Թեև օրենքներ գրելն ու մշակելը Ազգային ժողովի հիմնական «գործն» է, բայց պարզվում է, կառավարությունն ավելի շատ օրենքներ է ներկայացնում խորհրդարանի քննարկմանը, քան պատգամավորները։ Քառօրյաներ են լինում, երբ օրակարգում մեկ կամ երկու նախագիծ է պատգամավորների ձեռքի «շնորհքը» լինում, մեծ մասը կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնություն է։ Այս խնդրի մասին վերջերս բարձրաձայնեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում մի քանի հարց ուղղեցինք։
– Ինչո՞ւ է պատկերն այսպիսին։ Պատգամավորնե՞րն են թերանում իրենց աշխատանքում, որ կառավարությունն իր ուսերին է վերցրել նրանց գործը։
– Խնդիրը, նախ, Սահմանադրության տեսանկյունից պիտի դիտարկել։ Երկու կառույց իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու՝ կառավարությունը և Ազգային ժողովը։ Նախկին Սահմանադրությամբ (մինչև 2005-ի սահմանադրական բարեփոխումներ) երեք մարմին օրենսդրական նախաձեռնությամբ կարող էին հանդես գալ՝ նախագահը, կառավարությունը, պատգամավորը։ Երբ դիտարկում ենք՝ ընդունված օրենքների քանի տոկոսն է կառավարության ներկայացրածը, քանիսը՝ պատգամավորների, պարզվում է՝ 95 տոկոսը կառավարությանն է։ Իհարկե, նորմալ է, որ իշխող մեծամասնությունն իր քաղաքականությունն է իրականացնում, բայց անգամ քաղաքական մեծամասնության անդամների ու նաև այլ խմբակցությունների պատգամավորների նախագծերը, ունենալով հանձնաժողովի դրական եզրակացությունը, «լռվում-մնում» են օրակարգում, քանի որ կառավարությունը մշտապես օգտվում է արտահերթ նիստ հրավիրելու, քսանչորսժամյա ռեժիմ սահմանելու իր իրավունքից։ Քառօրյաների ժամանակ իրենց նախագծերն արագ-արագ քննարկվում, ընդունվում են, պատգամավորների նախագծերն էլ մնում են չքննարկված և օրակարգից օրակարգ են տեղափոխվում։
– Ի՞նչ կերպ պետք է կարգավորվի հարցը։
Կարդացեք նաև
– ԱԺ նախագահը պետք է առաջնահերթությունների հարցը վերանայի և ավելի շատ պատգամավորների նախագծեր քննարկման դնի։ Բայց ակնհայտ է, որ կառավարությունն անընդհատ ճնշում է գործադրում, որ իր՛ նախագծերը շուտ քննարկվեն, ուստի 95 տոկոսը կառավարության հեղինակած նախագծերն են։ Այստեղ կա նաև սահմանադրական իրավունքների խախտման խնդիր, որովհետև պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքը դառնում է պատրանքային իրավունք։ Մինչդեռ այդ իրավունքը հավասարապես է տրված ու չի կարող մեկի պարագայում մյուսի նկատմամբ դոմինանտ լինել։
– Գուցե պատճառն այն է, որ խորհրդարանում քի՞չ են օրենսդրական աշխատանքից «գլուխ» հանող պատգամավորները, և կառավարությունը որոշել է ի՞նքը լրացնել բացը։
– Անգամ այդ քիչ պատգամավորների նախագծերն էլ տարիներով մնում են օրակարգում ու չեն քննարկվում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում