Հայաստանի պատմական հուշարձանների անցյալը, ներկան ու ապագան. հարցազրույց ճարտարապետության և մշակույթի պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանի հետ
Հայ ժողովրդի ստեղծած քարակերտ ժառանգության ուսումնասիրությունն, ինչպես հայրենի, այնպես էլ արտասահմանյան հայագետների ու գիտական հիմնարկների կողմից օրըստօրե աննախընթաց ծավալ է ստանում։ Միայն պետք է ափսոսալ, որ մեր ստեղծած բազմադարյան այդ ամենահարուստ ժառանգության հետազոտությունը մինչև այժմ կատարվել է հատվածաբար, ըստ տիպերի ու բնույթի կամ էլ ըստ տեղավայրերի։ Ըստ երևույթին դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մինչև օրս հայտնի չեն մեր օրերը հասած բազմահազար կանգուն և ավերակ պատմաճարտարապետական հուշարձաններն իրենց ամբողջությամբ, նկարագրական, տեղագրական ու վիճակագրական տվյալներով։ Այդ բացը լրացնելու համար, մեր կարծիքով, նախ և առաջ առաջնակարգ ու հրատապ հարց է հուշարձանների հաշվառումը, դրանց գիտական ու համահավաք ցուցակներ կազմելը և հրատարակելը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի լիակատար կերպով պետական հսկողության ու պահպանման տակ առնել, ուսումնասիրել ու վերականգնել հուշարձաններն ու հուշարձանախմբերը։ Իսկ դա հուշում է համաժողովրդական մեծ ուշադրության, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ վերջին տասնամյակներում ԽՍՀՄ, ինչպեսև ՀԽՍՀ, նորանկախ Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի և Կառավարության ընդունած մի շարք հանրահայտ օրենքների ու որոշումների ոգուն հարազատ ու սրտացավ վերաբերմունք ։
Անցյալի հուշարձանների ու արժեքների պահպանումը մեր երկրում պետական ու կառավարական, համաժողովրդական գործ է։ Այդ առումով էլ ավելի է մեծանում հուշարձանների գիտական ու մասնագիտական, համակողմանի ուսումնասիրման, վերականգնման և ժամանակակից մարդու էսթետիկական դաստիարակությանն ի նպաստ օգտագործելու անհրաժեշտությունը։ Այս առիթով կայացած հարցազրույցը ճարտարապետության և մշակույթի պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանի հետ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Կարդացեք նաև
Ճարտարապետության և մշակույթի պատմաբան, հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը ծնվել է 1947 թ-ին Նախիջևանի Արինջ (այժմ՝ Շահբուզի շրջանի Արինջ) գյուղում: Ամբողջ կյանքը նվիրել է պատմական Նախիջևան երկրամասի պատմության ու մշակույթի ուսումնասիրությանը. նա ավելի քան 200 աշխատությունների հեղինակ է (որոնցից 40-ը հրատարակվել են առանձին գրքերով), իսկ 7-8-ն էլ առաջիկա տարիներում լույս կտեսնեն: Այդ ամենն հայագիտության համար կարևոր ներդրումներ են և առանց այդ աղբյուրագիտական նշանակություն ունեցող աշխատանքների անհնար է անդրադառնալ-քննարկել նախիջևանյան խնդրի ու պատմության այս կամ այն պատմամշակութային խնդիրները:
Արգամ Այվազյանը նաև Նախիջևանի մասին ֆիլմի, կոնֆերանսների, քննարկումների, ցուցահանդեսների հեղինակ է: Հուշարձանների պահպանության բնագավառում աշխատել է 1978 թվականից և մեծ ավանդ ու ներդրում, փորձ ունի այդ բնագավառում: Հայաստանի հուշարձանների պահպանության ու հանրահռչակման, Նախիջևանի նյութական ժառանգության ուսումնասիրման իր արդյունավետ աշխատանքի համար Արգամ Այվազյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ», ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», Ֆրիտյոֆ Նանսենի մեդալներով: ՀՀ Նախագահի 2010թ. մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների, Թեքեյան մրցանակաբաշխության դափնեկիրն է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
-Տարիների հեռվից գնահատելով մեր մշակույթի պատմությունն ու հուշարձանները, ինչպես կներկայացնեք այսօրվա նրանց վիճակը:
– Պիտի արձանագրեմ, որ այդ բնագավառը ունի բազում բացեր, որոնց վերացման ուղղությամբ, ցավոք, քիչ բան է արվում: Մեր մշակույթի պատմության և այդ բնագավառի դեռևս չծրագրավորված–չուսումնասիրված խնդիրներից ստորև փաստեմ սոսկ մի քանիսը, որոնք կարոտ են թե՛ ակադեմիական և թե՛ գիտահանրամատչելի հիմնարար ուսումնասիրությունների տեսակետից: Օրինակ, առ այսօր հայագիտությունը չունի հայկական որմնանկարչության վերաբերյալ մի ամփոփ հետազոտություն, որն ընդգրկի մինչև մեր օրերը հասած հայոց որմնանկարչության արժեքները: Մանավանդ, որ դրանք էլ տարի առ տարի քայքայվում ու վերանում են: Այդ ուղղությամբ ընդամենը ունենք մի քանի հուշարձանների (Էրեբունի բերդաքաղաք, Քոբայր, Ախթալա, Կիրանց վանք) որմնանկարչությանը նվիրված աշխատանքներ: Մեր տեսադաշտից մինչև այժմ առհասարակ դուրս է մնացել նաև Արևմտյան Հայաստանի հուշարձանների որմնանկարչությունը, որը, թերևս պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով:
Գոհացուցիչ չէ նաև հայոց գրչօջախների ու նրանց պատմության ուսումնասիրման, Հայաստանից դուրս գտնվող հայոց վիմագրական ժառանգության հավաքման ու հրատարակման գործի կազմակերպումը: Անելիքները շատ են նաև հայկական կիրառական արվեստի զանազան ճյուղերի ուսումնասիրության բնագավառում: Մի փաստ ևս նշեմ: Դա այն է, որ առ այսօր հայագիտության մեջ դեռևս բաց է մնում հայ ժողովրդի հոգեբանության ուսումնասիրումը: Այս ուղղությամբ մի քանի հրապարակումներից զատ ևս չունենք համապարփակ գիտական ուսումնասիրություններ: Դեռևս հայագիտության տարբեր ճյուղերի, օրինակ, հնագիտության, լեզվաբանության, ազգագրության, ճարտարապետության և այլ բնագավառների վերջին տասնամյակներում ձեռք բերած նորագույն հայտնագործությունները ուշացումներով են տեղ գտնում Հայաստանի հին ու նոր պատմությանը վերաբերող հիմնարար աշխատություններում:
Ավելի մտահոգիչ է նաև աշխարհասփյուռ հայոց հուշարձանների թե՛ուսումնասիրման և մասնավորապես նրանց պահպանության վիճակը: Վերջին տասնամյակներում թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում մեր հուշարձանների վերաբերյալ հայ և օտարազգի մասնագետների ջանքերով իրականացվել են մի շարք կարևոր հրատարակություններ: Այնուամենայնիվ, այդ բնագավառում անելիքները շատ շատ են:
Ինչ վերաբերվում է մեր հուշարձանների պահպանության հարցին, ապա այստեղ պետք է պարզապես փաստել, որ այն ողբալի է: Եթե դիմենք փաստերին, ապա ուզենք, թե չուզենք, պետք է արձանագրենք, որ անցած 100-120 տարիների ընթացքում Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքական իշխանությունների թողտվությամբ ու նրանց ձեռքերով հիմնահատակ ավերվել են մոտավոր հաշվարկներով 170-180 000-ի հասնող մեծ ու փոքր հուշարձանների գրեթե 97-98 %, որոնք այդպես էլ անհայտ մնացին թե՛ հայ ժողովրդին և թե՛ աշխարհի առաջադեմ մարդկությանը: Սա մեր ժողովրդի նյութական ժառանգության ահռելի և անվերականգնելի կորուստն է: Տակավին վերջին տասնամյակում`1988-2006թթ., Ադրբեջանի և Նախիջևանի իշխանությունների կազմակերպած մշակութային եղեռնագործության զոհ դարձան հայ ժողովրդի ստեղծած շուրջ 27000-ի հասնող մեծ ու փոքր հուշարձանները, որի թե՛ կանխման և թե՛ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանը, և առհասարակ համայն հայությունը, առ այսօր գրեթե ոչինչ չձեռնարկեց: Մեկ այլ քաղաքականությամբ` հայոց հուշարձանների սեփականացմամբ է զբաղվում մեր հարևան Վրաստանը: Այնպես որ` տարի առ տարի, մենք զբաղված ենք մեր հուշարձանների կորստյան փաստերը հաշվետար-հաշվապահների նման արձանագրելով և ցավ ու ափսոսանքներ արտահայտելով:
Արձանագրեմ նաև այն փաստը, որ ամեն մի հայ մարդ, ցանկացած ժամանակի իշխանության այրերը մշտապես հպարտանում են մեր ապուպապերի ստեղծածով: Սակայն, երբ անհրաժեշտ է անհատապես և թե՛ պետականորեն հոգ ու հոգածություն ցուցաբերելու այդ ժառանգությունը հավուր պատշաճի պահպանելուն, ապա վերաբերմունքը գրեթե զրոյականի է հասնում, նույնիսկ թշնամանքի ու վանդալիզմի: Որպես օրինակ հիշենք հենց Երևան քաղաքի պատմական միջուկի 19-րդ դարի ժողովրդական տների վերացումը մեր օրերում, քաղաքի այս կամ այն մասերում, գերեզմանատներում առկա մետաղական քանդակների ու կիսանդրիների գողություններն ու պղծումները, հանրապետության տարբեր վայրերում գտնվող հնագիտական հուշարձաններում գանձախուզության չվերացող դեպքերը, մեր վանքերի ու եկեղեցիների և այլ հուշարձանների պահպանական գոտիներում զանազան մեծ ու փոքր շինություններ տեղադրելու փորձերը: Միով բանիվ, ես երբեմն մտածում եմ այն մասին, որ մենք երևի թե մեր նախնիների արժանավոր սերունդներն ու ժառանգները չենք: Այնպես որ, այստեղ ուզես թե չուզես հիշում ես, ցավոք, մինչև այժմ իր այժմեականությունը չկորցրած Գարեգին Նժդեհի իմաստուն այն խոսքը, որ «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»:
Այո՛, շատ ցավալի է այդ մեջբերման կատարումը: Սակայն դա, ցավոք, դեռևս իրողություն է և կատարվում է թե՛ գիտակցված և թե՛ չգիտակցված հանգամանքների, մեր պետական ու ազգային շահերին անհաղորդ պատասխանատուների անմիտ ու հակաազգային որոշումներով: Իսկը և իսկը, բակլան իմն է՝ կուզեմ խաշած, կուզեմ՝ անխաշ կցանեմ: Մեր նախնական զրույցի ժամանակ Դուք մտահոգություններ արտահայտեցիք հայոց հուշարձանների ընդհանուր-համահավաք ցանկեր-ցուցակներ ունենալու անհրաժեշտության մասին, որն առ այսօր հայկական իրականության մեջ գոյություն չունի: Այդ ուղղությամբ փաստեմ միայն հետևյալը՝ այդ խիստ կարևոր աշխատանքի կազմակերպումը հանրապետությունում սկիզբ էր դրվել դեռևս 1983 թ.՝ այն ժամանակվա Մինիստրների խորհրդին առընթեր հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության համակարգում, վարչության պետ Ալեքսան Կիրակոսյանի և տողերիս հեղինակի կողմից: Ես եղել եմ այդ աշխատանքները կատարող նորաստեղծ բաժնի հիմնադիր բաժնի վարիչը և ամենայն մանրամասնորեն մշակել-ծրագրավորել ու ղեկավարել բաժնի բոլոր աշխատանքները: Այստեղ խոսքս համառոտելով միայն ընդգծեմ, որ մեր Մշակույթի նախարարության ու նրա ենթակա ՊՈԱԿ-ի «գերխելոք» առաջին դեմքերի ջանքերով և, թող ամենևին էլ վիրավորական չդիտվի, առանց աչք թարթելու՝ Գ. Նժդեհի վերոնշյալ խոսքերի տրամաբանությամբ. լուծարեց-վերացվեց այդ աշխատանքները իրականացնող բաժինը, որի կատարած հսկայածավալ աշխատանքի արդյունքներն արդեն վերջին տարիներում արդեն վեր էին ածվել հայկական աշխարհասփյուռ հուշարձանների համահավաք ցուցակների, որոնցից 1-ին՝ Բիթլիսի նահանգի հուշարձանների հատորը տպագրության էր սպասում դեռևս 2013 թ-ից: Այնպես որ, թուրքերը ծրագրված կարգով վերացնում են հայկական հետքերը, իսկ մեր պատասխանատուներն էլ՝ իրենց անմիտ գործողություններով ու որոշումներով, կարծեք ձեռք-ձեռքի տված՝ կասեցնում են նրանց վերաբերյալ նույնիսկ մի քանի բառով հիշեցնելու-փաստելու անհրաժեշտությունները:
– Ցավալի մտահոգություններ արձանագրեցինք: Արդյոք մեր Մշակույթի նախարարությունը ժամանակի՞ն է ձեռնարկում միջոցներ դրանց պահպանման ու վերականգման ուղղությամբ թե՛ մեր և թե՛ արտերկրում ներկայիս դժվար պայմաններում, հատկապես հարևան պետություններում:
– Այս հարցի պատասխանը մասամբ տեղ գտավ վերևում: Այնուամենայնիվ, այն ավելի պարզաբանելով ընդգծեմ, որ այսօր Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում մի քանի հայկական հուշարձաններից բացի մնացածը հիմնահատակ կործանված են: Մի քանի, ասենք 30-40 տարի հետո, Արևմտյան Հայաստանի տարածքում այսօր առկա հայկական հուշարձանների զգալի մասն էլ հիմնահատակ կավերվեն և կմնան սահմանափակ քանակի այն հայոց վանքերն ու եկեղեցիները, որոնք գործող կլինեն կամ էլ Թուրքիայի կողմից ցուցադրաբար կնորոգվեն, ինչն արվում է վերջին 8-10 տարիներում: Վրաստանի որդեգրած քաղաքականությունն էլ, ինչպես վերևում նշեցի, հայկական ծագում ունեցող արժեքների վրացականացումն է: Մեր հարևան միակ երկիրը, ուր հայկական հուշարձանները սրտացավությամբ պահպանվում ու նորոգվում են, դա Իրանի իսլամական հանրապետությունն է: Ընդգծեմ, որ Իրանի հայոց վանքերի և եկեղեցիների նորոգումների աշխատանքները պետական միջոցներով իրականացվում է դեռևս 1960-ական թվականներից ի վեր: Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2014թ. դեկտեմբերին, ավարտվեց նաև իրանյան ափում գտնվող Հին Ջուղայի Հովվի եկեղեցու հիմնանորոգման ու շրջապատի բարեկարգման աշխատանքները, որի վերաօծման արարողությունը կատարվեց 2015 թ. ապրիլի 9-ին: Հիշենք նաև այն, որ վերջին տարիներին Իրանի ներկայացմամբ՝ նրա տարածքում գտնվող հայկական հուշարձաններից երեքը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
Ինչ վերաբերվում է Մշակույթի նախարարությանը և հանրապետության հուշարձանապահպան և ուսումնասիրման 2 ՊՈԱԿ-ներին ու նախարարության հուշարձանների պահպանության գործակալությանն, ապա մեր հուշարձանների պահպանության ու վերականգման ուղղությամբ վերջին մի քանի տարիներում Հայաստանում որոշ դրական քայլեր են արվում, որոշ համագործակցված աշխատանքներ են իրականացվում նաև Իրանի և Վրաստանի հետ:
Հանրապետության տարածքի հուշարձանների պահպանության ու վերանորոգումների ու վերականգնումների աշխատանքներին էլ բավարար գնահատական տալը շատ վերապահումներով պետք է արձանագրել: Քանզի այդ բնագավառում, ինչպես նշեցի, առկա են բազմաթիվ խնդիրներ, անհոգի վերաբերմունք, անիմաստ որոշումներ ու սնամեջ ծրագրեր: Այդ ուղղությամբ անցած տարիներում հրապարակավ մի շարք անգամներ եմ արտահայտվել:
Այստեղ մեկ անգամ ևս ընդգծեմ, որ 1978թ. հանրապետությունում հուշարձանների պահպանության գործը ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը հատուկ որոշմամբ, մինչ այդ՝ դեռևս 1923թ. գործող կազմակերպությունը, վերակազմավորելով ստեղծեց Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման գլխավոր վարչություն, որն ի միջի այլոց, ԽՍՀՄ-ում առաջին էր, որն առընթեր էր անմիջապես Մինիստրների խորհրդին:
Վերջինիս ենթակայության տակ գործում էր հուշարձանների վերականգնումներն ու նորոգումները նախագծող հատուկ գրասենյակ-ինստիտուտ, ուր աշխատում և մասնագիտացել էին ավելի քան 200 նախագծող –ճարտարապետներ: Հուշարձանների նորոգումների աշխատանքները իրականացվում էին Երևանում և տարածաշրջաններում (Լոռի, Գյումրի, Աշտարակ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր) մասնագիտացված գիտաարտադրական արվեստանոցները, հուշարձանների հաշվառման և անձնագրավորման, նրանց պահպանման գոտիները կազմող կազմակերպությունները:
1990-ական թվականներին նորանկախացած Հայաստանի մի շարք բնագավառների փլուզումների հետ լուծարվեցին վերոհիշյալ բոլոր գիտաարտադրական արվեստանոցները, նախագծային գրասենյակ-ինստիտուտը, հուշարձանների որմնանկարների նորոգող մասնագիտական խումբը: Չպահպանվեց նաև Մինիստրների խորհրդին առընթեր գործող գլխավոր վարչության կարգավիճակը: Վերջինս 1995 թվականից սկսեց գործել Մշակույթի նախարարության ենթակայության տակ: 2002 թվականին այդ կարգավիճակն էլ շատ համարվեց և գլխավոր վարչությունը վերածվեց որպես Մշակույթի նախարարության գործակալության: Միով բանիվ , 1978 թվականից հետո հանրապետությունում գործող այդ կառույցը, որը գլխավորել են պետական և հասարակական այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Գրիգոր Հասրաթյանը (մինչ այդ՝ Կոնստանտին Հովհաննիսյանը), Ալեքսան Կիրակոսյանը, Լավրենտի Բարսեղյանը, աստիճանաբար կորցրեց իր ձեռք բերած հեղինակությունն ու արդյունավետ գործելու նշանակությունը: Եվ այս ամենն, ի միջի այլոց, կատարվեց պետականորեն և առանց աչք թարթելու: Դա էլ այն դեպքում, երբ հանրապետության հուշարձաններն 85-90%-ով իրենց պահպանվածությամբ և տեխնիկական վիճակով նորոգումների ու ամրացումների կարիք ունեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ հարյուրավոր եկեղեցիներ և վանական համալիրներ գտնվում են ծայրագույն վթարային վիճակներում և օր առաջ ամրակայման կարիք ունեն և տարի առ տարի ավելի են խարխլվում: Ցավոք, այդ ամենը իրականացվեց տարերայնորեն, առանց խորամուխ լինելու այդ բնագավառի էության մեջ: Մի փաստ էլ ի նկատի ունենանք, որ հուշարձանների պահպանության պետական ցուցակում ներառված շուրջ 24 000 հուշարձանների պահպանական գոտիների կազմելու և հաստատելու աշխատանքներից առ այսօր իրականացվել է ընդամենը 25-30 %-ի չափով: Հանգամանք, որը մշտապես մի շարք դժվարություններ է ստեղծում թե՛ իշխանության և թե՛ հուշարձանապահպան մարմինների համար:
Մեկ այլ փաստ. ավելի քան 40 տարի է ինչ խոսվում է մեր հանրապետության հուշարձանների վերաբերյալ համահավաք գիտահանրամատչելի 10 հատորների հրատարակման մասին: Ծախսվել են բազմամիլիոն պետական միջոցներ և այդպես էլ առ այսօր լույս չի տեսել ոչ մի հատոր: Հետո էլ տեղին–անտեղին՝ պետականորեն և անհատապես ճամարտակում ենք, որ մեր հուշարձանները մեր պատմության ու մեր աչքի լույսն են: Արդյոք դա սնապարծություն չէ՞… Իհարկե, սնապարծություն է: Քանզի մեր հուշարձանների շրջապատը աղտոտում ենք, նրանց պատերին փորագրում ենք, զանազան ներկերով գրում մեր անուններն ու զանազան խզբզանքներ կատարում, վնասում կամ պղծում զանազան շինությունները… Հայ մարդու այդպիսի անվայել արարքների դեմ ինչպես անցած տասնամյակներում, այնպես էլ նորանկախ Հայաստանում հուշարձանապահպան կառույցներից ահռելի ջանքեր են պահանջվում տեղական և հանրապետական մեծ ու փոքր կազմակերպություններից, առանձին անհատներից մեր հուշարձանները զանազան ոտնձգություններից զերծ պահելու համար: Եվ եթե այդ գործում որոշ դեպքերում հաջողվում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, ապա շատ դեպքերում էլ գործադրած միջոցները գրեթե ոչ մի արդյունք չեն տալիս:
Այսօրվա վիճակով հուշարձանների պահպանության գործի կառավարումը, ինչպես ցույց է տալիս վերջին 10 տարվա փորձը, Մշակույթի նախարարության ենթակայության տակ թողնելը պարզապես թե՛ աննպատակ է և թե՛ ժամանակի կորուստ:
1990-ական թվականներին հուշարձանների բնագավառի պահպանության և նորոգումների կառուցվածքը պետականորեն փլուզելուց հետո, պետք է խոստովանել, որ այն 1995 թ. Մշակույթի նախարարության ենթակայության տակ դնելով, մինչ օրս այդ բնագավառը ուշքի չի եկել: Հանրապետությունում 2003 թվականից վերսկսված հուշարձանների նորոգման աշխատանքներն էլ այսօր իրականացվում են տարբեր շինարարական ոչ մասնագիտական ՍՊԸ-ների կողմից և ցածր որակներով ու մասնագիտական թերություններով: Օրինակ, մասնագիտական թերություններով վերջին 4-5 տարիներում իրականացվեցին Գառնիի կամուրջը, Քոբայրի, Հաղարծինի, Օձունի տաճարի մասնակի նորոգումների աշխատանքները: Հանգամանք, որը պետք է մտահոգի այդ բնագավառի մասնագիտական և պետական պատասխանատու շրջանակներին: Մի բան, որը, ցավոք, այնքան էլ նկատելի չէ: Իսկ հասարակական ու մասնագիտական կարծիքներն էլ ոչ մի կերպ պատասխանատուների կողմից ուշադրության չեն արժանանում: Այնպես որ՝ հուշարձանների պահպանության և վերականգման, ինչպես և օգտագործման կառույցը, իմ հաստատ համոզմամբ, Մշակույթի նախարարության ենթակայությունից պետք է հանել և ստեղծել մի առանձին կոմիտե, վարչություն կամ տեսչություն, որի գործունեության ծավալները ինքնին մի առանձին նախարարության գործունեություն է: Բացի այդ, իմ համոզմամբ, հանրապետությունում առ ժամանակ` 30-40 տարով, պետք է դադարեցնել հուշարձանների ամբողջական տեսքով վերականգնելու աշխատանքները և դրա փոխարեն մշակել և իրագործել հատուկ ծրագրեր-մեթոդներ վթարային վիճակում գտնվող բազմաթիվ հուշարձաններն ամրակայելու, ծածկեր չունեցողները ժամանակավոր ու թեթև ծածկերի տակ առնելու քաղաքականությունը: Այլապես դրանց տեխնիկական վիճակը մի քանի տարիների ընթացքում ավելի կվատանան և պարզապես կփլուզվեն մեր աչքերի առաջ:
Մշակույթի նախարարությունն ու նրա ենթակա հուշարձանապահպան կառույցների ամենօրյա մտահոգության առարկա պետք է ծառայեն վերոնշյալ, ինչպես և հնագիտական հուշարձանների պահպանության ու կոնսերվացման, նրանց վերականգման խնդիրները: Այնինչ այդ համակարգում ոչ մի աշխատանքներ չեն կատարվում, օրինակ, հում աղյուսե շինություններով հնագիտական, տուֆ և այլ դյուրաքայքայվող քարերով հուշարձանների պահպանության ուղղությամբ: Մեկ այլ օրինակ՝ Զվարթնոց տաճարի հիմնաշարի 1-ին և 2-րդ շարքերի տուֆ քարերը մի քանի տասնամյակ է, ինչ քայքայվում ու փոշիանում են: Սակայն կանխարգելիչ աշխատանքներ այդպես էլ չեն իրականացվում: Այդպիսի բազմաթիվ խնդիրներ կան նաև հուշարձանների վերականգման նախագծերի, հանրապետության այլևայլ պահոցներում գտնվող գեղանկարչական և այլ արժեքների պահպանության գործում: Ավելին, այդ պահոցներից ժամանակ առ ժամանակ տասնյակներով կորսված-անհայտացված արժեքների համար էլ ոչ ոքի պատասխանատվության չեն ենթարկում … Այդպիսի դեպքերի նկատմամբ նման անտարբերությունը պարզապես մշակութաեղեռնագործություն է: Այս բնագավառի խնդիրները լիարժեք ներկայացնելը վերոնշյալներով, անշուշտ, չի սպառվում: Սակայն տեղի սղության հանգամանքով բավարարվենք այսքանով:
-Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:
-Վերջերս տված իմ հարցազրույցներից մեկում այդ ուղղությամբ նշել եմ, որ մեր հասարակությունն առավելապես դարձել է նյութապաշտ և հասարակության գերակշիռ մասը զբաղված է օրվա հացի խնդրի լուծման հարցերով: Ինչ վերաբերվում է հասարակության վերնախավին և իշխանական դասի ներկայացուցիչների մեծ մասին, ապա նրանց չեն հետաքրքրում թե՛ մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը, և թե՛ ազգային արժեքների պահպանման հարցերը: Նրանց միակ մտահոգությունը հնարավորինս կարճ ժամանակում՝ փերեզակային ու վաշխառուական գործողություններով կարողություններ կուտակել-կողոպտելն է: Ինչ վերաբերվում է արվեստին, ապա այն անկասկած, մարդու և հասարակության համար ձևավորում է թե՛ ճաշակ և թե՛որակ: Մեր այսօրվա արվեստը, ցավոք, շատ խայտաբղետ է և տեղի է տալիս ազգային արժեքներին ու հասկացություններին: Արվեստի մի շարք ճյուղերում տեղ են գտնում զանազան օտարոտի ուղղություններ և ազգայինն աստիճանաբար խորթ է թվում: Այս խնդրում ևս չունենք մեր մշակույթն ու արվեստը զարգացնելու և ուղղորդելու ազգային ու պետական ծրագրեր:
-Արդյո՞ք մեր երիտասարդ սերունդը լավ է ճանաչում մեր մեծերի հուշարձանները:
-Եթե համառոտ պատասխանեմ, ապա պիտի ասեմ, որ ոչ միայն վատ, այլ շատ վատ է ճանաչում ոչ միայն մեր մեծերի, այլ առհասարակ մեր հուշարձանները: Մի բան փաստեմ, եթե լավ ճանաչեր, ինչպես վերևում նշեցի, ապա դժվար թե Երևանում պղծեր ու վանդալական արարքների ենթարկեր մեր մեծերի գերեզմանային հուշարձանների մաս կազմող մետաղական կիսանդրիները և կատարեր այլ անվայելուչ արարքներ: Հանրապետությունում երբեմն-երբեմն մեր մեծերին նվիրված և իրականացվող միջոցառումներն էլ մեծիմասամբ ձևական բնույթի են: Քանզի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես ցածր մակարդակի են, այնպես էլ խիստ անձնավորված են: Մի խոսքով, դեռևս ցածր մակարդակի վրա է գտնվում մեր մեծերի կերպարները թե՛ արժևորելու և թե՛ նրանց կերպարով երիտասարդությանը հավուր պատշաճի դաստիարակելու աշխատանքները: Ոչ հեռու անցյալում` հենց անկախացած Հայաստանում, մեր աչքերի առաջ, անտեսվեցին, կամ էլ մոռացության ենթարկվեցին աշխարհահռչակ այնպիսի մեր մեծերի գործն ու վաստակը, ինչպիսիք են Վիկտոր Համբարձումյանն ու Սերգեյ Մերգելյանը, Գոհար Գասպարյանն ու Օհան Դուրյանը: Իսկ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանը մեր աչքերի առջև պարզապես սովամահ եղավ 1995 թվականին, բանաստեղծ Համո Սահյանը` 1993 թվականին: Համո Սահյանի երկրպագու Շչորս Դավթյանի վկայությամբ, բանաստեղծը իր կյանքի վերջին տարիներին գրեթե մատնվել էր անուշադրության: Ծանր կացության մեջ հայտնված և հիվանդ բանաստեղծը, հրապարակախոս, գրականագետ Շչորս Դավթյանին ուղղակի ասել է. «Գիտեի, որ ամեն ինչից կարող եմ մահանալ, բայց չէի պատկերացնում, որ կմեռնեմ սովից»: Ահա մեր նորանկախ պետության վերաբերմունքը մեր մեծերի նկատմամբ: Այս ցանկը, որքանով էլ անցանկալի լինի, շարունակություն ունի: Եթե մի քիչ էլ հետ գնանք, ապա ցավալիորեն պետք է հիշենք թե Էջմիածնի խավարամիտ հոգևորականները ինչպիսի ցավ ու հոգսեր են պատճառել Կոմիտաս Վարդապետին: Էլ չեմ ուզում խոսել անձի պաշտամունքի տարիներին`1930-1950 թթ., հարյուրավոր մեր մեծերին մեր իսկ ձեռքերով` շինծու և անձնավորված մեղադրանքներով, Ստալինից ու Բերիայից ավելի Ստալին ու Բերիա լինելով, աքսորել ու գնդակահարել ենք:
Երկրի, պետության ապագան միշտ էլ վերապահված է երիտասարդությանը: Ավագների պարտքն ու պարտականությունն է որպեսզի երիտասարդությանը փոխանցի երկրի ամրապնդման պատգամն ու պարտականությունները: Եվ ոչ թե երիտասարդության ուժերը, ինչպես այսօր կատարվում է Հայաստանում, ծառայեցնել այս կամ այն կուսակցության ու խմբավորումների շահերին: Բացի այդ էլ՝ անհրաժեշտ է երիտասարդության համար գործելու ասպարեզներ բացել և ոչ թե ամեն կերպ խոչընդոտել նոր ու թարմ ուժերի համալրումը: Այսօրվա Հայաստանի երիտասարդության գլխավոր մտահոգություն քիչ թե շատ նորմալ աշխատանք գտնելն է: Երկրում ստեղծված ծանր տնտեսական ու քաղաքական կացությամբ պայմանավորված, մեր երիտասարդությունը բռնել է արտագաղթի ճանապարհը, որը կարծես վերջ չունի: Մեր երիտասարդության զգալի մասի ուժերն ու տաղանդավոր գործունեությունն ավելի շատ ներդրվում է այլ երկրներում, քան Հայաստանում: Սա ահավոր ցավ և իրողություն է, որի բացասական հետևանքներից անպայմանորեն տուժում և տուժելու է մեր պետության ապագան և յուրաքանչյուրս առանձին-առանձին: Կունենանք պետական և ազգային շիտակ ու անկաշառ մոտեցումներ, ապա կունենանք թե՛ պետական հեղինակություն ունեցող և թե՛ արժանավայել կյանք ապահովող Հայաստան: Եթե չենք գիտակցի դա, ապա մեր բացերն ու թերությունները ստվերների նման մշտապես կհետևեն ու կբզկտեն մեզ և կմնանք ոչ ազատ ու կախյալ երկիր:
-Ըստ ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը հուշարձանների պահպանման ուղղությամբ:
-Ակնհայտորեն դա անհոգի ու ոչ այնքան ազգային մոտեցումներն են, այդ գործի կազմակերպման և իրականացման պատասխանատու պաշտոններում ոչ կոմպետենտ պաշտոնյաների նշանակումը, մասնագետների և հանրության կարծիքների պարբերաբար անտեսումը… Այդ գործը պետք է ղեկավարեն ազգային ու պետականակերտ մտահոգություններով այրվող-վառվող և հեղինակություններ ու կենսագրություններ ունեցող գործիչներ: Հուշարձանների պահպանության գործը պետք է դառնա մեր հասարակության բոլոր անդամների սրբազան պարտականությունը, որի համար անհրաժեշտ է արմատական աշխատանքներ կատարել և ոչ թե նշել ու վկայակոչել այս կամ այն օրենքի, գիտամեթոդական խորհրդի որոշումները: Ի միջի այլոց, ի մտի առնենք, որ գիտամեթոդական խորհուրդների կանոնադրությունների համաձայն՝ տվյալ կազմակերպության (գիտական թե վարչական) խորհուրդների կազմերի 70 %-ը տվյալ կազմակերպությունների ու նրանց ենթակայության տակ գործող կազմակերպությունների աշխատակիցներն են: Այնպես որ՝ ցանկացած որոշում պարզապես ընդունվում է տվյալ կազմակերպության ղեկավարի կարծիքի համաձայն:
Կյանքի և առհասարակ բնակավայրերի զարգացման ու կառուցապատման, հողօգտագործման առաջին զոհերը հենց հուշարձաններն են` մասնավորապես հնագիտական մեծ ու փոքր հնավայրերն ու դամբարանադաշտերը:
Ցավալի մի փաստ ևս արձանագրեմ: Վերջին 70-80 տարում` հողօգտագործման կամ այլևայլ շինարարական աշխատանքների ժամանակ Հայաստանի հանրապետության տարածքում հիմնահատակ ավերվել է ավելի քան 600-ի հասնող հնագիտական մեծ ու փոքր հուշարձաններ: Այդ հուշարձանների մի զգալի մասի ցանկը, որքան հիշում եմ, դեռևս 1982 թե 1983թ. «Ոզնի» ամսագրում հրատարակեց հնագետ Սանդրո Սարդարյանը: Այնպես որ, մեր հանրապետությունում պեղվող հնավայրերը, մասնավորապես դամբարանադաշտերը՝ նրանց պեղելուց մի քանի տարի հետո, պարզապես վեր են ածվում փոսերի: Իսկ այդ հնավայրերից պեղված նյութերը մի կերպ տեղավորվելով այս կամ այն թանգարանների պահոցներում, տասնամյակներ շարունակ մնում են չհրապարակված և իրենց պատմական տեղեկություն-վկայություններով երկար ժամանակ տեղ չեն գտնում թե՛ Հայաստանի նյութական ժառանգության և թե՛ առհասարակ հայ ժողովրդի պատմություններում:
Մեկ այլ փաստ էլ նշեմ: Պատմության ընթացքում Հայաստանի 12 մայրաքաղաքներից 5-ը` Երևանը, Արմավիրը, Դվինը, Վաղարշապատը և Արտաշատը գտնվում են այսօրվա Հայաստանի տարածքում: Երևանից ու Վաղարշապատից բացի մյուսները նույնիսկ չեն էլ ներգրաված տուրիստական երթուղիներում և նրանց պեղված տարածքներն էլ մինչ օրս վերականգնման աշխատանքների կարոտ են:
Միով բանիվ, Հայաստանը, նրա ամեն մի թիզ տարածքը, ինչպես գիտենք, հագեցված է հին-հին դարերից ճամփա ելած բազմահազար մեծ ու փոքր հուշարձաններով, որոնց պահպանման համար պահանջվում են խելամիտ և համազգային վերաբերմունք ու հոգատարություն:
– Ձեր այս խոսքի տրամաբանությունից ելնելով ասացեք խնդրեմ, մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով, հատկապես մերօրյա հուշարձաններով:
-Մշակույթն, անկասկած, լավագույնս է արտահայտում այն ստեղծած ժողովրդի դիմագիծը: Ժողովրդի անցյալի պատմությանն ու մշակույթին, արվեստին, բառ ու բանին, գիր ու գրականությանը ծանոթ կամ այդ արժեքները կրող և ստեղծագործող մարդը չի կարող ստեղծագործել առանց ազգային դիմագծերի ու դրոշմների արտահայտելուց: Համամարդկային մշակութային արժեքները, իմ կարծիքով, որքանով որ համամարդկային են, նույնքանով էլ կրում են իրենց ազգային դիմագծերը:
Մեր ժողովրդի ստեղծած դարավոր մշակույթով, անշուշտ, կարող ենք պարծենալ: Սակայն, ինչպես վերևում նշեցի, դա հաճախ վեր է ածվում սնամէջ պարծենկոտության: Մանավանդ, որ ամեն քայլափոխում ոտնահարում ենք մեր մշակույթի ազգային պատկանելիության ու նրա դիմագիծը: Օրինակ, դա արտահայտվում է հայոց լեզվի աղավաղումներին, օտար ու գռեհիկ երաժշտությանը տեղ տալուն, եվրոպական և արևմտյան զանազան այլասերված բարքերի ընդօրինակումներին և այլն և այլն … Մեր օտարամոլությունն երբեմն-երբեմն այն աստիճանի է հասնում, որ պարզապես անտեսում ու արհամարհում ենք մեր ազգային շատ ու շատ արժեքները:
Ինչ վերաբերվում է մեր օրերում ստեղծվող հուշարձաններին, ապա դրանց մի մասը ևս, բնականաբար, զերծ չեն վերոնշյալ ընդհանուր մտահոգություններից: Այնպես որ, արվեստի ու մշակույթի արժեքներ ստեղծելը խիստ անհատական հատկանիշ է, որի ուղղորդելը դժվարին աշխատանք է: Սակայն հուսանք, որ աշխարհի ուրբանիզացիայի գործընթացում հայ ստեղծագործողը կջանա հայկական ավանդական մշակույթն ու արվեստը ամբողջապես չզոհաբերել հանուն օտարների կողմից ճանաչում ունենալու համար: Սա խիստ վտանգավոր երևույթ է և ամեն ինչ պետք է գործադրել հայկական մշակույթն ու արվեստը հնարավորինս անաղարտ պահելու և ավանդելու համար: Քանզի, այն մեր ժողովրդի ինքնության գլխավոր գրավականն ու տարրն է:
-Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:
-Այս հարցերին իմ հրապարակախոսական հոդվածներում մի շարք անգամներ եմ անդրադարձել: Այնպես որ այստեղ չեմ ուզում կրկնություններ կատարել: Այնուամենայնիվ կարծում եմ, որ այսօրվա առկա այսպիսի պետական ու հասարակական մտածողությամբ Հայաստանին երկար ժամանակ չի հաջողվելու ձերբազատվել այն բացերից ու հակապետական գործունեություններից, որոնք առկա են այսօր և կատարվում են պետական այրերի միջոցով ու նրանց թողտվություններով: Ինձ, օրինակ, ցնցեց Բերձորյան դեպք-հարձակումը մարդկանց վրա, հանրապետությունում ոչ յուրայիններին նվաստացնելու և ծեծ ու ջարդի ենթարկվելը, դանակահարելը, հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալելը, հանրապետության նախագահի ս.թ փետրվարի 12-ի ելույթը ԲՀԿ-ի և մասնավորապես նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ: Այսպիսի գործողությունները, թող կոպիտ չհնչի, վանդալիզմի դրսևորման տարատեսակ երևույթներ են, որոնք բնորոշ են մշակույթ ու դարավոր պատմություն չունեցող ժողովուրդներին: Իսկ նախագահի վերոնշյալ ելույթը, քաղաքականության բնագավառին անհարիր էր և կմնա անմրցելի: Այդ ելույթը (կամ հանձնարականը) ևս մեկ անգամ պարզաբանեց այն պարզ իրողությունը, որ մեր պետական պաշտոնատար անձիք են, որ բտում-աճեցնում, հովանավորում պետական միջոցները կողոպտելու, պետական հարկերը չվճարելու, անկարող մարդկանց պետական պաշտոնների նշանակելու, քրեական հանցանքները կոծկելու և այլն և այլն: Այսպիսի գործունեության պարագաներում երկիրը, իրոք որ, շատ դժվար է օրինական դաշտ բերելը, ժողովրդավար լինել և ժողովրդի վստահությանը քիչ թե շատ արժանանալ:
Ի միջի այլոց, նշենք, որ Գագիկ Ծառուկյանը, ով իր լարախաղացությամբ մեկ անգամ ևս հիասթափեցրեց ժողովրդին, ամենևին էլ եզակի չէ: Դա պարզապես մեկ օրինակ է հազարավոր ծառուկյաններից, ովքեր հովանավորվում ու գործում են հանրապետության առաջին դեմքերի կողմից: Այնպես որ, ապագայի և մերօրյա ժամանակների պատմությունը շարադրող պատմաբանները` իրենց ամենամեծ ցանկությունների դեպքում էլ, չեն կարողանալու շրջանցել այդօրինակ հակապետական ու հակաազգային փաստերի արձանագրումից: Աստված տա, որ, ինչպես մեծն Պարույր Սևակն էր ասում՝ հանուն ապագայի, թող ես այսօր սխալվեմ:
-Ունե՞ք անձնական ծրագրեր, որ չեք հասցրել իրագործել
-Իհարկե կան: Դեռևս հրատարակման է սպասում «Նախիջևանի նյութական ժառանգությունը» եռահատորը, որի յուրաքանչյուր հատորը ունի 600-700 մեծադիր էջեր: Այդ հատորներից յուրաքանչյուրում ներառված են մի քանի հազարների հասնող գունավոր և սև ու սպիտակ լուսանկարներ: Տպագրության է սպասում «Ջուղայի խաչքարերի» հատորը, «Բանտված հայաշխարհ» հեղինակային տեսաֆիլմաշարի 2-6-րդ ֆիլմերի աշխատանքների իրականացումը: Կան նաև այլ ծրագրեր, որոնց իրականացման գործում պետությունը ոչ մի մասնակցություն չունի: Այս բոլորը իրականացնելու համար պահանջվում են ֆինանսական ահռելի միջոցներ: Հուսանք, որ կգտնվեն հովանավորողներ … Սրանով էլ եկեք ավարտենք այս հարցազրույցը:
Հարցազրույցը վարեց Գարիկ Ավետիսյանը