Անկարան, Վաշինգթոնը, Լոնդոնը «ցեղասպանություն» բառը չօգտագործելու դիրքորոշում ունեն: Այս կարծիքին է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Մեր հարցին, թե հույս չկա՞, որ այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կասի «ցեղասպանություն» բառը, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, սակայն կարող եմ ասել` ամոթ իրեն` նախագահ Օբամային, դա իր ամոթն է, մերը` չէ»:
Մեր հարցին, թե կա՞ն նախադրյալներ, որ Թուրքիան կարող է զիջումների գնալ, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց.«Դա «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»–ի հարց է. թե երբ Թուրքիայի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Իսկ թե ե՞րբ, նա ասաց` այդ հարցը պետք է փնտրել Թուրքիայի քաղաքականությունում. «Միջազգային ճնշումը Անկարայի վրա այս միջոցառումների արդյունքում կարծում եմ, որ կուժեղանա»:
Անդրադառնալով Թուրքիայում նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին, ասաց. «Դա մեծացրեց ուշադրությունը Հայոց ցեղասպանության ապրիլի 24-ի իրադարձությունների, 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների նկատմամբ և թուլացրեց Գալիպոլիի նկատմամբ ուշադրությունը: Միջազգային առաջատար քաղաքական գործիչներն ավելի շուտ հակվեցին Հայաստան գալուն, քան Թուրքիա մեկնելուն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե հայ-թուրքական հարաբերություններում ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել, ասաց. «Բեռը, պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի վրա, այդ հարցը իրոք Թուրքիայի հարցն է, ոչ թե Հայաստանի: Ամեն դեպքում միայն հունիսի 7-ին Թուրքիայի ընտրություններից հետո կարելի կլինի ինչ-որ բան սպասել, սակայն «գործը, գնդակը» ամբողջությամբ Թուրքիայի կողմն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ