Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Թվում է՝ երբեմն մոռանում ենք, թե ինչի համար ենք հավաքվել այստեղ՝ Ստրասբուրգում». ilur.am

Ապրիլ 20,2015 21:45

Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանն այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ ելույթ է ունեցել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական դաշինքի՝ ALDE-ի անունից:

Ելույթը ներկայացնում ենք ստորեւ.

«Եվրոպայի խորհրդի գոյության ամբողջ իմաստն, առաջին հերթին, ժողովրդավարությունն է եւ մարդու իրավունքները: Նրա գոյության իմաստն է նաեւ արդար ընտրությունները եւ իշխանություններին ընդդիմություն լինելու իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաեւ բռնատիրություն հաստատելու փորձերի դեմ սահմանադրական երաշխիքների պաշտպանությունը:

Հայաստանում ընտրությունների պարբերաբար կեղծումը անհնար է դարձրել ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը: Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր տասնյակ ընդդիմադիրներ հարձակման են ենթարկվել հանցավոր խմբերի կողմից, որոնք, ակնհայտորեն, կապված են իշխանությունների հետ, եւ հինգ մարդ է ձերբակալվել՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու շինծու մեղադրանքով: Առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարը հրաժարական տվեց եւ հեռացավ քաղաքականությունից՝ իր եւ իր ղեկավարած կուսակցության նկատմամբ բռնաճնշումների պատճառով, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հեռուստաուղերձով պահանջեց նրան հրաժարական տալ եւ զերծ մնալ հետագա քաղաքական ակտիվությունից: Բռնաճնշումները մեկնարկեցին այն բանից հետո, երբ երեք առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերը դաշինք կնքեցին՝ ընդդիմանալու համար Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որոնք նպատակ ունեն խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելու միջոցով շրջանցել երրորդ նախագահական ժամկետի սահմանադրական արգելքը:

Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է: Ընտրությունների կեղծմամբ ապահովելով իշխող կուսակցության համար մոտ 90 տոկոսանոց հաղթանակ, կատարվել է սահմանադրական փոփոխություն, որը վերացրել է Իլհամ Ալիեւի երրորդ՝ անընդմեջ ժամկետի համար սահմանադրական խոչընդոտը, ինչը նրան դե ֆակտո ցմահ նախագահ է դարձրել: Տասնյակ ընդդիմադիրներ, լրագրողներ, բլոգերներ եւ մարդու իրավունքների պաշտպաններ ազատազրկվել են եւ պահվում են կյանքի համար վտանգավոր պայմաններում:

Բելառուսը փոխեց իր Սահմանադրությունը նույն եղանակով:

Վրաստանում ընդդիմության գրեթե ողջ ղեկավարությունը կամ ձերբակալվել է, կամ նրանց հանդեպ քրեական հետապնդում եւ քննություն է սկսվել՝ մտահոգություն առաջացնելով իշխանության հնարավոր չարաշահման կապակցությամբ:

Թուրքիայում ճնշում են լրագրողներին:

Ռուսաստանում՝ Բորիս Նեմցովի, Ուկրաինայում՝ Օլես Բուզինայի եւ Օլեգ Կալաշնիկովի սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս այդ երկրներում ընդդիմադիրների անվտանգության հարցի առնչությամբ:

Խորհրդարանական Վեհաժողովը եւ Մոնիթորինգի կոմիտեն պետք է մանրակրկիտ գնահատական տան անդամ երկրներում տեղի ունեցող այս գործընթացներին եւ անեն ամեն հնարավորը՝ ընդդիմադիր լինելու իրավունքն ապահովելու համար, հակառակ դեպքում մենք, թվում է՝ երբեմն մոռանում ենք, թե ինչի համար ենք հավաքվել այստեղ՝ Ստրասբուրգում»:

ilur.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930