Հրապարակվել է գրող, բանաստեղծ, բլոգեր Առլեն Շահվերդյանի նոր էլեկտրոնային գիրքը՝ «Թրքուհու գաղտնիքը» վերնագրով: Ըստ հեղինակի՝ պատմվածքը իր հոգում կուտակված երկար տարիների ապրումների ու հույզերի արդյունք է: Գիրքը նվիրվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և հրապարակվում է ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Առլեն Շահվերդյանը 4 հրատարակված, 7 էլեկտրոնային գրքերի և բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է, որոնք սիրված են ընթերցողների կողմից: Նրա ստեղծագործությունները ճանաչված են նաև արտերկրում, իսկ գրքերից մեկը՝ «Ապրելու իրավունք» վերնագրով, գրանցված է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում:
Զգալի ճանաչում և բազմազգ մեծ լսարան ունի նաև գրողի հեղինակային ստեղծագործական երկլեզու բլոգը, որի նյութերը անգլերեն թարգմանում է ինքը հեղինակը: Առլեն Շահվերդյանը իր բլոգի միջոցով ընթերցողներին է ներկայացնում իր գրքերը, գրական ստեղծագործությունները, բնապահպանական նյութերը: Շուրջ հինգ տարի գործող բլոգը արդեն արժանացել է հարյուրից ավելի բլոգային մրցանակների:
Կարդացեք նաև
«Թրքուհու գաղտնիքը» նոր պատմվածքը նվիրական նշանակություն ունի հեղինակի համար: Գիրքը նրա համեստ, անկեղծ ու սրտագին վերաբերմունքի արտահայտությունն է հայ ժողովրդի ցավի և նրա ապրելու ու բարգավաճելու հույսի նկատմամբ: Հեղինակը հույս ունի, որ գիրքը կհասնի ընթերցողների սրտերին:
«Թրքուհու գաղտնիքը» էլեկտրոնային գիրքը հասանելի է բոլորին, այն կարելի է կարդալ Առլեն Շահվերդյանի հեղինակային բլոգում՝ https://arlenshah.wordpress.com/