ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եվրամիությանն առաջարկել է աջակցել Հայաստանին անկախ լրատվամիջոց ունենալու հարցում: Այս մասին պարոն Զուրաբյանն ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 17-ին «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, որին ներկա էր նաեւ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
Պարոն Զուրաբյանը մեջբերել է ԵՄ զեկույցից մի հատված, որտեղ նշված է`«Մամուլի անկախության մակարդակը դեռեւս անբավարար է, նաեւ չկա առաջընթաց էլեկտրոնային ԶԼՄ-ներում բազմակարծություն ապահովելու ուղղությամբ»:
Aravot.am-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Արմեն Մկրտչյանից հետաքրքրվեց` թե ի՞նչ կարծիք ունի պարոն Զուրաբյանի հայտարարության մասին:
«Եվրոպական կառույցների զեկույցներ կան, ըստ որի տարեց տարի իրենք աճ են տեսնում` ժողովրդավարության եւ խոսքի ազատության Հայաստանի հանրապետությունում: Տարածաշրջանային առումով, բավականին, հաշվի առնելով Վրաստանի վերջին դեպքերը, հեռուստաընկերությունների հետ կապված, նույնիսկ իրենց ենք անցնում: Սա`մեկ: Իրականում Զուրաբյանի ասածը, ցավոք սրտի, իրականությանը չի համապատասխանում` զուտ ժամանակի սղության պատճառով ինֆորմացիային լավ չի տիրապետում»,-ասաց Արմեն Մկրտչյանը: Aravot.am-ի այն դիտարկմանը, որ պարոն Զուրաբյանը մեջբերել է ԵՄ զեկույցից, ՀՌԱՀ անդամն ասաց` «Ինքը մեջ է բերել ընդամենն այն, որ, միգուցե, դեռ չենք հասել Լյուքսեմբուրգի կամ Մեծ Բրիտանիայի մակարդակին, բնական է, դրան մի քիչ ճանապարհ ունենք անցնելու»:
Կարդացեք նաև
ՀՌԱՀ անդամի կարծիքով Հայաստանում բոլոր հեռուստաընկերություններն անկախ են: «2-րդ` անկախ հասկացությունը` Հայաստանի հանրապետությունում բոլոր հեռուստաընկերությունները մասնավոր են, եւ բնականաբար, անկախ են, բացառությամբ հանրայինի, որը նույնպես անկախ է, այլ կարգի` հանրային է: 3-րդը` մենք գիտենք, որ Հայաստանի հանրապետությունում հստակ խնդիր կա դրված` բաժնետերերի հետ, օտարերկրյա կապիտալի, եւ դա ոչ միայն մեզ մոտ: Քանի որ մենք աշխատում ենք մեր կոլեգաների հետ, ամբողջ աշխարհում գրեթե խնդիր կա բաժնեմասերի հետ, որ 50+1-ը պետք է լինի ազգային, այսինքն` այստեղ պետք է գրանցված լինի: Անկեղծ ասած իր (նկատի ունի Զուրաբյանի, Ն.Բ.) առաջարկներն էլ են մի քիչ անհեթեթ, թեկուզ նույն գործընկերների համար, որոնք քիչ թե շատ ծանոթ են թե’ միջազգային պարտավորություններին, թե’ միջազգային պայմանագրերին: Մեր օրենքը եվրոպական պլատֆորմն է հեռարձակումների, մեր օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ցանկությունը շատ լավ բան է, անկեղծ ասած, մենք էլ ենք ցանկանում, որ ամեն տարի ավելի բարձր ցուցանիշներ ունենանք»:
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ Լեւոն Զուրաբյանն ԵՄ-ին առաջարկել է անկախ հեռուստաընկերություն ստեղծելու աջակցության հարցում համագործակցել ՀՀ կառավարության հետ, որը ենթադրում է, որ պարոն Զուրաբյանը տեղյակ է 50+1 տեղական բաժնեմասերի մասին, ՀՌԱՀ անդամն ասաց. «Ես շատ մեծ հարգանք ունեմ ձեր թերթի, եւ ընդհանրապես, լրագրողների հանդեպ, բայց Լեւոն Զուրաբյանի ասածները թող մեկնաբանի ՀԱԿ-ի մամուլի խոսնակը»:
Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ դիմել ենք պարոն Մկրտչյանին, որպեսզի ՀՌԱՀ-ի կարծիքն իմանանք պարոն Զուրաբյանի` անկախ հեռուստաընկերություն բացելու մասին, արդյոք իրատեսական է, Արմեն Մկրտչյանն ասաց. «Ինքը գիտի՞ այդ 50+1-ի մասին: Որպեսզի թյուրիմացություն չլինի. ճիշտ կլինի ՀԱԿ-ը մեկնաբանի` իրենք ինչ են ուզում: Որպես ՀՌԱՀ անդամ, ասեմ` կա օրենք, որի սահմաններում անցկացվել են եւ անցկացվելու են մրցույթներ` 10 տարին մեկ: Եթե օրենքի սահմանում է, համապատասխանեն օրենքին, թող դիմեն ցանկացած հեռուստաընկերություններ, բնականաբար: Բոլորն էլ ազատ ու անկախ են որովհետեւ օրենքով հիմնադիրները չեն կարող լինել կուսակցություններ, եւ այլն»:
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ պարոն Զուրաբյանը նշել է` հեռուստատեսությունն ամենաազդեցիկ ԶԼՄ-ն է, եւ բոլոր հեռուստաընկերությունները գտնվում են նախագահի աշխատակազմի խիստ վերահսկողության ներքո, մինչդեռ ՀՌԱՀ անդամը պնդում է, որ անկախ եւ ազատ են, պարոն Մկրտչյանն ասաց. «Ես պետական ծառայող եմ եւ ղեկավարվում եմ օրենքով: Ես պնդում եմ, որ իր ասածը պետք է մեկնաբանի իր ղեկավարած կուսակցության մամուլի խոսնակը, ինքը շատ բան կարող է ասել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ