Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ քվեարկություն ԱԺ հանձնաժողովի նիստում. Միրումյանը խուճապի մեջ էր

Ապրիլ 21,2015 13:10

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ուշագրավ քվեարկություն եղավ: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի փոխարեն նիստը վարում էր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նիստում էլ քննարկվում էր հենց իր հեղինակած օրենքի նախագիծը: Այն բացասական եզրակացություն էր ստացել կառավարության կողմից, սակայն այնպես ստացվեց, որ հանձնաժողովի նիստում միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ եւ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Միքայել Մելքումյանն առաջարկեց փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» օրենքներում եւ պարզություն մտցնել տնտեսվարողների համար:

Գործող օրենքի համաձայն,  առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կարող են համարվել շրջանառության հարկ վճարող, եթե մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնեն համապատասխան հայտարարություն: Իսկ այն հարկ վճարողները, որոնք մինչեւ հաշվետու տարվա փետրվարի 20-ը չեն ներկայացրել համապատասխան հայտարարություն շրջանառության հարկ վճարող մասին, փետրվարի 20-ից հետո գործունեությունը վերսկսելու դեպքում պետք է հարկվեն հարկման ընդհանուր դաշտում:

Միքայել Մելքումյանն առաջարկում է, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար էլ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հավասար պայմաններ լինեն:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը բացատրեց, որ գործող օրենքով, իր գործունեությունը դադարեցրած, բայց վերսկսելու ցանկություն ունեցող տնտեսվարողը պետք է կառավարության ներկայացրած ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում հարկային մարմիններին ներկայացնի հայտարարություն, թե որ հարկային դաշտում է ցանկանում աշխատել:

Ըստ Միքայել Մելքումյանի, տնտեսվարողը կարող է ծանուցումը ստանալու պահին երկրից բացակայում է եւ չի հասցնում կառավարությանը զգուշացնի, ինչի՞ նրան զրկել այդ հնարավորությունից:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ կառավարությունը դեմ է դրան, տնտեսվարողը պետք է անպայման զգուշացնի, անգամ եթե տնտեսվարողը ծանուցումը ստանալու պահին բացակայել է երկրից, նա կրկին պիտի տեղեկացնի, թե որ օրենքի դաշտում է ինքը ուզում աշխատել: Դա օրենքի պահանջ է:

Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր իր գործընկերների կարծիքն իր հեղինակած օրինագծի մասին: Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ կառավարության անդամները գեղեցիկ խոսում են, բայց երբ զրուցում է տնտեսվարողների հետ, լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ պատկեր: Վախթանգ Միրումյանը չհամաձայնեց: Ըստ նրա, ծանուցման հարցերը հստակ են:

Միքայել Մելքումյանն անընդհատ դիմում էր պատգամավորներին ու հորդորում կարծիք հայտնել: Գարեգին Նուշիկյանը կողմնորոշված չէր: Նրա խոսքերով՝ «Եթե բողոքներ չկան, կարելի է ընդունել, բայց կարելի է նաեւ չընդունել»: Հանձնաժողովի անդամները ծիծաղեցին:

Այնուամենայնիվ, Նուշիկյանը կողմ քվեարկեց: Իսկ նիստից հետո Վախթանգ Միրումյանը խուճապի մեջ էր: Ինչպե՞ս կարող էր կառավարության կողմից բացասական եզրակացություն ստացած օրինագիծը ԱԺ-ում միաձայն դրական եզրակացություն ստանար՝ Վարդան Այվազյանի բացակայության պայմաններում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930