103 տարեկան Սիլվարդ Աթաջյանը վառ հիշողություններ ունի, թե ինչպես ֆրանսիացի զինվորները փրկեցին իրեն, քրոջը եւ ծնողներին՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությունից: Սկզբում նա Արեւմտյան Հայաստանից փախել է Եգիպտոս եւ, ի վերջո, եկել Երեւան, որտեղ նա եւ տասնյակ հազարավոր մարդիկ նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
«Reuters» գործակալության փոխանցմամբ՝ Աթաջյանի համար սա իր մորաքրոջը, քեռիին եւ զարմիկներին հիշելու ժամանակ է լինելու, թեեւ նա չի ուզում տրվել տխուր հիշողություններին. «Ես չեմ ուզում վատ հիշողությունների մասին խոսել, թեեւ ես թաղել եմ իմ ծնողներին, իմ 6 քույրերին եւ եղբայրներին եւ ամուսնուս»,- ասում է Սիլվարդ Աթաջյանը, որը վերջերս է 103 տարեկան դարձել:
Արցունքոտ աչքերով նա ասում է, որ այժմ ուզում է կենտրոնանալ ապագայի, թոռների եւ մեծ թոռների վրա, այլ ոչ թե խորասուզվել տարիներ տեւող բանավեճի մեջ: «Վերջապես ես շատ ուրախ մարդ եմ, քանի որ 4 երեխա ունեմ, 7 թոռ եւ 12 մեծ թոռ»,- նշել է նա եւ հավելել, որ այժմ իր որդու հետ ապրում է Երեւանում, իսկ նրա թոռները եւ մեծ թոռները կողքի տանն են ապրում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ