Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը պատրաստ է Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Ապրիլ 21,2015 17:15

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝  ապրիլի 23-ին և 24-ին կայանալիք հիմնական միջոցառումների անցկացման մանրամասները։ Հիշատակի միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը նույնպես ձևավորել է իր հանձնաժողովը՝ մասնավորապես մայրաքաղաքի միջոցառումների կազմակերպման, անցկացման համար։ Քաղաքապետարանը սպասարկելու է նաև պետական հանձնաժողովի ծրագրերը։

Բացի միջոցառումների անցկացման սպասարկումը, քաղաքապետարանը իրականացրել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ու հուշարձանների հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում 21 ցայտաղբյուր է  կառուցվել, տարածքը կահավորվել է նստարաններով, անցկացվել է լուսավորության նոր ցանց՝ նոր լուսատուներով, Ծիծեռնակաբերդի ամբողջ ճեմուղին կահավորվել է ձայնային սարքավորումներով։

Ապրիլի 23-ի ու 24-ի բոլոր գլխավոր միջոցառումները ուղիղ հեռարձակվելու են ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև Հանրապետության հրապարակում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված տեսաէկրաններին։

Ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին սկսվող System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի համերգից առաջ Հանրապետության հրապարակում տեղադրված էկրաններին Էջմիածնի Մայր տաճարից ուղիղ հեռարձակվելու է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի սրբադասման արարողությունը։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչող երաժշտությունը կլինի կենդանի կատարմամբ և կհեռարձակվի ճեմուղու ողջ երկայնքով։

«Ապրիլի 24-ին առավոտյան մեկնարկող արարողակարգային միջոցառումից հետո՝ ժամը 13։00-ից Կիևյան փողոցի կողմից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին բաց կլինի բոլոր քաղաքացիների համար։ Երթին զուգահեռ տեղի կունենան  օրվա խորհրդով մշակութային միջոցառումներ. 4 հարթակներում կենդանի կատարումնեով մեր երկրի լավագույն մենակատարները, խմբերն ու համույթները հանդես  կգան թեմատիկ ինչպես դասական, այնպես էլ նոր ստեղծագործություններով։ Այս կատարումները նույնպես ուղիղ կհեռարձակվեն ամբողջ ճեմուղով»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։

Խստագույնս բացառվելու է բացօթյա առևտուրը Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղում և մուտքի մոտ։

«Բացօթյա առևտուրը օրենքով արգելված է և այս առումով կանոնակարգված կլինի. միայն ծաղկավաճառներին է վաճառքի թույլատվություն տրված Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկի հատվածում, ստորգետնյա անցումում, ինչպես նաև Բարեկամություն հրապարակից մինչև Օրբելի փողոցի խաչմերուկ։ Կան կազմակերպություններ, որոնք նախաձեռնել են ծաղիկներն անվճար բաժանել. նրանք ևս թույլտվություն ունեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած քաղաքացիներին դպրոցականները նվիրելու են Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների պատրաստած Անմոռուկները, որոնցից 400.000-ը, ի դեպ, պատրաստել են Երևանի աշակերտները։

Ապրիլի 24-ին՝ ժամը 20։15-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկելու է «Վերածնունդ» խորագրով մշակութային միջոցառումը, որը բաղկացած է 4 ենթախորագրերից՝ «Երախտագիտություն», «Հիշողություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ»: «Հիշողություն» հատվածում վավերագրական բացառիկ կադրեր են ցուցադրվելու։

«Տեսաշարերով  կցուցադրվեն բացառիկ տեսանյութեր, որոնք տարբեր երկրներից նոր են բերվել Հայաստան։  Նույնիսկ մտածում էինք՝ արժե՞ այդ դաժան տեսարանները ներկայացնել։ Այնուամենայնիվ կարևորում ենք դրանց ցուցադրումը»,- նշել է քաղաքապետի տեղակալ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ռեժիսոր Արամ Սուքիասյանը։

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01։00-ն՝ այդ երկու օրերին բազմահազարանոց համերգների, ինչպես նաև ապրիլի 24-ին Ջահերով երթի մասնակից քաղաքացիների տեղաշարժը ապահովելու նպատակով։ Բացի այդ, ապրիլի 24-ին՝ ժամը 13։00-ից Բրազիլիայի հրապարակից ավտոբուսների երթուղիներ կգործեն դեպի Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ և Բարեկամություն կայարաններ։

Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ այս օրերին, բացի պետական մեծաթիվ պատվիրակություններից, Երևան են ժամանելու նաև Երևանի գործընկեր քաղաքների, մասնավորապես Ամանի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները՝ բավական մեծ կազմով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930