Սեփականության իրավունքով Գալինա Վասիլեւնա Գասպարյանին պատկանող բնակարանը 1 տարի դատարանի որոշմամբ կալանքի տակ է: Սակայն մինչ այդ՝ նախապատմությունը:
2007թ-ին Գալինա Վասիլեւնա Գասպարյանը եւ իր ամուսին Միշա Գասպարյանը Սեւան քաղաքի Նաիրյան 175/8 հասցեի բնակարանը վաճառելուց հետո ցանկանում են նորը ձեռք բերել: Տիկին Գալինայի պատմելով` իրենց հարսի եղբայրը` Արմեն Դավիթի Գրիգորյանը Սեւանի Խաղաղության 2 հասցեում բնակարան է գտնում եւ իրենց հրավիրում է տեսնելու: Ամուսինները բնակարանը հավանում են եւ գնման համար պայմանավորվում բնակարանի սեփականատիրոջ հետ; Վերջինս` Սուսան Զալիբեկի Անտոնյանը` գնորդին` Գալինա Գասպարյանին հայտնում է, որ գումարն իրենց շուտ է անհրաժեշտ: Որոշ ժամանակ անց Արմեն Գրիգորյանը զանգահարում է Գալինա Գասպարյանին եւ հայտնում, որ Սուսան Անտոնյանը պահանջում է բնակարանի գումարը: Գալինա Վասիլեւնան, Արմեն Գրիգորյանը եւ Սուսան Անտոնյանը հանդիպում են Արմենի բնակարանում: Բնակարանի գնորդ Գալինա Վասիլեւնան բնակարանի ձեռք բերման համար 14 հազար ԱՄՆ դոլար է տալիս Սուսան Անտոնյանին, որից հետո ստորագրում է ստացականում:
«Ես սումկայիս միջից հանեցի 14 հազար դոլարը տվեցի Արմենին, ասեցի առ, Արմեն ջան, մի հատ էլ դու հաշվի, տուր Սուսանին: Ինքը հաշվեց, տվեց Սուսանին: Հետո Արմենին ասեցի, որ մի հատ ստացական գրի, որ ես փողը տվել եմ; Թղթի վրա ինչ-որ բան գրեցին ու տվեցին, որ ստորագրեմ: Ես էլ ստորագրեցի` չիմանալով թե ինչ է, ես հայերեն կարդալ չգիտեմ: Վստահելով իրան ստորագրեցի»,- արցունքները մաքրելով պատմում է 71 ամյա ազգությամբ ռուս կինը, ում խոսքով` բնակարանը գնելուց հետո առանց սեփականության վկայականի ձեռք բերման եւ նոտարական վավերացման մեկ շաբաթ անց մեկնում են ՌԴ իրենց երեխաների մոտ: Վերադառնում են 2008թ-ին եւ սկսում բնակարանը վերանորոգել: Այդ աշխատանքներում Արմեն Գրիգորյանն իրենց օգնում է, անգամ վերանորոգողներին է գտնում:
«Նա մեզ շատ էր օգնում, ցեմենտ էր բերում, իր բարեկամ ռեմոնտշիկներին բերեց: Ես վերանորոգման ամբողջ գումարը վճարել եմ, կամ տվել եմ Արմենն է տվել իրենց կամ ես անձամբ եմ տվել: 2009թ-ին մենք նորից գնացինք Ռուսաստան: Բայց քանի որ բնակարանը չէինք գրանցել իմ անունով, ես միշտ անհանգիստ էի: Սուսանին ասում էի` Սուս, արի գնանք թղթերը դզենք, ինքը միշտ կրկնում էր, որ Սուրենը դեռ չի եկել: Սուրենը նրա որդին է, որը Ռուսաստանում էր գտնվում, առանց նրա համաձայնության չէինք կարող բնակարանը գրանցել: Երբ Սուրենը եկավ, ես, ամուսինս, Սուսանը, իր ամուսինը, աղջիկն ու տղան գնացինք նոտարի մոտ, բնակարանը գրանցեցինք, կադաստրից էլ սեփականության վկայականը վերցրինք»,- ասում է տիկին Գալինան:
Սեւանի Խաղաղության 2 հասցեի 25 բնակարանը 2011թ-ին կադաստրի որոշմամբ եւ նոտարի հաստատմամբ անցնում է Գալինա Վասիլեւնա Գասպարյանին: Նրա խոսքով` իրենք արդեն 7 ու կես տարի ձեռք են բերել տվյալ բնակարանը` ամեն ամիս վճարելով բնակարանի կոմունալ եւ այլ ծառայությունների դիմաց: Նա մեզ ցույց տվեց վճարումների մի կույտ կտրոնները, համատիրության գրքույկը:
«Տեսեք, էսքանը ես եմ վճարել, դե բնակարանը գնելուց հետո կոմունալների վարձերը Սերյոժա Անտոնյանի անունով էի մուծում, քանի որ չէինք փոխել իմ անունով»,-ասում է նա:
2012թ-ին նրանց ընտանիքում դժբախտ դեպք է կատարվում, մահանում է Ռուսաստանում բնակվող թոռնիկը, որից հետո էլ տղան եւ հարսը ամուսնալուծվում են, հարսի մոտ է մնում արդեն ընտանիքի միակ երեխան` աղջիկը:
Վերադարձից հետո Գասպարյան ամուսինները տեղեկանում են, որ իրենց հարսի եղբայրը` Արմեն Գրիգորյանը գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին հայց է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Սուսան Անտոնյանի: Վերջինս, սակայն, հրաժարվում է առաջին հայցից եւ երկրորդն է ներկայացնում դատարան` այս անգամ ընդդեմ Սուսան Անտոնյանի եւ Գալինա Գասպարյանի` առոչինչ գործարքի անվավերության հետեւանքներ կիրառելու եւ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով:
Դատարան ներկայացրած երկու հայցադիմումներում էլ Արմեն Դավիթի Գրիգորյանը նշում է. «2008թ-ի նոյեմբերի 02-ին, իմ անձնական միջոցներով` 14.000 /տասնչորս հազար/ ԱՄՆ դոլար արժեքով, պատասխանող Սուսան Անտոնյանից ձեռք եմ բերել ք. Սեւան, Խաղաղության 2-րդ շենքի, թիվ 25 հասցեում գտնվող բնակարանը: Հիշյալ փաստի վերաբերյալ վերջինիս կողմից կազմվել է ստացական, ըստ որի նա պարտավորվել է գործարքը կատարել /նոտարական կարգով/ ստացականը կազմելու օրվանից երկու ամսվա ընթացքում…
Մեր միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը եւ ստացականի կազմմանը ներկա են գտնվել նաեւ իմ մայրը` Մելան Ղարիբյանը եւ քրոջս սկեսուրը, գործով մյուս պատասխանող` Գալինա Գասպարյանը: Վերջիններս նույնպես ստորագրել են կազմված փաստաթղթի տակ, հավաստելով թե` պայմանավորվածություն ձեռք բերելու, եւ թե` իմ կողմից գումարը վճարելու փաստերը»,-շարադրված է Արմեն Գրիգորյանի հայցադիմումում, որի մեծ նշվում է նաեւ, որ բնակարանի բանալիները գտնվել են իր մոտ, վերանորոգումը ինքն է կատարել եւ դրա դիմաց վճարել, կոմունալ սպասարկման վարձերն ինքն է վճարել, այսպես ասած բնակարանը տիրապետել է որպես իր սեփական գույք` այդ մտայնությունից էլ ելնելով թույլ է տվել, որպեսզի իր քրոջ սկեսուրը`Գալինա Գասպարյանը ընտանիքի հետ միասին ժամանակավորապես բնակվի հիշյալ բնակարանում, ամենեւին չենթադրելով, որ մի օր իրեն հայտնի կդառնա, որ 22.09.2011թ-ին բնակարանի առքուվաճառքի պայմանագիր է կնքվել պատասխանողների միջեւ, ըստ որի վեճի առարկա հանդիսացող բնակարանը, որի դիմաց ինքն է վճարել իր անձնական միջոցներով, կդառնա Գալինա Գասպարյանի սեփականությունը: Հայցվորի միջնորդությամբ էլ արգելանք է դրվել վերոնշյալ բնակարանի վրա:
Ինչպես նշեց տիկին Գալինան` Սուսան Անտոնյանն իրեն ասել է, որ Արմեն Գրիգորյանի պարտադրանքով է գրել ստացականը: Գալինա Գասպարյանի շահերի պաշտպան Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ դատարանում Սուսան Անտոնյանն իր ցուցմունքում պատմել է, որ Գալինան պայուսակից հանել է գումարը, տվել Արմենին, Արմենն էլ հաշվել տվել է իրեն: Այնուհետեւ Արմենն ասել է `ինչ ասեմ, գրի, ինքն էլ առանց մտածելու գրել է, ստորագրել:
«Այդ ստացականն իրավական առումով այդքան էլ լուրջ հիմք չէ, բայց իրենք աշխատում են դրա վրա, վկաներ են ներգրավում գործում: Արմենի մայրն է ցուցմունք տվել, որ իբր իր որդին է գնել բնակարանը: Ուղղակի խնդիրն է այն է, որ տիկին Գալինան 70-անց կին է եւ ամեն անգամ դատական նիստերի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատանում է, սթրես է տանում: 2013թ-ին հայցվոր կողմը կադաստրում հարցում է կատարում, որտեղից տեղեկանք են տալիս, /գուցե թյուրիմացաբար ես դա չգիտեմ/ որ այդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սուսաննա, Սերյոժա, Սուրեն եւ Լուսիկ Անտոնյաններին: Բայց դեռեւս 2011թ-ին բնակարանը սեփականության իրավունքով կադաստրով ու նոտարով պատկանել է տիկին Գալինային: Սուսաննան դատարանում ցուցմունք տվեց, որ Արմենը օգտվելով առիթից իրեն առաջարկել է բնակարանը ձեւակերպել իր անունով, որի դիմաց իրեն կտա 2000 դոլար գումար, Սուսաննան հրաժարվել է»,-նշեց պաշտպան Արմեն Վարդանյանը, որի խոսքով` հայցվոր Արմեն Գրիգորյանը` տեսնելով, որ բնակարանը սեփականության իրավունքով Գալինա Գասպարյանին չի պատկանում, ցանկացել է օգտվել առիթից եւ այն ձեւակերպել իր անունով, որն էլ չի ստացվել եւ հայց է ներկայացրել դատարան:
Արմեն Վարդանյանը եւս մեկ ուշագրավ դրվագ է ներկայացնում դատական գործից: Հիմնվելով իր պաշտպանյալի ցուցմունքի եւ վկայությունների վրա, նա նշում է, որ Սեւանի Խաղաղության 2 հասցեի 25 բնակարանը Գալինա Գասպարյանը գնել է 2007թ-ին, վերանորոգում կատարել 2008թ-ին, իսկ 2009թ-ին Գասպարյան ամուսինները մեկնել են ՌԴ իրենց որդու մոտ` բնակարանի բանալին թողնելով իրենց ազգականի մոտ: Սակայն վերանորոգողներն իրենց ցուցմունքներում նշել են, որ վերանորոգում կատարել են 2009թ-ին:
«Ես, որպես Գալինայի շահերի պաշտպան, գրավոր հարցումներ եմ ուղարկել այդ մարդկանց, նրանցից մի քանիսը խուսափել են պատասխանել: Խնդիրն այն է, որ Գալինան 2009թ-ին բնակարանի դուռը փակել տվել է իր բարեկամուհուն եւ մեկնել Ռուսաստան` որդու մոտ: Մյուս հիմնավոր կասկածն այն է, որ ստացականի վրա գրված է 2008-ի նոյեմբեր, բայց Գալինան բնակարանը գնել եւ գումարը վճարել է 2007թ-ի նոյեմբեր ամսին: Դա պարզելու համար միջնորդություն կներկայացնենք դատարան, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն կատարվի: Տկն Գալինայի հարեւաններն էլ դատարանում ցուցմունք տվեցին, որ իրենք ճանաչում են Գալինային, որը Սուսաննա Անտոնյանից գնել է բնակարանը եւ ինքն է բնակարանի սեփականատերը»,-ասաց Գալինա Գասպարյանի պաշտպանը:
«Ես ոչ մեկին չեմ խաբել, իմ համար հանգիստ ապրում եմ: Արմենն ուզում է, որ իմ թոռը` իր քրոջ աղջիկը գրանցվի էս տան վրա, բայց հարսս 2 սենյականոց բնակարան ունի Ռուսաստանում, իրենք էնտեղի քաղաքացի են: Արմենն ասել է, որ եթե թողեմ իմ թոռը ստեղ գրանցվի, իրանք էլ կթողեն, որ ես ըստեղ ապրեմ, բայց ինքը ով է, որ թողի կամ չթողի: Էս տանը իմ որդին` Արայիկը պիտի ապրի: Կնոջից բաժանվելուց հետո աղջկաս` Գոհարի տանն է ապրում»,-արցունքները մաքրելով պատմեց տիկին Գալինան:
Ամուսիններն անվտանգության նկատառումներով իրենց բնակարանը կտակել են իրենց դստերը` Գայանե Գասպարյանին: Նրանց 4 երեխաներն էլ այժմ Ռուսաստանում են եւ ծնողներին իրենց մոտ են կանչում: Գալինայի ամուսինը` Միշան, ողնաշարի պատճառով հազիվ է քայլում, իսկ ինքը 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունի: Բայց դատական գործի պատճառով չեն կարողանում մեկնել:
Արփինե ՄԻՆԱՍՅԱՆ