Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր գործերում նույն ցավն է, որը մեր սերունդների սրտից դեռ երկար ժամանակ չի վերանա». Հասմիկ Պողոսյան

Ապրիլ 20,2015 22:45

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Լևոն Թութունջյանի՝ 1930 թվականին ստեղծված «Դեղին դիմակ» հայտնի գեղանկարը, որը «Բարձր արվեստ» կենտրոնը նախորդ տարի է ձեռք բերել:

Այն ներկայացվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացված «Ծաղկած ծիրանի» ցուցահանդեսում, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ մշակույթի նախարարությունը և «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը:

Ցուցահանդեսում ներկայացված են «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի հավաքածուում ընդգրկված մոտ 40 ստեղծագործություններ:

2015-04-20-16.18

Տարբեր սերունդներ, տարբեր ժամանակաշրջաններ, տարբեր ոճեր ու ժանրեր… Իսկ թեման նույնն է՝ Հայոց ցեղասպանություն:

Ներկայացված են նաև Երվանդ Քոչարի, Սարգիս Մուրադյանի, Վարուժան Վարդանյանի, Մինաս Ավետիսյանի, Ֆելիքս Եղիազարյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Վարդիթեր Կարապետյանի, Ներսես Մելիքյանի, Գայանե Խաչատուրյանի, Արա Հայթայանի և հայտնի այլ արվեստագետների ստեղծագործություններ, որոնք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացված կլինեն մինչև մայիսի 10-ը:

«Շատ տպավորիչ ցուցահանդես է, որովհետև այստեղ միաժամանակ ներկայացված են տարբեր սերունդների աշխատանքներ: Ու թեև տարբեր են ոճերը, ձեռագրերը և այլն, բայց բոլոր աշխատանքների մեջ նույն ցավն ես զգում. այն ցավը, որը մեր սերունդների սրտից դեռ երկար ժամանակ չի վերանա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ցուցահանդես այցելած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Բարձր արվեստ» կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Բեգլարյանը, կենտրոնը 2015 թվականն սկսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների շարքով: Մեկնարկը տրվել է Լիբանանում:

n1(7)

«Արդեն պայմանավորվածություն կա Մարսելի քաղաքապետարանի հետ, որ այստեղ ցուցադրված հավաքածուն ամռանը ներկայացվի այնտեղ, իսկ աշնանը, ամենայն հավանականությամբ, կցուցադրվի Վիեննայում»,- տեղեկացրեց Ա. Բեգլարյանը:

Նկարիչ Ներսես Մելիքյանը ցուցահանդեսին ներկայացրել է իր «Ոսկե ծիրանենի» շարքի ծառերից մեկը:

Aravot.am-ի հարցին, թե որքանով է ծիրանենին առնչվում Հայոց ցեղասպանության թեմային, նկարիչը պատասխանեց. «Ծառն ինձ համար վերածննդի խորհրդանիշ է: Եթե 100 տարի մտովի հետ գնանք և հետո գանք մեր օրեր, ապա այսօրն ինձ համար վերածնունդ է»:

Նկարիչ Տիգրան Ասատրյանը տաթևացի տատիկի հայացքի մեջ է տեսել հայի վիշտը ու որոշել նկարել նրան. «Ես Տաթևում տեսա տանձ վաճառող մի տատիկի, որի հայացքի, ձեռքերի մեջ այնքան կյանք կար, և, միաժամանակ, Ցեղասպանության, ընդհանրապես հայի բարդ ճակատագրի նստվածքը կար նրա հայացքի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց նկարիչը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930