Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական նվերներ Արցախում. բնակիչներին սառնարաններ են նվիրում

Ապրիլ 20,2015 17:52

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը շարունակում է ահազանգել նախընտրական շրջանում իրենց նկատմամբ Արցախի իշխանությունների գործադրած ճնշումների մասին:

Հիշեցնենք, որ Արցախում մայիսի երեքին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Կուսակցության շտաբի պետ եւ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանը (լուսանկարում) Aravot.am-ին պատմեց. «Մեր հանդիպումները տարբեր հիմնարկներում փորձում են ձախողել: Մարդկանց հրահանգավորում են՝ չմասնակցել մեր հանդիպումներին, հակառակ դեպքում աշխատանքից կազատվեն: Մեր համակիրներին ԱԱԾ աշխատակիցները սպառնում են, եթե համագործակցեն կամ օգնեն մեզ, խնդիրներ կունենան»:

Նրա խոսքով, վերջերս ստիպված են եղել իրենց շտաբի համար նոր տարածք փնտրել, քանի որ նույնիսկ շտաբի համար տարածք հատկացրած անձնավորությանն էին սպառնացել. «Մեր համակիրներն ամեն օր տուգանվում են ավտոտեսուչների կողմից, մի քանի օր առաջ քարոզարշավը ստիպված կանգնեցրել ենք, քանի որ բոլոր մեքենաները տուգանային հրապարակում էին»:

Մեր հարցին՝ իսկ ընտրակաշառքի խոստումներ կա՞ն, ասաց՝ ոչ թե խոստումներ են, այլ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու գործընթացը սկսված է.  « Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ շրջաններում շրջելիս սառնարաններ ու այլ պարագաներ են նվիրում մարդկանց»:

Մեր հարցին, թե որ կուսակցությունների ներկայացուցիչներն են «նվերներ» շռայլում, ասաց ՝ իր տեղեկություններով «Ազատ հայրենիք» կուսակցությունն է:

Նա նաեւ պատմեց, որ այսօր իրենց նախընտրական հանդիպումը Արցախի պետական համալսարանում էր, այն նույնպես ձախողվել է. «Մեր հանդիպումից մի քանի ժամ առաջ Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հանդիպումն էր: Մեր տվյալներով, ԱԺԿ-ի հանդիպման համար ծավալուն աշխատանք է կատարվել, բոլոր դասախոսներին ու ուսանողներին տեղեկացրել էին հանդիպման մասին, արդյունքում դահլիճը լցվել էր, իսկ մեր հանդիպմանը մեկ ժամ էր մնացել, երբ ռեկտորատում հարցրինք՝ տեղեկացրե՞լ են արդյոք ուսանողներին ու դասախոսներին, որ նախընտրական հանդիպում ունենք, ասացին՝ իրենց գործառույթը չէ: Երբ մեր համակիրները սկսեցին մտնել տարբեր ֆակուլտետներ ու կուրսեր՝ տեղեկացնելու հանդիպման մասին, դասախոսներն ու ամբիոնի վարիչներն ասացին, որ միայն ռեկտորատն ունի նման լիազորություն՝ տեղեկացնելու եւ ուսանողներին ու իրենց հորդորելու մասնակցել նախընտրական հանդիպումներին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱՀՀԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930