Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Այս նստաշրջանի ընթացքում քննարկվելիք կարևորագույն թեմաներից են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցի վերանայումը, ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայում իրավիճակը:
Բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն անդրադարձավ այն խնդիրներին, որոնք Եվրոպայում շարունակվում են բաց՝ չլուծված մնալ և շեշտադրեց դրանցում ԵԽԽՎ-ի դերակատարության կարևորությունը:
ԵԽԽՎ նախագահը նախ անդրադարձավ Ուկրաինայի հարցին ու կրկին դատապարտեց ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումը: Այս համատեքստում տիկին Բրասյորը ևս մեկ անգամ շեշտեց, որ նստաշրջանի աշխատանքների ընթացքում անդրադարձ կլինի ՌԴ-ի պատվիրակության դեմ պատժամիջոցների վերահաստատմանը: Չլուծված հարցերի շարքում տիկին Բրասյորը հիշատակեց նաև Հայոց ցեղասպանությունը:
Նա, մասնավորապես, նշեց. «Իմ այցը Թուրքիա և Հայաստան առիթ դարձավ՝ հետադարձ հայացք գցելու 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին: Ապրիլի 24-ին Հայաստանը հիշելու է մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը, և ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերին և նրանց ժառանգներին»:
Կարդացեք նաև
Տիկին Բրասյորի համոզմամբ՝ բռնությունները այս հարցում չեն կարող լուծում լինել:
Նշենք նաև, որ Վեհաժողովն ընտրեց նաև երկու նոր փոխնախագահներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ