Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախերի» տեսակները

Ապրիլ 21,2015 10:20

Վերջերս մի քանի օրվա տարբերությամբ երկու բանավեճ եմ վարել՝ երկուսի դեպքում էլ 60-ն անց մարդկանց զրուցակիցներն էին 40-ին մոտ մասնակիցներ: Չեմ ուզում անունները տալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես դատավորի դեր եմ ստանձնել՝ 4-ն էլ զարգացած, կարդացած, խորը ինտելեկտով մարդիկ էին: Բայց ինձ թվաց, որ երկու դեպքում էլ «տարեցների» մտածողությունն ավելի ազատ է եւ անկաշկանդ, քան երիտասարդներինը: Վերջիններիս մտքերը գուցեեւ ավելի ճիշտ էին, բայց ավելի շաբլոնային, պակաս «ռիսկային»: Թվում է, թե պետք է հակառակը լիներ՝ որքան քիչ է մարդ ապրել «սովետի» պայմաններում, այնքան պետք է զուրկ լինի տարբեր տեսակի վախերից:

Բայց ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ. «վախերը» նույնպես տարբեր են լինում: Կա գենետիկական վախ, որ գիշերը քո դուռը կթակեն, կմտնեն «քաղաքացիական հագուստով մարդիկ», տակնուվրա կանեն քո բնակարանը ու կտանեն քեզ անհայտ ուղղությամբ: Այդ վախի պարագայում թերեւս ճիշտ է ընդհանուր սկզբունքը. այն վերանում է ամեն մի նոր սերնդի ասպարեզ գալուց եւ այսօր գրեթե հաղթահարվել է: Իհարկե, շատերն ինձ հետ կվիճեն, բայց բավական է մտնել համացանց՝ համոզվելու համար, որ այսօր ով ինչ մտածում՝ ասում է, նաեւ՝ ոչ այնքան «գեղագիտական» ձեւակերպումներով:

Սակայն կա մեկ այլ վախ, որ ավելի բարդ, ավելի բազմաշերտ բնույթ ունի՝ դա սեփական խմբի կամ ավելի լայն՝ ազգային մակարդակով ձեւավորված հասարակական կարծիքին հակադրվելու վախն է: Համեմատեք՝ դուք կարող եք ցանկացած պաշտոնյայի հասցեին ասել կամ գրել ցանկացած հայհոյանք՝ այդ վախը մենք, կարծես թե, հաղթահարել ենք: Բայց փորձեք խոստովանել, որ չեք ատում թուրքերին, նրանց դարավոր ոսոխ չեք համարում, որ մեր խնդիրը Թուրքիայի իշխանությունների հետ է, ոչ թե ժողովրդի: Փորձեք պնդել, որ Հայաստանը չի կործանվում: Կամ՝ ավելի կենցաղային օրինակ բերեմ՝ փորձեք հայ վարորդներին ասել, որ պետք է հարգել երթեւեկության կանոնները: Ձեզ նույն պահին «հում-հում կուտեն»:

Այսպիսով, կան ոլորտներ, որտեղ ավելի «անվտանգ է» մնալ ընդունված կարծրատիպերի շրջանակներում: Եվ այստեղ, որքան էլ դա զարմանալի թվա, ավագ սերունդն ավելի ճկուն է գտնվում: Չեմ կարող տալ դրա «գիտական բացատրությունը»՝ ենթադրում եմ, որ այստեղ դեր ունի կյանքի փորձը եւ այն գիտակցությունը, որ այն, ինչ անվերապահ ճշմարտություն է համարվում այսօր, վաղը կարող է վերանայվել:

…Իսկ գուցե տարիքի հետ մարդիկ հասկանում են, որ գովասանքը կամ հայհոյանքն ընդամենը համեմունքներ են: Կյանքի հիմնական ուտեստը պատրաստում ես դու ինքդ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Իսկ դուք, եթե ասում եք «ամեն ինչ հիանալի է», քանի որ, մնացածը կոնֆորմիստ են, իսկ դուք իբրև թե ըմբոստ… էտ էլ մի բան չի…
    Եթե ազնիվ լինեիք, ձեր ստատիստիկական տվյալներին կհավատայինք, բայց ինչպես հայտնի է՝ ստատիստիկական տվյալները նույնպես կեղծ են…
    Հետո՝ այս տեսքով խոսակցությունը ոչնչի մասին է… կործանման ձեր չափանիշները և պարամետրերը տվեք, որ հասկանալի լինի ինչի մասին եք խոսում… Թե չէ, կարող է կործանում ասելով՝ նկատի ունեք, ասենք, աստվածաշնչյան՝ համաշխարհահային ջրհեղեղի տարբերակը։ Եթե դա է կործանման չափանիշը, միանգամայն իրավացի եք՝ համաշխարհային ջրհեղեղ մոտակա 50 տարում՝ չի սպասվում..)))..

  2. Ընթերցող says:

    Լավ ասենք թե չենք ատում թուրքերին, նրանց դարավոր ոսոխ չենք համարում: Նման բան քարոզոգների վերջի ուզածն ինչ է: Որ ասենք “ես թուրքն էլ են թուրքը չի”?

    Են թուրքը չի, որ ցեղասպանություն արեց, բայց չգիտես ինչու հերքում է ցեղասպանությունը ու փաստորեն շարունակում նախնիների գործը: են թուրքը չի, բայց շարունակում պատերազմը զենք, զինվորական ուղարկելով Ադրբեջան ու շրջափակելով Հայաստանը: են թուրքը չի, բայց շարունակում է ոչնչացնել հայերի մշակութային ժառանգությունը, այսինքն նորից շարունակում է ցաղասպանությունը մաքրելով հայերի հետքերը իրենց բնորանից:

    Լավ, ինքներդ ասեք, այս ամեն ինչը մի դար ձգվում է թե չի ձգվում: Նայեք օրացույցին ու ասեք դարավոր ոսոխ համարենք թե չէ: Ամենաքիչը մի դար շարունակում են թուրքերը ցեղասպանություն կատարել, պատերազմել: 1915 թ-ից առաջ էլ նորից կոտորել են, ոչ միլիոնով, բայց տասնյակ հազարներով: Ոսոխ չեն? դարավոր չի?

    Եթե ասում են մի ատեք, սարնաստորեն մոտեցեք, որ թշնամուն ավելի լավ գնահատեք ու դա ձեզ կոգնի հաղթեք դարավոր ոսոխին, էլի կհասկանանք: Բայց դե համ եդ “ես թուրքն են էլ թուրքը չի” քարոզիչներին գիտենք 100 տարուց ավել, համ թուրքին, այնպես որ հույս ունեմ, որ իրոքն նման բան ասողին “հում հում կուտեն” ինքնապահպանման բնազդից գոնե ելնելով:

  3. Hayk says:

    Իմ կարծիքով, 55, 60—անց մարդիք շատ ավելի իմաստուն են, դա կյանքի փորձն է,բայց նրանք ֆիզիկապես ավելի թույլ են: Երիտասարդները պետք է զբաղվեն գիտությամբ, արվեստով, սպորտով, նորարարությամբ, երկիրը ոտքի կանգնեցնելով, կառուցելով, իսկ քաղաքականությունը պետք է մնա հիմնականում մեծահասակներին, ովքեր լավ կրթված են, լավ գիտեն պատմությունը(դա շատ կարևոր է):…………… Հիմա ինֆորմացիա ստանալու շատ հնարավորություն կա, ու ես նկատել եմ, որ խելացի դատողություններ, ճիշտ լուծումներ առաջարկող քաղաքագետների ճնշող մեծամասնությունն ամբողջ աշխաрհում հե՛նց մեծահասակներն են:

  4. Hayk says:

    Մանկահասակ երեխաներին մենք արգելում ենք կրակի հետ խաղալ, որովհետև նրանք չեն հասկանում ու կարող են այրվել: Հենց նույն կերպ էլ երիտասարդները դեռ շատ բան չեն հասկանում, չնայած իրենց թվում է, թե արդեն ամեն ինչ գիտեն ու չե՛ն այրվի կրակի հետ խաղալուց: Պատահական չի, որ բոլոր վտանգավոր գործերում օգտագործվում են հենց երիտասարդները, որոնք դյուրահավատ են ու էմոցիոնալ, բայց ո՛չ երբեք հեռատես: Ցեղասպանությունն էլ հիմնականում իրագործվեց երիտթուրքերի միջոցով:

  5. Ruben says:

    Գենետիկական վախի պատվաստանյութը արտադրվում է «հայկական» «Վատիկանում»:
    Վերադարձեք նահապետական կարգերին, որ հայ մնաք:

  6. Avag says:

    Ինձ թվում է Հայաստանում ամենավախվորածը ԶԼՄ-ներն են և պետք չէ խափվել իշխանությանն ուղղված քննադատության հեղեղով,բոլորը հիմնական հարցերը դիտավորյալ շրջանցում են,որոհետև իրոք վախենում են բարձրացնել և բարձրաձայնել հիմնական հարցերի մասին,հարցրեք պարոն Աբրահամյանին ինքը թերևս կպարզաբանի,կարծում եմ այդքանը կարող է իրեն թույլ տա՝,կոմենտներում մեկնաբանել թե ինչի մասին է խոսքը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930