Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ով իշխանափոխության կոչ է անում կամ դեմ է իշխանություններին, «գլխին բամփում են» կամ կալանավորում

Ապրիլ 21,2015 12:30

Ուրիշի կտուրում նռնակ գտնելը դեռեւս զանգվածային անկարգություն կազմակերպելու հանցագործության նախապատրաստության ապացույց չէ

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի հիմքը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին ՀՀ տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունն է, ըստ որում՝ նրանք կոչ են արել «չենթարկվել իշխանության ներկայացուցչի պահանջներին, անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ բռնություններ գործադրել եւ դիմել ուժային պայքարի»: Նկատենք, որ խնդիրը վերաբերում է քրեական իրավունքի տեսության «չավարտված հանցագործություններ» ինստիտուտին, ինչի քրեա-իրավական էությունը դիտարկենք ստորեւ:

Ըստ քրեական օրենսդրության՝ որպես դիտավորյալ հանցագործության փուլեր համարվում են ավարտված հանցագործությունը եւ չավարտված հանցագործությունները:
1) Հանցագործությունը ճանաչվում է ավարտված, երբ անձի կատարած արարքը պարունակում է Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կազմի բոլոր հատկանիշները, օրինակ, երբ անձը դիտավորությամբ դանակով հարվածում է տուժողին եւ պատճառում մահ, ունենք ավարտված հանցագործություն՝ նյութական հետեւանքով: Չավարտված հանցագործություններ են ճանաչվում հանցագործության փորձը եւ հանցագործության նախապատրաստությունը:

Himnadir_Xorhrdaran_10

2) Հանցագործության փորձը ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունն (անգործություն) է, որն անմիջական ուղղված է հանցագործության կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասել անձի կամքից անկախ հանգամանքներում, Քրեական օրենսգրքի 34 հոդված, օրինակ՝ անձը մուտք է գործել պահեստարան՝ ապրանքներ գողանալու, սակայն պահակը բռնել է: Հանցագործության փորձը ավարտված հանցագործությունից տարբերվում է անձի կամքից եւ վարքագծից անկախ գործողությունը (անգործությունը) ավարտված չլինելու կամ հասարակական վտանգավոր հետեւանքը վրա չհասնելու հանգամանքով:

3) Հանցագործության նախապատրաստությունը համարվում է ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասել այդ անձի կամքից անկախ հանգամանքներից, Քրեական օրենսգրքի 35 հոդված:

Հանցագործության նախապատրաստությունը համարվում է հանցագործության կատարման սկզբնական փուլ եւ նշանակում է հետագա ավարտված հանցագործություն կատարելու ուղղությամբ գործողությունների իրականացում, օրինակ՝ անձը նախապես կեղծում է փաստաթղթեր՝ հետագայում հանցագործություն կատարելու համար:
Հանցագործության նախապատրաստության հատկանիշներն են.
ա) հանցագործություն կատարելու համար միջոցներ եւ գործիքներ ձեռք բերելը կամ դրանց հարմարեցնելը: Այս խմբի մեջ մտնում են ամեն մի առարկաներ ու գործիքներ, ինչը ծառայում է հանցագործությունն ավարտին հասցնելու համար: Օրինակ՝ անձը ձեռք է բերում հրազեն կամ պայթուցիկ սարքեր՝ զանգվածային անկարգություններ կատարելու համար:

բ) Այլ պայմաններ ստեղծելը, դրանք հանցագործության միջոցներից ու գործիքներից բացի, հանցագործության նախապատրաստության համար ամեն մի գործողություն կատարելն է: Օրինակ՝ օբյեկտը, որտեղից գողություն է կատարվելու, տեսահսկելը, ձայնային ազդանշանների կամ լուսավորության անջատելը, ծրագրեր կազմելը եւ այլն:

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսդրությամբ նախապատրաստության հատկանիշ է շեշտադրված նաեւ մասնակիցներ ներգրավելը: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ վախեցնելու, խոստումներ տալու, սպառնալիքի կամ շանտաժի միջոցով ուրիշ անձանց ներգրավում են հանցագործության կատարմանը, ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդված:

Թվարկված հատկանիշները կոչվում են օբյեկտիվ հատկանիշներ: Իսկ նախապատրաստության սուբյեկտիվ հատկանիշը հանցանք կատարող անձի կամքից անկախ հանցանքը ավարտին չհասցնելն է: Այս հանգամանքը առկա է լինում, երբ սկսված հանցագործությունն ավարտին չի հասնում ոչ թե հանցանք կատարողի նախաձեռնությամբ (վախ, խղճալ, անվճռականություն եւ այլն), այլեւ օբյեկտիվ հանգամանքների ներգործությամբ, օրինակ՝ անսպասելի հայտնվում է անծանոթ անձ, միջամտում են իրավապահ մարմինները եւ այլն: Քրեական օրենսդրությամբ չավարտված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը առաջանում է Քրեական օրենսգրքի հատուկ մասի այն հոդվածով, ինչը նախատեսված է ավարտված հանցագործությունների համար եւ հղում է կատարվում օրենսգրքի 34 եւ 35 հոդվածները:

Այս հղումը հնարավորություն է տալիս չավարտված հանցագործությունները տարբերելու ավարտված հանցագործությունից:

Հաջորդը՝ չավարտված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունն առաջանում է միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, այսինքն՝ այդ հանցագործությունների պատասխանատվությունը սահմանափակված է:

Նկատենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու ծանր հանցագործության նախապատրաստության համար՝ Քրեական օրենսգրքի 35 հոդված եւ 225 հոդված: Տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմի գործողությունները բնորոշվում եւ ուղեկցվում են բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքը ոչնչացնելով, հրազեն, պայթուցիկ միջոցներ եւ պայթուցիկ սարքերի օգտագործմամբ եւ այլն: Հետեւաբար, այդ հանցագործության նախապատրաստության պարագայում պետք է հստակ ապացույցներ լինեին, որ ապրիլի 24-ին կամ հետագայում անկարգություններ կազմակերպելու նպատակով Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուս հանցակիցները ձեռք են բերել հանցագործության միջոցներ ու գործիքներ (հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր եւ այլն), կամ այլ պայմաններ են ստեղծել, այսինքն՝ նախապատրաստություն հանցագործության վերը դիտարկված օբյեկտիվ հատկանիշներն ակնառու պետք է լինեն:

Սակայն քննչական կոմիտեի հաղորդագրությունում այդ կարեւոր հանգամանքը թերեւս բաց է, ինչը նշանակում է զանգվածային անկարգություններ կազմակերպելը հանցագործության նախապատրաստության կազմի օբյեկտիվ կողմը բացակայում է (ուրիշի կտուրում նռնակ գտնելը դեռեւս զանգվածային անկարգություն կազմակերպելու հանցագործության նախապատրաստության ապացույց չէ):

Ինչ վերաբերում է հաղորդագրությունում զետեղված իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջները չկատարելու եւ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու առնչությամբ կոչերին, իմ պատկերացմամբ դրանք ինքնին քրեա-իրավական հետեւանքներ չեն կարող առաջացնել, քանզի հրահրող կոչերը արվում են զանգվածային անկարգությունների ընթացքում եւ ուղղված են լինում անկարգությունները կատարող ամբոխին եւ մասնակիցներին: Բացի դրանք, ըստ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի՝ «Իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջները չկատարելու կոչեր» օրենսդրական կառուցվածքի կոչը անելու պահից այդ հանցագործությունը համարվում է ավարտված:

Տրամաբանական հարց է ծագում. եթե անկարգությունները տեղի են ունենալու ապրիլի 24-ին կամ հետագայում, կոչերը ո՞ւմ են ուղղված կամ հասցեատերը ովքե՞ր են, աբսուրդ: Ըստ լրատվամիջոցների՝ Ժ. Սեֆիլյանն ասել է՝ եթե իշխանության ներկայացուցիչները գործեն անհամաչափ, դիմելու ենք անհնազանդության, սա միանգամայն ուրիշ հասկացություն է: Բանից պարզվում է, Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուսները մեղադրվում են «իշխանափոխություն ենք անելու», «դիմելու ենք քաղաքական անհնազանդության» կամ իշխանությունների դեմ այլ կոշտ արտահայտությունների եւ դատարակ արտաբերումների համար: Իմիջիայլոց, նման պարագաներում իրավապահ մարմինները պարտավոր են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ իրականացնելու, այլ ոչ թե անմեղ մարդկանց ազատությունից զրկել են կամ գլխին գործ սարքեն: Ըստ քրեական իրավունքի տեսության, հանցագործության զարգացման դիտավորության մտահղացումը (հանցագործություն կատարելու ցանկություն առաջանալը), դիտավորության հայտնաբերումը եւ հանցագործություն կատարելու որոշում ընդունելը ինքնըստինքյան հանցագործության կազմ չեն առաջացնում, քանզի այդ էտապները կապակցված չեն հասարակական վտանգավոր գործողության հետ (см. «Комментарий к Уголовному Кодексу РФ», Московская государственная юридическая Академия, г. Москва, 2010г.,ст.74): Դատական պրակտիկայում նման սխալներ ունենք:

2009թ. սփյուռքահայ հրապարակախոս եւ պատմաբան Սարգիս Կալաջյանին էլ «Վարչապետին սպանելու փոխարեն պետք է սպանել նախագահ Սերժ Սարգսյանին» արտահայտության համար մեղադրանք է առաջադրվել պետական- քաղաքական գործչի նկատմամբ ահաբեկչություն (սպանության ձեւով) նախապատրաստության համար եւ կալանավորել են: Այնուհետեւ, 8 ամիս անց, դատարանը դռնփակ դատավարությամբ արդարացնող դատավճիռ է կայացրել:

Ի դեպ, գրեթե բոլոր պայմանները կային Շանթի մտահղացումները նախականխելու համար, մինչդեռ «հեղափոխականի» գլխին գործ սարքեցին եւ ունեցանք չարամիտ խուլիգանություն կատարող 12 դատապարտյալ, երբ իրականում արարքի դրդապատճառը քաղաքական խնդիրներն էին:

Ստացվում է՝ ով իշխանափոխության կոչ է անում կամ դեմ է իշխանություններին, «գլխին բամփում են» կամ կալանավորում:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մոսկվա, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930