Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության առաջարկը՝ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել եւ հանել նախկինում ընդունված այն դրույթները, որոնք պարզապես գրվել են թղթի վրա եւ այսքան ժամանակ չեն վերահսկվել:
Ինչպես ներկայացրեց կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքով» պահանջվում էր, որ հաց թխողները անպայման նշեին հացը թխելու ժամը: Հիմա կառավարությունն առաջարկում է հանել դա:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Եղիազարյանն ասաց. «Տեխնիկապես հնարավոր չի վերահսկել: Եթե հացը թխում հանում եք իրիկունը 8-ին, բայց վրան գրում եք առավոտը 8-ին, ո՞վ է վերահսկելու: Ամեն հացթուխի մոտ պիտի մա՞րդ կանգնի: Կամ բարմենների որակավորում էր պահանջվում օրենքով: Պետք չի: Եթե ուզում ես լավ բարմեն, գտիր քեզ լավ բարմեն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ բա որ պետք չէր, ինչի՞ էիք ժամանակին առաջարկել եւ ընդունել տվել այսպիսի օրենքներ՝ նա պատասխանեց. «Միշտ չի, որ բոլոր օրենքները կատարելության ցուցանիշ ունեն: Ախմախ օրենքներ էլ լիքը կան»:
Գործող օրենքում մատուցողների համար նույնպես պահանջվում էր որակավորում: Կառավարությունն առաջարկում է հանել նաեւ դա: Արմեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մատուցողը լավ է, որ թրեյնինգ անցնի, բայց պետք չի, որ դրա մեջ պետությունը մտնի: Ի՞նչ գործ ունենք: Ռեստորանն ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր մատուցողը լինի որակյալ, որ դեմիցդ ուտելիքը չտանի այն ժամանակ, երբ դու ուտում ես: Էժան տեղերում պարտադիր չի որակյալ մատուցող լինի, շուկան կորոշի»:
Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար պահանջվում էր լիցենզիա, բարդ գործընթաց: Հիմա կառավարությունը գտնում է, որ լիցենզիան ժամանակի կորուստ է առեւտուր իրականացնողի համար: Պետք է միայն ծանուցում եւ վերջ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց. «Որ թեթեւացնում եք բեռը, դա լավ է: Ինչքան շատ սահմանափակում է մտցվում, այնքան շատ կոռուպցիոն ռիսկեր են լինում: Բայց այսօր կա՞ երաշխիք, որ վերահսկող մարմինը չի կարողանալու ճնշումներ գործադրել»:
Արմեն Եղիազարյանը պատասխանեց. «Մի գիշերում մարդկանց հոգեբանությունը չի փոխվի: Երբ դուք որոշակի թույլտվություն եք հանում, դրա հետ կապված կոռուպցիան վերանում է: Ասենք, բարմենին ստուգեն, ասեն որակավորումդ ցույց տուր, պարզ չի՞, որ այդ մարդիկ իրար հետ կնստեն, լեզու կգտնեն: Իսկ եթե չի հարցն ելու որակավորումդ ցույց տուր, կոռուպցիայի առիթը վերացավ»:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության նախագծին եւ այն ընդգրկվեց լիագումար նիստի օրակարգում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ