«Արտույտների ագարակը» ֆիլմը դիտելուց հետո չէի կարող ինքս ինձ չհարցնել՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է ստեղծվել այս ֆիլմը, որը մեզանում ընդունվեց բավականին լավ, դրական գնահատվեց Հայոց ցեղասպանությունը աշխարհին ներկայացնելու իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների ազնիվ մղումը: Բնականաբար, մենք՝ հայկական հարցի լուծմանը հետամուտ և Ցեղասպանության ճանաչմանն ու ընդունմանը նպաստող ամեն «միջոցառում» առաջընթաց համարող հայերս, պետք է, որ խանդավառվեինք իտալացի ռեժիսորների այս «նախաձեռնությամբ», և այդպես էլ արեցինք: Երախտագետ մեր ազգի համար ամոթ կլիներ հավուր պատշաճի չգնահատել օտարերկրացի արվեստագետների՝ մեզ «մատուցած ծառայությունը», առավել ևս քննադատական ինչ-որ խոսք ասել: Այնուհանդերձ, կինոնկարը տհաճ խոհերի տեղիք տվեց, որոնց մասին չեմ կարող լռել:
Նախ, ամեն ինչից դատելով, ֆիլմի հեղինակները նկարահանումներին չէին ընդգրկել հայկական կողմից համապատասխան խորհրդատուների: Եթե նույնիսկ եղել էր նման մեկը, ապա բավականին անհաջող ընտրություն էր դա, այլապես ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ թեպետ ներկայացված էին հայոց ցեղասպանության դաժան ու սարսափելի դրվագները, այնուհանդերձ աղավաղված ու տիպական չէին և հայ կնոջ(այս դեպքում հերոսուհու՝ Նունե Ավագյանի), և թուրք հերոսների կերպարները: Նախ՝ ֆիլմի հեղինակները ընդհանրապես պատկերացում անգամ չունեին հայ կնոջ հոգեբանության ու մեր ազգային նկարագրի մասին: Հնարավո՞ր եք համարում այն, որը հոր մահվանից վայրկյաններ անց հայուհին, այն էլ 20-րդ դարասկզբի, խոստովանի սպասուհուն, որ «ինքն այնքան էլ բարի չէ, քանի որ հենց նոր աղոթում էր ոչ թե հոր հոգու հանգստության համար, այլ այն բանի համար, որ վաղը տեսնելու է նրան»: Նա-ն թուրք սպա էր, որին սիրահարված էր հայուհի Նունիկ Ավագյանը: Չե՞ք կարծում, որ գերժամանակակից ֆիլմերում նման իրավիճակներում անգամ հերոսը ավելի ճիշտ վարք ու բարոյականություն կցուցաբերեր՝ ուշադրությունը սևեռելով հենց նոր մահացած հոր ու իր վշտի վրա: Հայ կնոջ կերպարի, բարոյական նկարագրի խեղաթյուրում է նաև այն, որ սույն Նունիկը հոր դագաղի վրայով ծիկրակում է իր սիրեցյալին, նրա աչքերում զուսպ հրճվանք է հայտնվում, երբ նրանց հայացքները խաչվում են իրար: Ակնհայտ է, որ օրիորդին բնավ չի հուզում հոր մահը, ավելին, դա (մեղա, մեղա) հարմար առիթ էր սիրելիին հանդիպելու համար: Համենայնդեպս, այդ տեսարանից ստացած հիմնական տպավորությունն այդ էր:
Չենք բացառում, որ եղել են ու կան այդպիսի կանայք, բայց եթե ֆիլմ ես ստեղծում, որը ունի ասելիք ամբողջ աշխարհին, այն էլ այդպիսի ասելիք, ապա այն պետք է տեղ հասցնել գաղափարակիր հերոսների միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ամենայն բծախնդրությամբ կերտել յուրաքանչյուր կերպար, ստեղծել տիպական հերոսներ ու տիպական իրավիճակներ, մշակել յուրաքանչյուր դրվագ, բառ, արտահայտություն և բացառությունները (թեթևամիտ հայուհի, ռոմանտիկ ու մարդկային թուրքեր) չներկայացնել որպես օրինաչափություններ, ինչն արված է ֆիլմում: Այս ամենը դիտողի մոտ ստեղծում է թյուր պատկերացում ու տեսակետ և հայ կնոջ, և թուրք մարդասպանների վերաբերյալ, որոնցից շատերն այստեղ ներկայացված են զարմանալի մարդասեր, հայասեր, ռոմանտիկ, ազնիվ մղումներով, ինչի պատճառով էլ ավելի շատ հանդիսատեսի մեջ կարող են համակրանք առաջացնել և առաջացնում են: Եվ ընդհանրապես, ֆիլմի առանցքային թուրք հերոսները հիմնականում դրական կերպարներ են: Այսինքն, ակնհայտ է ֆիլմի հեղինակների` թուրքերից բարոյական կերպարներ կերտելու միտումը՝ անկախ այդ կերպարներին հատուկ որոշ հակասականության: (Այստեղ էլ, հավանաբար, սցենարիստը չի «ձգել»): Այսպես, Նունիկի սիրելին՝ թուրք սպան, որը նաև անչափ հմայիչ է, ռոմանտիկ, երազկոտ կապույտ աչքերով (չէ՞ որ հերոսի արտաքին բարեմասնությունները, անկախ քեզանից, դրական են տրամադրում նրա նկատմամբ), հանդիսատեսին է ներկայանում որպես հայասեր մեկը, որի համար անընդունելի են իր ցեղակիցների հակահայկական տրամադրություններն ու կոչերը: Նա զայրացած լքում է դահլիճը, որտեղ հավաքված իր զինակից ընկերները նյութում են հայերի դեմ ոճիրը: Նա, իբր, փորձում է փրկել սիրած աղջկան, տանել նրան արտասահման. «Ես պիտի փրկեմ քեզ, չեմ ուզում, որ տառապես»,-ասում է նա Նունիկին: Տարօրինակ է, որ տագնապալի այս խոսքերը հերոսուհուն մտածելու տեղիք չեն տալիս: Նա պարզապես հարցնում է՝ ինչի՞ց փրկել, և անմիջապես հանդարտվում Էգոյի պատասխանից ու պատրաստվում փախուստի: Երբ այդ մասին իմանում է թուրք գեներալը, որը Էգոյի հոր ընկերն էր, փորձում է ետ պահել նրան հիմար քայլից և առաջարկում երկու տարբերակ՝ կամ նրան կաստիճանազրկի և նա պահակախմբի կազմում որպես «շարքային զինվոր հնարավորություն կունենա ուղեկցել սիրած աղջկան դեպի անապատները և օգնել նրան», կամ նոր նշանակմամբ Էգոն կմեկնի ռազմաճակատ: Մեկ անգամ ևս պատկերացրեք թուրք գեներալի մարդասիրությունը, որը հայուհուն օգնելու հնարավորություն է տալիս: Առավել անհեթեթ է թուրք «Ռոմեոյի» քայլը՝ նա վերցնում է նոր հրամանն ու մեկնում ռազմաճակատ, ինչը կնշանակի՝ ավելի լավ է մեռնեմ, քան տեսնեմ սիրածս կնոջ ստորացումներն ու տանջանքները: Եվ սա հանդիսատեսն ընկալում է որպես մեծահոգության ու մարդասիրության, նաև հայասիրության դրսևորում:
Մի այլ բան է թուրք գեներալի կնոջ կերպարը, որը, երբ լսում է հայերի դեմ պատրաստվող ոճրագործության մասին, քիչ է մնում ուշաթափվի վշտից: Կարելի է մտածել, որ նա մարմնավորում է թուրք ժողովրդի խիղճն ու սերը հայ ժողովրդի նկատմամբ, և հենց դա է թուրքի իրական նկարագիրը: Թեպետ պետք է նշել, որ այս կերպարը բավականին անկատար ու անհամոզիչ է, ինչպես ֆիլմի շատ այլ կերպարներ: Այսպես, խոր վիշտը զսպելով, նա հայտնվում է Ավագյանների տանը, մասնակցում հյուրընկալությանը, սակայն կեսից հույզերը նրան տապալում են (հիշում է սպասվող ջարդերի մասին) և գրեթե ուշաթափվում է: Ու հենց այստեղ էլ թրքությունը բռնում է՝ աչքը տնկելով Ավագյանների շքեղ հայելուն: Սակայն մինչ այդ նա այնքան էր «տառապել» հանուն հայության, որ հանդիսատեսը հայելին սեփականելու նրա ցանկությունը կարող է ընկալել որպես կանացի քմահաճույք, գեղեցիկ իրը ունենալու պարզ ցանկություն: Եվ ոչ երբեք հայի ունեցվածքի նկատմամբ թուրքերի արյան մեջ մայրական կաթի հետ ներարկված նախանձ ու չարակամություն, ինչն էլ որ է իրականում:
Կինոնկարի առանցքային թուրք հերոսներից է Նազիմը՝ Ավագյանների ընտանիքի վաղեմի ծառան, որն էլ, վերջիվերջո, կարող է հավակնել Օսկարի՝ «Թուրքի խիղճ» անվանակարգում: Կինոնկարի սկզբում նա մի փոքր մեղանչում է, բայց…մի փոքր՝ թուրք բարձրաստիճան սպային հայտնելով Նունիկի և Էգոյի մոտալուտ փախուստի մասին: Թուրք գեներալի հանդիմանանքը հիշո՞ւմ եք՝ Նազիմ, դու տականք ես, այդ ընտանիքը միշտ քեզ ապաստան է տվել, կերակրել է: Պատկերացնու՞մ եք նման բարձր բարոյականություն թուրքի մեջ, հատկապես երբ վերջինս պահանջում է պահպանել բարոյականության ու մարդասիրության նորմերը հայերի հետ առնչվելիս: Սակայն հետագայում այդ «մոլորված գառը» «դարձի է գալիս», անապատներում թափառելով փնտրում-գտնում է իր նախկին տերերին, այնուհետև կազմակերպում նրանց փախուստը անապատից՝ փրկելով սպանդից: Բնավ չենք բացառում նման թուրքերի գոյությունն այդ ընթացքում և առհասարակ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, խախտված է տիպականության սկզբունքը և, «մարդկային» թուրք հերոսներ «ներմուծելով» կինոնկար, ֆիլմի հեղինակներն այն տպավորությունն են ստեղծում, որ ցեղասպանությունն իրականացրել են մի խումբ տականքներ (դե, ո՞ր ազգը չունի), իսկ ընդհանուր առմամբ հայ և թուրք ժողովուրդներն իրար հետ շղթայված են հավերժական սիրով: Այնինչ, հակառակը մտածելու առիթներ թուրքերն անընդհատ են տալիս. հիշենք Գուրգեն Մարգարյանի եղերական մահը:
Մինչ մեկ այլ թուրքի կերպարի անդրադառնալը դառնանք ֆիլմի հերոսուհուն: Արդեն անապատում մի կտոր հացի համար նա գնում է թուրք զինվորի վրանը, մերկանում և փորձում տրվել նրան: Մեզ համար, մեր պատկերացումներում հայ կինը բարոյականության, մաքրության մարմնավորում է: Պատմությունը փաստում է, որ հազարավոր հայ կանայք են ժայռերից ցած նետվել՝ թուրք բռնաբարողների ձեռքը չընկնելու համար, իսկ մեր հերոսուհին կամավոր, կանացի հմայքները ցուցադրելով փորձում է մի կտոր հացի համար տրվել թուրքին: Ցնցող է թուրք զինվորի բարոյականության աստիճանը. նա չի օգտվում հայ կնոջ վիճակից (դուք քանի՞ անգամ եք նման թուրքի տեսել), անմիջապես ծածկում է նրա մերկությունը և ասում. «Ես իմ պաշտոնակիցների նման չեմ, ես կանանց չեմ դիպչում», և իր հացը նրան է տալիս՝ հոգին բացելով. «Ես չէի ուզում այստեղ լինել…ուզում էի ռազմաճակատ գնալ և կռվել հանուն մեր Թուրքիայի»: Հանդիսատեսին կաշառում-գրավում է նրա մաքրամաքուր, վսեմ կերպարը, նրա կարեկցանքով լի հորդորը՝ կեր, քաղցած կլինես: Ապա օգնում է հագնվել: Եվ նրա կերպարը դրամատիկ-ողբերգական է: Նույնիսկ այդ պահին ավելի շատ նրան ես խղճում, որ իր կամքից ու համոզմունքներից անկախ հայտնվել է այդտեղ, որ ականատես է լինում արյունոտ սպանդին: Փաստորեն, մորթվողը հայ ժողովուրդն էր, ֆիլմի հեղինակները թուրք զինվորից են կիսաողբերգական կերպար ստեղծել: Ստացված տպավորությունն ամբողջական է դարձնում նաև դերասանի ճիշտ ընտրությունը՝ հմայիչ, առինքնող, խոր ու վշտոտ հայացքը, նաև հաջող խաղը: Դուք երբևէ հանդիպե՞լ եք նման թուրքի: Ու թվում է՝ վերոնշյալ դրվագով կվերջանար հայ կնոջ կերպարի խեղաթյուրումը: Բայց ոչ: Երախտագիտությունի՞ց, թե՞ հեռատեսությունից դրդված՝ Նունիկն ամեն դեպքում տրվում է նրան՝ ասելով՝ քանի դեռ նրանցից մեկն ինձ ուժով չի տիրացել, ուզում եմ դու լինես առաջինը: Հայուհու նման տիպի շա՞տ եք հանդիպել: Եվ հետո սկսվում է մի յուրահատուկ «սիրավեպ» թուրք զինվորի և արյունոտ անապատներով քայլող, ամեն ակնթարթ իր մերձավորների մահն ու ստորացումը տեսնող հայուհու միջև: Հայուհի, որը չի խորշում տրվել մի թուրքի, որի ցեղակիցները մորթում են իր ժողովրդին (սկեսրոջդ հետ լեզվակռիվ ես տալիս, ամուսնուդ երեսին նայել չես ուզում): Իհարկե, վերջում Նունիկը բանաստեղծական ձևով է ներկայացնում իր կապն ու այդ հարաբերությունները՝ ասելով՝ ես քեզ տվել եմ իմ գգվանքները:
Ֆիլմի նախավերջին դրվագը ցնցողն է. որպեսզի «սիրած կինը» չտառապի, թուրք ասկյարը սպանում է նրան: Մի քանի տարի անց դատարանում դատավորի հարցին՝ մտադի՞ր եք մեղադրել կոնկրետ որևէ մեկին, նա պատասխանում է. «Առաջին հերթին՝ ինձ: Ես սպանել եմ Նունիկ անունով մի աղջկա: Ես սիրում էի նրան»: Ու կարելի է մտածել, թե Հայոց ցեղասպանությունը թուրքերն իրագործել են հայերի սիրուց դրդված: Ֆիլմի վերջին դրվագը կարծես հատուկ է մտածված, որպեսզի թուրք զինվորը, որին հանդիսատեսն արդեն հասցրել էր համակրել, ներկայանա իր ողջ վեհությամբ՝ նաև դրանով ամրապնդելով կինոնկարի ամբողջ ընթացքում հենց այդ հերոսների շնորհիվ թուրքերի նկատմամբ ձևավորված դրական վերաբերմունքը:
Այս նյութը պատրաստելիս բազմաթիվ մարդկանց կարծիքներ հարցրեցի ֆիլմի մասին: Բոլորն էլ խիստ տպավորված էին հատկապես դաժան տեսարաններով: Նրանց կարծիքով՝ կինոնկարում ամբողջությամբ արտացոլված է Հայոց եղեռնը: Սա, իհարկե, անժխտելի է: Թերևս հենց դա է պատճառը, որ սևեռվելով նման տեսարանների վրա և կարևորելով հատկապես դրանք՝ որպես Ցեղասպանության իրական ապացույց, մեր հանդիսատեսը կարծես չի կենտրոնանում գաղափարական շեշտադրումների վրա, որոնք այս պարագայում չափազանց վիճելի, նույնիսկ անընդունելի են: Մեր անցկացրած հարցումներից այն եզրակացությանը հանգեցինք, որ կինոնկարը ինչ-որ չափով կոտրել է թուրքերի նկատմամբ ձևավորված կարծրատիպը նույնիսկ մեր ազգի ներսում: Դրան նպաստել են, ինչպես վերը նշեցինք, առանցքային թուրք հերոսների կերպարները: Սա այն դեպքում, երբ մենք գիտենք Ցեղասպանության և թուրքերի իրական նկարագիրը, վերջիններիս իսկական դեմքը: Իսկ ի՞նչ ազդեցություն կթողնի կինոնկարը դրսի հանդիսատեսի վրա, և որքանո՞վ ճիշտ դիրքորոշում ու վերաբերմունք կձևավորի Հայոց ցեղասպանության և մեր ազգային նկարագրի վերաբերյալ ընդհանրապես:
Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն եմ հեղինակի որոշ տեսակետների հետ բայց քննադատելուց առաջ հրավիրեու եմ կարդալ համանուն վեպը որն ի դեպ գրվել է ցեղասպանությունից փրկվածների սերնդի կողմից նրանց իսկ պատմվածքների հիման վրա:
Իսկ ինչ վերաբերում է ֆիլմին նշեմ որ դերասանները պրոֆեսիոնալներ չեն:
Կարծում էի միայն ես եմ այդպիսի տպավորություն ստացել ֆիլմը դիտելիս, ինքս էլ ինձ մեղադրում էի , թե ոչինչ չեմ հավանում: Քանի դեռ ցեղասպանության թեման միայն ասոցացվում է մարդ սպանելու , կամ դաժանաբար սպանելու հետ , ապա ֆիլմը ընդահամենը թրիլերի ժանր է դառնում: Այո , երեւում է խորհրդականի շատ մեծ պակաս կա , հարց է առաջանում , թե ով է պատվիրատուն:
Ուրախ եմ միայն նրա համար, որ ֆիլմը վերջապես գնահատվեց նաև այդ տեսանկյունից: Ցավոք սրտի, մասնագետների կողմից նման քննադատություն չենք լսում, այնինչ պետք է շատ բարձրաձայնել, որ այս ֆիլմը Հայոց ցեղասպանության իրական հետևանքներն ու նշանակությունը ներկայացնելու նպատակ չի հետապնդում:
Իմ մեջ շատ մեծ ցանկություն առաջացավ ամենավատ բառերն ուղղելու ֆիլմը ստեղծողների եւ այն մեծարողների հասցեին: Շատ մեղմ է քննադատել Գայանե Հակոբյանը: Ես ավելի վատ բառերով կպիտակավորեի:
Ինքս էլ չեմ կարդացել պատմվածքների հավաքածուն, որի հիման վրա նկարահանվել է վերոնշյալ շարժապատկերը, սակայն հոդվածը մարսելուց հետո ինքս էլ համոզվեցի որ եղել է պատվիրատու: “Մարդասեր” թուրքին/երին եւ նրանց մատուցած “ծառայությունների” դիմաց մի քանի դաժան տեսարանները աչք կապելու դեր է խաղում եւ ուրիշ ոչինչ:
Ինքս էլ չեմ ժխտում բոլոր ժամանակներում անբարոների առկայությունը, սակայն որքան հասկացա շարժապատկերի հեղինակները շեշտադրումը դրել են “հայուհու” (այլ կերպ չեմ կարող ընդունել) անբարո արարքների եւ այդ ազգի “մեծահոգության” վրա, որից էլ հետեւություն` կատարվել եւ իրականացվել է հատուկ պատվեր:
Միշտ չէ որ օտարերկրացիների մատուցած մեղրը քաղցր է լինում: Զգուշացեք:
Ամբողջությամբ չկարեցա կարդամ որովհետև միքիչ դատարկ բան թվաց: 2 բան աչքովս ընկավ՝ Նունեի չսգալու փաստը ու հայ կնոջ խեղաթյուրված կերպարի մասին կարծիքը ու Նազիմի հատվածը: նախ նենց տպխավորություն ա, որ հայ կնոջ կերպարը Դրախտի միջին վիճակագրական հրեշտակներից ավելի մաքուր ա: անկախ նրանից թե ինչ ժամանաաշրջանում՝ մարդը մարդ ա, ու առանց էմոցիա մարդ չի ու նույն ձև կարող էր հայը սիրահարվել թուրքի… քննադատում եք Նազիմի կերպարը, չբացառելով, որ կարող էր նման մարդ լինել: ու մեկ էլ աչքիցս չվրիպեց (դուք քանի՞ անգամ եք նման թուրքի տեսել) հատվածը…. կներեք իհարկե, բայց քնի անգամ եք թուրքին գործողության վրա բռնցրել?
ինչ, պետք է անպայման ատելություն ու նացիզմ քարոզի ֆիլմը, որ համարեք հաջողված ու Ցեղասպանությունը ներկայացնող լավ ֆի՞լմ: պետք չի ծայրահեղական լինել, էդ թուրքերին ու ազիկներին ա ահտուկ: Մենք չենաք ապրում էս կոնֆլիկտի համար, իտարբերություն օրինակ ազիկների, ում կյանքի նպատակը հայերին հակառակվելն ա: պետք չի մեզ նացիզմը՝ էն ինչի զոհն ենք եղել:
դուրս գանք էդ ստրուկ օբիժնիկ սգավորի կարգավիճակից….. քանի դեռ էդպիսին ենք, անընդհատ թքելու են ու ոտքերը մաքրեն մեզ վրա:
Վերջիվերջո սա գեղարվեստական ֆիլմ ա, ոչ թե փաստագրական ու պետք ա որոշակի գեղարվեստական արշեք ու սյուժետային կոնֆլիկտ ներկայացնի:
Հա, շատ ընտիր ֆիլմ է։ Նայելուց հետո քիչ է մնում մի հատ շնորհակալական նամակ հղենք թուրքերին մի հատ էլ ազերիներին, որ մեզ պես անբարոայական ազգին այդքան տարի հանդուրժել են իրենց պապական հողերում, և թույլ են տվել որ ապրենք (իհարկե մի որոշ ժամանակ միայն մինչև որ կորոշեին թե ինչպես լուծեն մեր հարցը)։ Իսկ Մեսրոպին մի խորհուրդ, չկա նման բան գեղարվեստական ֆիլմ, բոլոր ֆիլմերն էլ ծառայում են որևէ քարոզչության, ուղղակի որոշ ֆիլմեր նկարահանվում են գեղարվեստական բարձր մակարդակով որոշները ոչ։
Պարզ երևում է պատվիրատուի ով լինելը։ Ամեն ինչ արված է այնքան բացահայտ, որ կասկածելու տեղ էլ չկա։