Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանի գործով դատավորն ինքնաբացարկ չի հայտնել

Ապրիլ 20,2015 19:45

Վերաքննիչ դատարանը մերժեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի փաստաբանների՝ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արա Զաքարյանը:

«Թե՛ Պավել Մանուկյանի, թե՛ Գարեգին Չուգասզյանի կալանավորման հիմքերը նույնն են, այսինքն՝ նույն տեղեկություններն ու ապացույցներն են ներկայացվել, հետեւապես՝ նման  պայմաններում առնվազն միամտություն կլինի ակնկալել, որ նույն հանգամանքի վերաբերյալ դատավորը, որը մինչ այդ հստակ իր համոզմունքն է հայտնել, մեկ այլ մեղադրյալի նկատմամբ բոլորովին այլ հետեւության հանգել, այսինքն՝ հանգել, որ որպես այդպիսին հանցադեպի վերաբերյալ տեղեկություններ չկան, որ հիմնավոր կասկածներ չկան, որ Գարեգին Չուգասզյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, որ իրեն պետք է կիրառել միայն կալանքը եւ որ գրավի մերժումը զերծ չի պահի: Ես ակնկալում էի, որ դատարանը գոնե ձեւականորեն միջնորդությունը կբավարարի, այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմի բոլոր կասկածները փարատելու առումով ուղղակի բավարարում է, որ գործն այլ դատավոր լսի: Բայց ի զարմանս ինձ՝ դատավորը գտավ, որ Պավել Մանուկյանի գործով փաստական տվյալները բոլորովին այլ են, քան Գարեգին Չուգասզյանի գործով: Սա խոսում է այն մասին, որ դատավորներն անգամ անկախ չեն իրենց ինքնաբացարկի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, էլ ի՞նչ ակնկալիքներ ունենանք մեր բողոքները քննելիս որոշումներ կայացնելիս»,- ասաց նա:

Ապրիլի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հիմնադիր խորհրդարանի չորս անդամների գործերով բողոքները: Aravot.am-ի հարցին, թե բողոքարկելո՞ւ են դատարանի որոշումները, Արա Զաքարյանը պատասխանեց՝ այո՛. «Որեւէ ակնկալիք չունենալով, որ Վճռաբեկ դատարանը այն կբավարարի, հետագայում Եվրոպական դատարան դիմելու ակնկալիքով: Ի վերջո` պետք է պատասխան տրվի, թե ինչքա՞ն կարելի է, որ մեր դատական համակարգը նոտարի նման իշխանության ապօրինությունները օրինականացնի իր կնիքը դնելով»:

Խոսակցություններ կան, որ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամները ազատ կարձակվեն ապրիլի 24-ից հետո: Հետաքրքրվեցինք, թե փաստաբանի կարծիքով գործը նման ընթացք կստանա՞. «Չեմ ցանկանում կանխատեսումներով զբաղվել, ուղղակի կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ բոլոր քայլերը ցույց են տալիս, որ իշխանության հիմնական նպատակն է Ժիրայր Սեֆիլյանին եւ իր գործընկերներին ապրիլի 24-ին թույլ չտալ մասնակցել թույլատրված միջոցառմանը: Եթե իշխանությունը փորձի շարունակել այս անհեթեթությունը, ես չեմ կարծում, որ նա կկարողանա դատարանում դա ապացուցել, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկի, դժվարանում եմ ասել»:

Հարցին, թե հնարավո՞ր է մինչեւ ապրիլի 24-ը Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամների թիվն ավելանա, Արա Զաքարյանն ասաց. «Մեր իշխանությունները կանխատեսելի են այն առումով, որ իրենք պատրաստ են օրենքի բացահայտ ոտնահարմամբ կատարել ցանկացած ապօրինի գործողություն, միայն թե պահպանեն իրենց աթոռը: Այս առումով՝ չեմ բացառում, որ իշխանությունը կգնա այդ քայլին»:

Գարեգին Չուգասզյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը՝ ապրիլի 21-ին: Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Հիմնադիր խորհրդարանի չորս անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Արամ Հակոբյան, Գեւորգ Սաֆարյանի եւ Պավել Մանուկյանի գործերով բողոքները: Իսկ Վարուժան Ավետիսյանի գործով բողոքը դատարանը քննելու է ապրիլի 22-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930