Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բանաստեղծի վերարկու հագած գիտնականը»

Ապրիլ 20,2015 18:04

Այսօր «Բյուրոկրատ» գրախանութում հյուրընկալվել էր կանադաբնակ գրող Ալան Ուայթհորնը: Ալան Ուայթհորնը Կանադայի Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի Թագավորական ռազմական քոլեջի քաղաքական գիտությունների պաշտոնաթող պրոֆեսոր է: Որպես ակադեմիկոս՝ Ալան Ուայթհորնը գրում է Հայոց Մեծ Եղեռնի, ցեղասպանության, մարդու իրավունքների մասին: Որպես պոետ՝ նա ուսումնասիրում է ցեղասպանության խնդիրները և դրա ազդեցությունը հայկական սփյուռքի ինքնության վրա: Հեղինակ է մոտ 150 ակադեմիական և լրագրային հոդվածների, ինչպես նաև հեղինակ և խմբագիր 9 գրքի։ Գրել է «Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային» (համահեղինակ), «Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ և վերհիշելով եղեռնը» պոեմը։

Բնութագրելով Ալան Ուայթհորնին, նրա «Վերադարձ դեպի Հայաստան» գրքի թարգմանիչ Արամ Արսենյանը Ալանին բնութագրեց իր իսկ խոսքով` «բանաստեղծի վերարկու հագած գիտնական է»: Արամ Արսենյանը նկատեց, որ ԱՄՆ սենատորները Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս մեջքերում են Ալանի գրածները, նաեւ ասաց, որ 10-15 տարի առաջ թուրքերը գլխագին էին սահմանել Ալանի համար, բայց Ալանին հաջողվել է խուսափել ու այսօր նա Հայաստանում է:

Ալան Ուայթհորնը Հայաստանում է գտնվում «Գրական տապան» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրողին գրողների միության վաստակի մեդալ շնորհեց: Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով Ալանի ստեղծագործությունների մասին, ասաց, որ կրեն հատկապես տպավորել է այն, որ Ալանի դիտարկումներն ամփոփում եւ ամբողջացնում են հայ իրականության մանրուք թվացող մանրամասները: «Ես գիտեի Հայաստանը միայն տղամարդկանց երկիր է, բայց կանայք ինձ առաջնորդեցին»,- գրել է Ալանը`ամփոփելով թե ինչպես է Հայաստանում փորձել փողոց անցնել ու ավտոմեքենաների անընդհատ հոսքի մեջ չի հաջողել, մինչեւ տարեց մի կին եւ փոքրիկ երեխայի հետ մի երիտասարդ կին նրան օգնել են փողոցն անցնել:

Մեկ այլ աշխատության մեջ մանրամասնելով թե ինչո՞ւ է Ցեղասպանության մասին գրում, Ալանն ասել է. «Աշխարհին բան ունեի ասելու»:

Դրական գնահատելով կանադահայ գրողի գործունեությունը Էդվարդ Միլիտոնյանը նկատեց. «Ամեն հայ բան ունի ասելու աշխարհին»:

«Ցեղասպանության հարյուրամյակին շատ կարեւոր է հիշել, սովորել ու այլոց էլ տեղյակ պահել»,- իր խոսքն այսպես սկսեց կանադահայ գրողը: Նա երկար ու մանրամասն պատմեց իր ընտանիքի պատմությունը`ինչպե՞ս է տատիկը գաղթել ու հասել Կանադա, մեծացել է որբանոցում, ապա ամուսնացել անգլիացու հետ ու ընտանիք կազմել, բայց իր զավակներին ու թոռներին մշտապես աշխատել է մոտ պահել իր արմատներին: Գրողի տատիկը 1947-48 թվականի հայրենադարձության տարիներին եկել է Հայաստան, ապա նորից մեկնել է Կանադա: Ինքը`Ալան Ուայթհորնը 1960-ականներից Հայաստան գալու մի քանի անհաջող փորձեր է կատարել, բայց 2011-ից մի քանի անգամ հաջող է լինել Հայաստանում: Դեռ 1980-ականներից Ալանը սկսել է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության մասին հասանելի արխիվները ու դրանց հիման վրա տարբեր հրապարակումներ ունեցել ամերիկյան մամուլում: Մի անգամ Թուրքիայի դեսպաններից մեկն անգամ պաշտոնական նամակ է հղել թերթերից մեկի խմբագրություն, մի հրապարակման առիթով ու տեղեկացրել, որ հայերի Ցեղասպանություն չի եղել: Ալանը սկսել է արդեն փաստաթղթեր հրապարակել`ի պատասխան թուրքական ժխտողականության:

Հանդիպման ժամանակ կանադահայ գրողի բանաստեղծությունների ընթերցումներ էլ եղան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930