Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է վերջ դնելու ամոթալի լռությանը»

Ապրիլ 20,2015 22:10

ԵԽԽՎ նիստում ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթը

Հարգելի գործընկերներ,

Այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի` նկար սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել:

Մեկ այլ գործընկեր Ռզայեվը րոպեներ առաջ փաստերի հերթական խեղաթյուրման վառ օրինակ ցույց տվեց, այս անգամ իբր մեր կողմից փակ արխիվների հետ կապված, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը:

Իսկ հիմա թույլ տվեք անցնել իմ ելույթին:

Ուղիղ հարյուր տարի առաջ` 1915թ. ապրիլի 24-ին, Կոստանդնուպոլսի հայկական հսկա համայնքի սերուցքը ձերբակալվեց և ոչնչացվեց: Դա քսաներորդ դարի առաջին` Հայոց Ցեղասպանության սկիզբն էր:

Թվում է` հարյուր տարի անց ոչինչ էլ չի փոխվել: Մենք չմիջամտեցինք նացիստական Գերմանիայում կատարվողին` մինչ պատերազմն ինքը չթակեց մեր դուռը: Ռուանդայում մենք դավաճանեցինք մի ամբողջ ժողովրդի` մինչ դիվանագիտական եզրույթներով խուսափում էինք կոտորածն իր անվամբ կոչելուց: Կամբոջայի ցեղասպանությունը մենք անգամ չնկատեցինք: Սուդանի պարագայում օգտագործում ենք բառը, որովհետև ոճրագործն Արևմուտքում բարեկամներ չունի: Սիրիայում և Իրաքում մենք հետևում ենք բոլոր ոչ-սուննի փոքրամասնությունների ընթացող ցեղասպանության նորություններին և շարունակում ենք դատարկ ու սին հայտարարություններ և դատապարտումներ հրապարակել, որոնք որևէ կերպ չեն կարող կասեցնել նույն այդ փոքրամասնությունների բնաջնջմանն ուղղված մոլի արշավը: Եվ դարձյալ մենք աճպարարում ենք սարսափազդու «Ց»-ով սկսվող բառին հարող այլ բառերի հետ, որովհետև եթե հանկարծ համարձակվենք արտաբերել այդ բառը, կզայրացնենք մի կարևոր դաշնակցի` արյունարբու մի դաշնակցի: Բացի այդ` բառն արտասանելու պատճառով պարտավոր կլինենք միջամտել, իսկ միջամտել մենք չենք ուզում և չենք միջամտելու: Եվ քանի որ ոչնչացող փոքրամասնություններին փրկելու հարցում նավթային շահեր մենք չունենք` ցեղասպանությունը շարունակվում է:

Հարյուր տարի անց` մենք Եվրոպայում կարծում ենք, որ ավելի լավն ենք, ավելի քաղաքակրթված և մեծապես հղկված և կարծում ենք թե Երրորդ Ռեյխի օրերն այնքան հեռվում են մնացել … Եվ իհարկե, մենք անչափ սխալ ենք, անչափ մոլորված և անչափ կեղծավոր:

Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին և Սիրիայի իր բազում դաշնակիցների` ամենատարբեր ապստամբների և իհարկե` Իսլամական Պետության հետ միասին, այս անգամ անուղղակիորեն դարձյալ և մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Եվ անում է դա նույն վճռականությամբ, և նույն ֆանատիզմով:

Մենք հրաշալի գիտենք թե ինչ է եղել այն ժամանակ և հրաշալի գիտենք թե ինչ է տեղի ունենում այսօր: Եվ դարձյալ նախընտրում ենք լռությունը` խղճի խոսքից: Մենք նույնն ենք մնացել և դրա արդյունքում առավել բարբարոս մի Չորրորդ Ռեյխ է հառնում այսօր քաղաքակրթության բնօրրանում …

Հարյուր տարի անց` պարզվում է, որ «Ց»-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի Պապ, Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռևս զգուշանում են արտաբերել:

«Ցեղասպանությունն» այն բառն է, որ պե՛տք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից` որ հետևում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո` Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր և այո՛ մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո` մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին` մեկ այլ հանցանք է ինքնին:

Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը: Եվ այո` հանցավոր անտարբերությանը նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930