Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Ես այլևս «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ չեմ»

Ապրիլ 20,2015 20:21

Անցյալ տարի ամռանը հայտարարվեց «Ազատամարտիկների դաշինքի» ստեղծման մասին:

Մինչ Դաշինքի ստեղծումը, Դաշտային հրամանատարների խորհուրդը, որի անդամ էի նաև ես, բացի հանրահավաքներից և մարտական ընկերների համախմբման գործընթացից,  ձեռնամուխ եղավ  կլոր սեղանի շուրջ  համախմբել  Հայաստանի քաղաքական կուսակցություններին ու գործիչներին, որպեսզի  վերջիններս իրենց գնահատականը տան երկրում տեղի ունեցող իրադարձություններին,  ներկայացնեն իրենց մոտեցումները և առաջարկեն ելքեր՝ արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ:

Հետագայում, ինչպես տեսանք, խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերը, նախ քառյակ կազմով, իսկ հետո  եռյակի ձևաչափով՝ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, հաշվի առնելով երկրում առկա ճգնաժամային իրավիճակը,  հայտարարեցին համախմբման, հանրահավաքային շարժում և իշխանությունների հրաժարականը պահանջելու գործընթաց սկսելու մասին:

Մեզ նույնպես պետք էր միավոր ստեղծել, ազատամարտիկների համախումբ մի միավոր, որը գտնվելով առաջին դիրքերում, թույլ չէր տա նոր ապօրինություններ ու բախումներ: Ի սկզբանե՝ Դաշինքի կազմավորման ընթացքում, տարաբնույթ տարաձայնություններ, բնականաբար, առկա էին, բայց , ինչպես  88-ին, մենք իրավունք չունեինք վճռական պահին չմիավորվելու:

Ցավոք,  քաղաքական կուսակցությունները չիրականացրին տված խոստումը, և բոլորս ենք ականատես, թե ինչ ունեցանք դրա արդյունքում՝  եռյակը տրոհվեց, շարժումը մարեց:

Ինձ համար, ստեղծված նոր իրավիճակում,  որպես անհատ, որպես ազատամարտիկ, Դաշինքի շրջանակներում գործունեություն ծավալելն այսուհետ նպատակահարմար չեմ գտնում: Նախ, «Ազատամարտիկների դաշինքը» ստեղծվեց որոշակի ժամանակաշրջանում և որոշակի ռազմավարությամբ: Բնականաբար, այս պահին էլ կարևոր եմ համարում իմ մարտական ընկերների համախմբումը՝ կլինի Դաշինքի շրջանակներում, թե այլ կառույցի, բայց , որպես  հրապարակախոս, ինձ համար սահմանափակումներն անընդունելի են, իսկ որևէ կառույցի, այդ թվում և Դաշինքի շրջանակներում գործունեությունը, բնականաբար, ենթադրում է շատ արտահայտությունների և հայտարարությունների  համաձայնեցում:  Ես ինձ ազատ մտածող գործիչ եմ համարում, սովոր եմ իմ մտքերը բարձրաձայնել՝ առանց քաղաքական հաճոյախոսությունների կամ տողատակերի:

Այդ պատճառով էր նաև, որ ես հունվար ամսից հրաժարվեցի azatamart.am կայքի համակարգողի պարտականություններից:

Հաջորդ ոչ պակաս և գուցե ավելի կարևոր խնդիրը Դաշինքի խորհրդի անդամների մեծամասնության հետ իմ տարաձայնություններն են: Դա, անշուշտ, չի նշանակում, թե ես լավն եմ, նրանք՝ վատը կամ հակառակը, պարզապես այդպիսի պայմաններում իմ գործունեությունը հնարավոր չեմ համարում:

Ըստ այդմ,  ես այլևս «Ազատամարտիկների դաշինքի»  վարչության անդամ չեմ: Ինձ ճանաչող ու վստահող իմ ազատամարտիկ ընկերները և հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենան իմ այս որոշմանը:

Ես էլի մնում եմ պայքարողի իմ դիրքերում: Ես շարունակելու եմ անհաշտ պայքարը կեղծիքի ու անօրինականության դեմ, բայց թե ինչպես, ինչ խոսքերով ու քայլերով, իմ որոշելու գործն է, ինչի իրավունքը ոչ ոքի չեմ կարող տրամադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930