի երկու պետություն ընդունի հայ ազգի, ժողովրդի դեմ ուղղված այս ոճրագործությունը, ապա Թուրքիան ուզի, թե չուզի պիտի ընդունի: Ըստ գյուղապետի, դա ժամանակի հարց է: Իսկ թուրքերի հետ շփվելիս, գյուղապետի համոզմամբ՝ փայտը ձեռքդ պիտի վերցնես:

IMG_6919 IMG_6921 IMG_6930

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930