Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պոլսահայ արվեստագետ Ժուլիա Մութլուի՝ «100 տարի–100 հայկական տարազ» համերգ-ցուցադրությունը: Միջոցառմանը աջակցել են Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը և «Վերդե» ՍՊԸ-ն:
Համերգ-ցուցադրությանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ոլորտի մասնագետներ, մտավորականներ, հյուրեր:
Ցուցադրությունը բացման խոսքով ներկայացրեց ձեռնարկի աջակից, «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար:
Նա նշեց. «Պատմական տարազների այսօրվա ցուցադրությունը հագուստների պարզ ներկայացում չէ, այլ հուզումով ու մեծ անհանգստությամբ կատարած ուխտագնացություն՝ դեպի մեր նախնիների՝ դժբախտ պապերի հայրենիք, դեպի նրանց ստեղծած քաղաքակիրթ և ճաշակավոր ապրումները»:
Ներկայացվեցին 1590-2015 թթ. միջև ընկած ժամանակահատվածում հայ ժողովրդի տարբեր դասակարգերի և սեռերի տարազները՝ հողագործից մինչև Օսմանյան շրջանի վաճառական, նաև՝ զարդեղեններ, գլխանոցներ, տրեխներ, հագուստներ, տաբատներ:
Ցուցացանդեսը մեկնարկեց ալաշկերտցի գեղջկուհու տարազի ներկայացմամբ, այնուհետև ցուցադրվեց ամասիացի նորահարսի հանդերձանքը, Կուտինայի քաղաքաբնակ տղամարդու տարազը, Մոկս գավառի աղջկա և տղամարդու, Վասպուրականի լեռնային Շատախ ավանի ընտանիքի, Զեյթունցի ռազմիկի և տարբեր գավառների հայուհու, հայ վաճառականների, երևանցի ունևոր տիկնոջ տոնական հագուստի, շուշեցի աղջկա, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մի աշուղի, թիֆլիսեցի հայ կինտոյի, վանեցի քաղաքաբնակ կնոջ, սասունցի տղամարդու, հայ միանձնուհիների ամենօրյա, կաթողիկոսի և սարկավագի ծիսական հանդերձանքներ, տարազներ: Հատկանշական էր Հայոց ցեղասպանության նահատակ բանաստեղծի՝ Սիամանթոյի մոր հարսնության զգեստը 19-րդ դարի և այլ տարազներ:
Տարազներների ցուցադրությունը հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց պատկերացում կազմելու ոչ միայն քաղաքաբնակ և գավառաբնակ մեր ժողովրդի անցյալի բարքերի, տարազները ստեղծած կանանց ճաշակի, ստեղծագործական մոտեցումների, այլև բարքերի ու սովորույթների մասին:
Ծրագիրը ներկայացնելով, հեղինակը՝ Ժուլիա Մութլուն նշեց. «Այս ցուցադրությամբ, երիտասարդների շնորհիվ ես ցանկացա ներկայացնել մեր նախահայրերի ավանդական տարազները՝ տարբեր միջավայրներում: Շուրջ 70 տարազ պատրաստել էի դեռևս 2011-ին, իսկ 2015-ին այդ թիվը հասցրի 100-ի: 1590-ական թթ.-ից մինչև մեր օրերը մեր երգերը, պարերը և տարազները փոփոխությունների են ենթարկվել: Այս հավաքածուն Ձեր դատին ներկայացնելու գործում իրենց ներդրումն են բերել Ժանին Փափազյանը, Արամ Կոստանյանը և բազմաթիվ շնորհաշատ երիտասարդներ, որոնց ես շնորհակալություն եմ հայտնում»:
Միջոցառման ընթացքում իր մշակած հայկական տարազները ներկայացրեց նաև Հայաստանի «Տերյան» մշակութային կենտրոնը՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի նվագակցությամբ:
Միջոցառման երկրորդ հատվածում Պոլսից ժամանած հայ արվեստագետները ներկայացրեցին երաժշտական բեմականացված համարներ:
Ժուլիա Մութլուի բեմադրությամբ՝ Արա Գևորգյանի «Մուսա լեռ» երաժշտության և «Լուսնյակ գիշեր» ժողովրդական երգի ներքո հանդես եկավ Պոլսից ժամանած աղջիկների և տղաների պարախումբը:
Նույն պարախմբի սաները ներկայացրին նաև Արամ Կոստանյանի կողմից բեմադրված պարային համարը՝ Վահան Թեքեյանի «Հայկական եկեղեցին» բանաստեղծության մոտիվներով:
«Էրեբունի-Երևան» և «Կիլիկիա» երգերի կատարմամբ հանդես եկավ Սահակ Պարթև Կարեանը:
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրով, ջերմությամբ անսահման ուրախությամբ եմ ողջունում ձեզ այսօր, այստեղ՝ Մայր Հայրենիքում՝ հայաստանյան ամենաշքեղ բեմերից մեկում, որտեղ դուք, իսկապես մշակութային հրավառություն իրականացրիք, որն իր պատմական նշանակությամբ, իր բովանդակությամբ, իր ազգային արժեքով ու նշանակությամբ հուզեց ու հիացրեց բոլորիս: Միևնույն ժամանակ՝ մենք բոլորս ապրեցինք մի խորին տխրություն, քանի որ մեզանից յուրաքանչյուրը ձեր շնորհիվ տեղափոխվեց պատմական հայրենիք և զգաց նրա իրական գույների համանվագը, շունչն ու սրտի բաբախը՝ վերակերտելով բոլոր գավառների յուրահատուկ ոճն ու կերպարները: Հսկայական աշխատանք է կատարված, շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով իր ներդրումն է ունեցել, որ մենք կարողանանք վայելել, այս բացառիկ մշակութային իրադարձության ականատեսն ու վկան դառնալ: Հպարտ եմ, որ այս ձեռնարկն իրականություն դարձավ՝ ևս մեկ անգամ վկայելով մեր բարձր մշակույթի և քաղաքակրթության մասին: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այս ցուցադրությունը առանձնահատուկ տեղ է գրավում»:
Բարձր գնահատելով պոլսահայ արվեստագետների ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Ժուլիա Մութլուին պարգևատրեց Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով, Ժանին Փափազյանին՝ «Արշիլ Գորկի» մեդալով, Սահակ Պարթև Կարեանին՝ նախարարության պատվոգրով, իսկ Արամ Կոստանյանին՝ շնորհակալագրով:
ՀՀ սփյուռքի նախարարություն