Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոմում ապրող երեխաների համար կլոուններով պարում են, շոու են անում». բողոքում են բարեգործներից. (Տեսանյութ)

Ապրիլ 21,2015 17:22

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը բողոքում է, որ ներկայացված երեխաներին օգնելիս սուպերմարկետները շոու են անում, գնում են ծաղրածուներով պարացնում են, բայց 3 ամիս հետո այդ երեխան նորից սոված է մնում:

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության հարցերը:

Քննարկման ժամանակ մասնակիցները բարձրացրեցին բարեգործների ոչ նպատակային բարերարության հարցը: Ամեն տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը նույն մանկատներին օգնություն են տրամադրում, մոռանալով, ասենք, Լոռու մարզի մանկատան, սահմանամերձ բնակավայրերի՝ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանն ասաց, որ մարդկանց հոգիներում, զգայական դաշտում պետք է հեղափոխություն արվի: Պետք է ֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք երկրի սոցիալական զարգացմանը կնպաստեն: Սուր անկյունով Գիքորներին նայեք: Իհարկե, շատ վատ է, որ նախորդ հաղորդմանը հենց Գիքոր էլ ասեցին: Շատ տխուր էր թեման: Մենք ուզում ենք ամեն կիրակի Սուր անկյունով ներկայացված խնդիրներին անդրադարձ կատարենք: Արձագանքն այն է, որ սուպերմարկետները շոու են անում: Գոմում ապրող երեխաների համար կլոուններով պարում են, շոու են անում: Կյանքը փոխվո՞ւմ է: Մի քանի ամիս կուշտ կերան, լոբի, ձեթ տվեցին, բայց կրթության հարցը լուծվե՞լ է: Հեռուստաընկերությունը լավ է անում, շնորհակալ ենք, որ խնդիրները բարձրացնում է, այդ երեխաների տեղն իմանում ենք, բայց արձագանքը մենք չենք տեսնում:

ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն առաջարկեց, որ քննարկման արդյունքում մի համակարգված փաստաթուղթ ստեղծեն, պահանջները ձեւակերպեն մի քանի կետերով. «Այդ փաստաթուղթը ես առաջարկում եմ անվանել ՀՀ-ում երեխաների խնամքի եւ պաշտպանության ընտանեկենտրոն համակարգի ձեւավորման եւ զարգացման ռազմավարական ծրագիր եւ գործողությունների համապատասխան պլան: Բեռնաթափվում, վերակազմավորվում բառերից ես վախենում եմ, որովհետեւ ծրագիրը սկսվելու է եւ ավարտվի, օրինակ Զատիկ մանկատանը: Դա համակարգ չի, դա համակարգի մի օղակն է: Հայաստանում բոլոր երեխաները կարիք ունեն մանկապարտեզ հաճախել, դպրոց ունենալ, ցերեկային դպրոց հաճախել եւ այլն: Սա մեր այն լավ հիշողություններն են՝ Պիոներ պալատի, որտեղ երեխան կարողանում էր հաղորդակցվել: Պիտի թիրախը որոշենք սոցիալական պաշտպանության, թե ում է դա ուղղված: Մարդիկ կան, որ երբեք որեւէ դուռ չեն գնում, նամուսի համար: Նրանք, ովքեր չեն դիմում, մնում են ստվերում: Պարտադիր սոցիալական ծառայությունների ցանկ պետք է ավելացնել, որը կօգնի ժամանակին տեսնել, թե որտեղ կա պրոբլեմ, պուլսը բռնել»:

Միրա Անտոնյանը նաեւ դժգոհեց, որ մանկատան երեխաների որդեգրման պրոցեդուրան շատ բարդ է. «Որդեգիր ծնող չգիտեմ, որ չբողոքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930