21 ապրիլի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախաձեռնությամբ այսօր ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գիտության ու մտավորականության ճանաչված գործիչներ, հասարակության ներկայացուցիչներ, ընթերցողներ եւ լրագրողներ:
Շնորհանդեսը բացեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Նա մասնավորապես ասաց. «Հայաստանի առաջին Հանրապետության պատմությամբ հիմնավորապես զբաղվել է Ռիչարդ Հովհաննիսյանը՝ օգտագործելով աղբյուրագիտական ու պահոցային հարուստ նյութ եւ հանրության դատին ներկայացնելով ժամանակաշրջանի ամբողջական ու անաչառ պատկերը»,- նշեց ակադեմիկոսը:
Երկրորդ հատորի գիտաճանաչողական արժանիքները վերհանեց ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Ռիչարդ Հովհաննիսյանը մեր սեղանին դրեց խորհրդային մոտեցումներից ու կաղապարներից զերծ զտարյուն պատմություն: «Եթե առաջին հատորը պատկերում էր ողբի, որբի ու գաղթականության ծանր ժամանակների պատմությունը, ապա երկրորդում արդեն ընդգրկված է առաջին Հանրապետության վերելքի շրջանը, երբ երկիրը հետզհետե շտկում է մեջքը, եւ Ցեղասպանությունից հետո փյունիկի պես մոխիրներից հառնող ժողովուրդը լծվում է պետականաստեղծման գործին»,- ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Այնուհետեւ գրքի, ինչպես նաեւ հեղինակի կատարած շնորհակալ աշխատանքի մասին բարձր գնահատանք ու սրտի խոսք հղեցին Ռիչարդ Հովհաննիսյանի նախկին ուսանող, պատմագիտության դոկտոր, ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանը, ակադեմիկոսի որդին՝ պետական, հասարակական-քաղաքական հայտնի գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, գրականագետ, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, «Սուրբ Սանդուխտ» կազմակերպության նախագահ Արտեմիս Լեփեջյանը, պատմաբան Գայանե Մախմուրյանը, ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, երիտասարդ միջազգայնագետ Արմինե Մուրադյանը եւ ուրիշներ:
Վերջում ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանն երախտագիտության խոսք ուղղեց ՌԱՀՀԿ-ին եւ ՀՀ ԳԱԱ-ին՝ շնորհանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են գրքի թարգմանությանն ու հրատարակությանը:
Մամուլի հաղորդագրություն