Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից Թուրքիան կորցնելու բան ունի». սոցիոլոգ  

Ապրիլ 21,2015 17:09

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հարցումները սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սրտով չէին:

Նա այսօր հարցումների արդյունքների ներկայացումից հետո կազմակերպիչներին հարց ուղղեց, թե օրինակ՝ ինչու իրենց հարցումներում չէին ընդգրկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը` Թուրքիայում օրինական և ապօրինի բնակություն հաստատած հայերի մասին. «Այս պահին իմ երկրում քաղաքացիություն ունեցող կամ չունեցող 100.000 հայ կա: Մի՞թե մեր կողմից եղել է բացասական վերաբերմունք մեր հայ քաղաքացիների նկատմամբ: Մենք կարող ենք նրանց արտաքսել, բայց չենք արել դա»:

Նրան չբավարարեց իր հարցի պատասխանը ու դեռ հետազոտման արդյունքների ներկայացումը չավարտված հեռացավ:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, հարցումները արտացոլո՞ւմ էին հայ իրականության ամբողջական վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Հասարակության դերն այստեղ բավականին ցածր է, որովհետեւ նման հարաբերություններում դերակատարություն չունի: Թե ինչ է մտածում Արմավիրի բնակիչը, տատին, նշանակություն չունի, կարեւորը փորձագիտական խմբերն են, որոնք որոշումներն են կայացնում կամ իրականացնում: Օրինակ` բիզնեսմենները կամ նրանք, որոնք հանգստանում են թուրքական կուրորտներում կամ գործընկերներ ունեն այնտեղ, որովհետեւ նրանք են իրականացնում այդ հարաբերությունները: Եվ ամենակարեւորը պետք է որոշել, թե վերնախավն ինչպես է տեսնում ու ինչ է մտածում այդ հարցի վերաբերյալ, բացի այն հայտարարություններից, որոնք անում են եւ որքանով են գիտակցում հանրության կարծիքը, որի անունից խոսում են»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա, այս հարցումներն ընդամենը տեղեկացնում են, թե բնակչությունը ինչ պատկերացումներ ունի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Է հետո ինչ, այ հետո ինչի խնդիրն է գալիս»:

Ըստ նրա, հանրային կարծիքով փորձ է արվում նաեւ ճնշել կառավարությանը. «Այսինքն, կառավարությունը չգնա զիջման, որովհետեւ հանրությունը դեմ է»:

Մեր հարցին, թե հայաստանցիների մեծամասնությունը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը, դա ինչպե՞ս կազդի իշխանության քայլերի վրա, ասաց. «Մենք կողմ ենք, որովհետեւ կորցնելու բան չունենք, միայն ստանալու բաներ ունենք, դրա համար մեր վերաբերմունքը միշտ դրական է: Ղարաբաղի դեպքում էլ մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը, որովհետեւ Ղարաբաղը մերն է, եթե պատերազմ չլինի թող մի երեք դար խաղաղ կարգավորումը շարունակվի: Իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց կորցնելու բան ունի, չեմ ասում հեղինակությունը կկորցնի միջազգային հանրությունում` որպես առաջին ցեղասպանություն իրականացրած ազգ, բայց օրինակ Վատիկանից ֆինանսական, տարածքային կորուստներ ունի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930