Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հարցումները պարզել են՝ հայաստանցիները հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հետազոտության համաձայն յուրաքանչյուր երկրորդ հարցված հակված է հայ-թուրքական սահմանի բացմանը (51 %), մինչդեռ հարցվածներից յուրաքանչյուր երրորդ անձն է կտրուկ կամ մասամբ դեմ եղել սահմանի բացմանը (33 %):
Այսօր ՀՌԿԿ ներկայացուցիչները ներկայացրին հարցումների արդյունքները: Հետազոտության գծով տնօրեն Հրաչյա Կաժոյանն ասաց, որ նախատեսել էին 1200 տնտեսությունում անցկացնել հարցումները, բայց իրականացվել են 1164 տնտեսությունում:
Հարցվածները Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ են: Նրանց 70% -ը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա մեծապես ազդում է Ադրբեջանը, 85 %-ը ցեղասպանության մասին լսել է մինչեւ 11 տարեկանը, իսկ 54%-ը ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից են եղել: Առաջիկա 5-10 տարում Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչվելու հնարավորությունը հնարավոր են համարել հարցվածների 9 %-ը, իսկ մեծամասնությունը Թուրքիայի կողմից առաջիկայում ցեղասպանության ճանաչման հնարավորություն չի տեսել:
Իսկ որպես ցեղասպանությունների պատճառ հարցվածների 40%-ը նշել է առաջադրված այս պատասխանը՝«Ազգային մեծամասնությունը ցանկանում է հաստատել ազգային պետություն, իսկ փոքրամասնությունները պայքարում են անկախության համար եւ առաջացնում հակամարտություն»:
Կարդացեք նաև
Հայ-թուրքական հարաբերություններով հարցվածներն ավելի շատ հետաքրքրված են եղել (79 %), քան տեղեկացված (55 %):
« Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանն էլ ասաց, որ հարցումները մեկնարկել են 2014-ի հունվարին եւ այն իդեալական տարբերակով կլիներ, եթե նմանատիպ հարցումներն իրականացվեին նաեւ Թուրքիայում, բայց անցկացվել են միայն Հայաստանում:
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն էլ նկատեց, որ այս հարցումները չեն վերաբերում ապրիլի 24-ին, այլ 25-ին, որովհետեւ այն հայացք է նետում զոհից ու զոհականացումից այն կողմ, դեպի հատուցում եւ արժեւորում. «Հայկական կառավարության քաղաքականության վերահաստատումն է առանց նախապայմանների առաջ գնալու: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացմանը մեծ սատարում կա հասարակության կողմից: Բայց չկան դիվանագիտական հարաբերություններ, չկան տեղեկություններ հայ-թուրքական հարաբերություններից եւ կան չափից շատ թյուրընկալումներ երկու կողմերում էլ»:
ԵՄ ֆինանսավորմամբ կատարված այս հարցումները, ըստ ԵՄ ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոյի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հաշտեցմանը սատարելու նպատակով են արվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ