Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ուր ցուցադրվեց պոլսահայ երիտասարդների ավանդական հայկական տարազները, ներկայացվեց 1590-2015 թթ.ժամանակահատվածը:
Այս անգամ ցուցադրված հայկական տարազների թիվը հարյուր էր:
Նախորդ ցուցադրությունը եղել էր չորս տարի առաջ՝ 2011-ին, եւ ինչպես ներկայացվեց, այդ ժամանակ ցուցադրվել է 85 տարազ:
Խորհրդանշական հարյուրը պատահական չէր, եւ ըստ կազմակերպիչների, յուրահատուկ Ուխտագնացություն էր մեր պապերի երկիրը:
Ի դեպ, այս միջոցառմանը մասնակցում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, սփյուռքի եւ մշակույթի նախարարները:
Առաջինը ցուցադրվեց Էրզրումի տարազը, ինչպես, նշվեց՝ սրբազան երկյուղածությամբ:
Տարազները բազմազան էին ոչ միայն իրենց աշխարհագրությամբ, Ալաշկերտից Լոռի, Պոլսից Թիֆլիս, այլ դրանք կրողների՝ սոցիալական խմբերի բազմազանությամբ: Մասնավորապես, Շուշվա գեղջկուհուց մինչեւ Երեւանի «ունեւոր տիկին», տիգրանակերտցի այր ու կնոջից մինչեւ ապարանցի գեղջկուհու, մշեցի աղջկա եւ տարեց կնոջ, վանեցի մեծահարուստ տղամարդու տարազի կողքին կաթողիկոսի ավանդական տարազն էր:
Ցուցադրումը ուղեկցվում էր ինչպես տեղի բնակչության քանակի մասին հակիրճ ինֆորմացիայով, այնպես էլ տեղի հոգեւոր կենտրրոնների եւ դպրոցների մասին տեղեկատվությամբ:
Դահլիճը լեփ-լեցուն էր, մասնավորապես, սփյուռքահայերով:Հավանաբար, այդ հանգամանքն էին հաշվի առել կազմակերպիչները, որ միջոցառումը վարում էին արեւմտահայերենով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ