Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանված քրիստոնյաները նաև իմ քույրերն ու եղբայրներն են». Դանիել Դեքեր

Ապրիլ 20,2015 20:03

Ծագումով ամերիկացի, ընտրությամբ հայ. այսպես է իրեն բնութագրում երգիչ Դանիել Դեքերը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում՝ իր իսկ մեծ ցանկությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու, երաժիշտ Արա Գևորգյանի հետ «Սև ապրիլ» նախագծի աշխատանքներն ավարտելու և Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մեր երկրում լինելու համար:

Արա Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ Դանիել Դեքերի հետ ծանոթացել է, երբ վերջինս դիմել է իրեն իր երաժշտության հիման վրա երգի տեքստ գրելու խնդրանքով:

«Ես մեծ սիրով ու երախտագիտությամբ ընդունեցի առաջարկը: Եվ երբ Դեքերը վերադարձավ Ամերիկա, զանգահարեց ինձ ու ասաց՝ երգե՞մ, լսեք՝ ինչ երգ է ստացվել: Երգեց, ու ես ապշեցի: Ինձ հատկապես շատ դուր եկավ, որ երգը Նոյյան տապանի մասին էր, և երգի տեքստում ասվում էր՝ Արարատը Հայաստանն է, իսկ ասողն ամերիկացի է: Դրանից հետո ես Դեքերին հրավիրեցի Հայաստան, որպեսզի 2002 թ. Սարդարապատի իմ համերգին նա կատարի այդ երգը: Ահա այդ համերգի ժամանակ Դեքերը լսեց նաև «Ադանա» երգի երաժշտությունը և հարցրեց՝ կարելի՞ է այս երաժշտության հիման վրա էլ բառեր գրել ու դարձնել երգ: Ես, բնականաբար, համաձայնեցի»,- պատմեց Ա. Գևորգյանը:

Ահա այսպես սկսվում է երկու երաժիշտների համագործակցությունը, որի արդյունքում նրանց երկուսի մոտ էլ նույն գաղափարն է ծնվում՝ գրել երգ Հայոց ցեղասպանության մասին:

«Բացի այն, որ տեքստի հեղինակը ամերիկացի է և խոսում է մեր ցավի մասին, երգի մեջ կա նաև շատ կարևոր մի ուղերձ՝ ոճրագործները մինչ օրս չեն մեղադրված և չեն դատապարտված: Ասվում է նաև, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, դրա համար էլ մեզ կոտորել են: Սրանք ամբողջ երգի մեջ ինձ համար ամենակարևոր մասերն են»,- ասաց Ա. Գևորգյանը:

«Ես ինձ նմանեցնում եմ հայ ժողովրդին և դրան մեծապես նպաստում է քրիստոնյա լինելս: Ի վերջո, Ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց կրոնական հողի վրա: Իսկ դա նշանակում է, որ ցեղասպանված քրիստոնյաները նաև իմ քույրերն ու եղբայրներն են»,- ասաց Դ. Դեքերը:

Դառնալով նոր նախագծին՝ Արա Գևորգյանը նշեց, որ երկու օր առաջ ավարտել են «Սև ապրիլ»-ի նկարահանման աշխատանքները: «Սև ապրիլը» 2 մասից է բաղկացած՝ հայերեն և անգլերեն երգեր: Հայերեն՝ «Կանք ու կլինենք» երգի բառերը գրել է Լևոն Բլբուլյանը, իսկ անգլերեն տարբերակի («Remember») բառերի հեղինակը Դեքերն է:

«Ձայնագրեցինք նաև երգի երկրորդ մասը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի հետ: Մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինեն թե´ ձայնագրությունը, թե´ տեսահոլովակը»,- ասաց Ա. Գևորգյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930