ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում փաստաթուղթ են պատրաստելու՝ մանկատան երեխաների սոցիալական պաշտպանության համար:
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության հարցերը:
«Մեր տունը» հ/կ նախագահ Տիգրանուհի Կարապետյանի խոսքերով՝ «Արդեն 8 տարի է՝ մանկատան երեխաների հետ ենք աշխատում: Ուղղորդում են, ասում են՝ մանկատան շրջանավարտները գնան իրար հետ խմբով ապրեն: Ես դա ճիշտ չեմ գտնում: Այդպես նրանց ասում ես՝ դու ցածր խավ ես: Մենք ամուսնացնում ենք մանկատան շրջանավարտներին: Ամուսնությունները մեզ մոտ լավ են ստացվում, բայց միակ խնդիրը աշխատանքն է: Չունեն աշխատանք: Մեր գործատուների, տարբեր բիզնեսմենների հետ կարելի է պայմանագիր կնքել, «ՎիվաՍելի» կամ այլ ընկերության, որ մանկատան շրջանավարտներին տան աշխատանք: Նա պետք է զգա, որ օգտակար է պետության համար, ինքն իր համար»:
Կարդացեք նաև
ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն էլ ասաց. «Բարերարներն ուզում են անպայման կարմիր, սպիտակ բանտիկներով երեխեք տեսնեն, թռվռան, լավ արդյունքներ: Պիտի ընդունենք իրականությունը, որ այս երեխաները գալիս են վնասված մանկությունից, գալիս են խաթարված մանկությամբ: Չպետք է լավ ու վատ երեխա ֆիլտրենք, մինչդեռ այդպես են անում բարերարները»:
«Առավոտ» բարեգործական հ/կ նախագահ Մարգարիտա Շահվերդյանի դիտարկմամբ, երեխան իր ներսում չգիտի, ինքը ո՞ւմ է պատկանում: Դա մանկատան երեխայի խնդիրներից մեկն է. «Բավականին դեպքեր կան, երբ ուղղորդել են երեխային մանկատուն, որովհետեւ երեխան ոչ թե ընտանիքինը չի, այլեւ փողոցինն էլ չի: Բայց հո ամբողջ կյանքում մանկատանը չե՞ն ապրելու: Ես առաջին անգամ որ մտա Գավառի մանկատուն, մի երեխա եկավ փաթաթվեց ոտքերիս, թե վա՜յ, մամաս եկել է: Երեխան ամեն մի աշխատողի մոտ տեսնում է իր մորը: Երեխան ուզում է պատկանի մեկին, այդ պատկանելությունը չկա: Երեխան չի իմանում՝ ում թեւից գնա բռնի ու ասի՝ դու իմ մաման ես: Ինքը զգում է, որ ինքը ոչ մեկինն է»:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասաց, որ շուտով պետք է մի համապարփակ փաստաթուղթ պատրաստեն, որտեղ ներառված կլինեն մանկատան սաների բոլոր խնդիրները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ