Օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը գործը քննող քննիչից տեղեկացել է, որ նախաքննությունն ավարտվել է ու մոտ օրերս գործը կուղարկվի դատարան:
Պարոն Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ այդպես էլ առերեսումներ չունեցավ իր սնանկության պատճառ դարձած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:
Միակ առերեսումը Օֆշորային սկանդալում ներգրավված, 2014 թվականի հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի հետ էր, երկու անգամ նրա հետ է առերեսվել, երկու անգամն էլ Աշոտ Սուքիասյանը պնդել է, որ ինքն է նախկին վարչապետի ու Նավասարդ Կճոյանի ստորագրությունները կեղծել, որ վերջիններս իր բիզնեսին տանիք կանգնեն: Պարոն Հայրապետյանի խոսքով, այդպես էլ այդ ստորագրությունները փորձաքննության չենթարկվեցին՝ պարզելու համար, թե արդյոք իսկապես կեղծվել են, թե ոչ: Նա ասաց, որ իրեն սնանկության հասցնելու գործով հայաստանյան բոլոր դատական ատյանները դիմելուց հետո իր իրավունքները պաշտպանելու է մարդու իրավունքների եվրոպական դատարանում. «Իմ ունեցածը տվել եմ նախարարությանը, վարչապետին, պետությանը: Իմ ամբողջ 70 տարվա ունեցվածքն եմ կորցրել, վերցրել են ապօրինի ձեւով»:
Պարոն Հայրապետյանի խոսքով, Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումից հետո, գործի քննության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։
Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ