Հայաստանի քաղաքական դաշտում գնալով խոսքն ավելի ու ավելի է արժեզրկվում։ Ավելին՝ այդ գործընթացին հիմնականում նպաստում են իրենց ընդդիմադիր հռչակած գործիչները։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանց խոսքը վաղուց որեւէ արժեք չունի։
Բայց նախ փորձենք դիտարկել ոչ իշխանական ուժերի խոսքերն ու գործողությունները, որոնք պակաս մտահոգիչ չեն հանրությանը մոլորեցնելու իմաստով։ Իրենց ընդդիմադիր հռչակած գործիչների մի տեսակ գոյություն ունի, որ օր ու գիշեր խոսում է իշխանությունների խուճապի մեջ լինելու, հեսա-հեսա իշխանափոխություն անելու, վճռականության եւ մինչեւ վերջ պայքարելու մասին, սակայն հաջորդ պահին սկսում է պատճառաբանություններ փնտրել, որպեսզի արդարանա, թե ինչու իրենց խոստումը չկատարվեց։
Անցած ուրբաթ օրը «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հանրահավաքի ժամանակ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որը ներկայացավ որպես ազատամարտիկ, հայտարարեց, թե ինքը եւ եւս 50 ազատամարտիկներ երկուշաբթի օրվանից, այսինքն՝ երեկվանից, Ազատության հրապարակում նստացույց են սկսում, եւ ցանկացողներին կոչ արեց միանալ իրենց։ Նստացույցը պետք է կայանար ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Երեկ, պարզվեց, որ Ավետիսյանից բացի՝ նստացույցին միացող չկա, ինքն էլ նստացույցն անցկացրեց Պուշկինի փողոցում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց։ Եվ քանի որ նախապես պլանավորված ակցիան չիրականացավ, Խաչիկ Ավետիսյանն առավել զավեշտալի քայլ արեց՝ հայտարարելով. «Մեր որոշումն այսպիսին է՝ հացադուլի եմ նստում, մինչեւ երեկոյան 12-ը (փոխոստիկանապետի օրինակը վարակիչ էր ժամային գոտու մասով) այստեղ, հետո հացադուլը շարունակում եմ մինչեւ ամսի 25-ը մի այլ վայրում՝ կլինի իմ տանը, բայց ոչ հասարակական վայրում։ 25-ից հետո՝ այստեղ։ Պետք չէ 24-ի օրերին ակցիա իրականացնել, հյուրեր կան, ի վերջո»։ Համաձայնեք՝ որեւէ գաղափարի համար իրականացվող ակցիան ավելի անլրջացնելու մեթոդ հնարավոր էլ չէր մտածել։ Ստացվում է՝ ուրբաթ օրը, երբ Խաչիկ Ավետիսյանը հայտարարում էր, որ նստացույց են սկսում, ամսաթիվը չէր նայել։ Հիմա հարց է առաջանում՝ եթե չկան այն հիսուն հոգին՝ ազատամարտիկները, ում հետ Խաչիկ Ավետիսյանը պետք է նստացույց սկսեր, ինչու էր նա նման հայտարարություն անում, ո՞վ էր նրա լեզվից քաշել՝ ասելու խոսքեր, որոնց տակից չի կարողանում դուրս գալ։ Միայնակ էր, թող ասեր՝ ես միայնակ եմ նստացույց սկսում։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում