«Բանդայի գործով»` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի դատավճռով երկարատեւ ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ Սամվել Մանուկյանի բողոքներից՝ Վերաքննիչ դատարանն այսօր լսեց պաշտպան Ստեփան Ոսկանյանի բողոքը: Վերջինս միջնորդեց, որ ամբողջովին բեկանվի առաջին ատյանի դատավճիռը եւ իր պաշտպանյալի՝ Դավիթ Գալստյանի համար կայացվի արդարացման դատավճիռ:
Նա ասաց, որ ինքնախոստովանական ցուցմունք տալիս Դավիթը չի ունեցել պաշտպան: Նրան խոշտանգել են ոստիկանության ԿՀԴՊՎ -ում՝ Կարեն Բաբակեխյանի աշխատասենյակում, գրպանը գցել մարիխուանա տեսակի թմրամիջոց, երեք օր պահելով ռետինե մահակների սպառնալիքների , ծեծի տակ:
Դավիթ Գալստյանի մարմնին, դեմքին՝ քթին, ստորին շրթունքին, ծոծրակին, ծնկներին, մեջքին…առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, որոնք խոշտանգումների հետեւանք են:
Ստեփան Ոսկանյանն ասաց, որ ավազակային հարձակման մեջ մեղադրվող Դավիթ Գալստյանին քննչական փորձարարության տանելով՝ ցույց են տվել նաեւ տուժողներին, հայտնելով, թե նա է իրենց տնից գողություն կատարողը:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, եթե այս գործով կա միավորող հանգամանք, ապա դա նրանց նկատմամբ բռնություններն ու խոշտանգումներն են:
Պաշտպանն ասաց, թե այս խոշտանգումների հետ կապված իր պաշտպանյալը դիմումներ, բողոքներ է ուղարկել, իսկ Հատուկ քննչական ծառայությունում դրանք չեն հաստատվել, չեն գնահատվել, չի կանչվել , առերեսվել Կարեն Բաբակեխյանը:
Ըստ պաշտպանական կողմի, գործում առկա ապացույցները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:
Անդրադարձ եղավ տուժողներին ու իրեղեն ապացույցներին. բարձրաստիճան պաշտոնյաները՝ համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ն. Ազիզյանը, Լինսի հիմնադրամի ԾԻԳ-ի պատասխանատուներից՝ Է. Բեզոյանը եւ մնացյալ տուժողները, մի դեպքում հայտնել էին, թե իրենց աչքերը փակ են եղել, ձեռքերը կապված, մութ, մի դեպքում էլ ցույց են տվել ամբաստանյալին, հայտնելով, թե «դիմակի տակից երեւաց, որ գլխին մազ չունի»:
Իրեղեն ապացույցների մեջ նշվել է հատնաբերված թերեւս միակը՝ օծանելիքը, եւ Նապոլեոն Ազիզյանի ֆոտոխցիկը:
Ըստ պաշտպանի, առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել նախաքննության ժամանակ:
Մինչդեռ, հիշատակված 2014թ.հունվարի 11-ի նիստի ժամանակ Դավիթ Գալստյանը որպեսզի չվերապրի իր հետ կատարվածը, չի կարողացել մասնակցել դատական նիստին: «Արհեստածին ապացույցներ ձեռք են բերվել նաեւ հանգուցյալ Արման Դալլաքյանի խոշտանգումների արդյունքում էլ»,-ասաց փաստաբանը:
Մեղադրող Սասուն Խաչատրյանն առարկեց, եւ նշեց, թե այն ինչ ասվեց, լսել է դատաքննության ժամանակ, միջնորդությունների, դատական վիճաբանությունների փուլում, եւ դա համարեց պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը:
Նա ասաց, որ չեն հաստատվել բռնությունները, իսկ պաշտպանական կողմն էլ միջնորդում է անթույլատրելի ճանաչել էական ՝ դատագենետիկական փորձաքննության եզրակացության արձանագրությունը, որը 99,9 տոկոսով ճիշտ է, մատնադրոշմային փորձաքննության 100 տոկոսանոց եզրակացությունը: Մեղադրողն ասաց, որ այս գործով եղել են խախտումներ, բայց ոչ՝ էական:
Այդ ժամանակ էլ նիստերի դահլիճից մեկը, երբ արդեն անդրադարձ պետք է կատարվեր հանգուցյալ Արման Դալլաքյանի խոշտանգումներին, ասաց, որ դատախազը ստում է, որ իր դեմ են Արմանին խոշտանգել, իսկ Արտուշ Հակոբյանի հարազատներից մեկն էլ հորդորեց դատախազին՝ ճիշտ գնահատել կատարվածը:
Դատախազը պահանջեց սանկցիա կիրառել իրեն վիրավորելու համար, նախազգուշացվեց ամբաստանյալներից մեկը:
Պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նույնպես ցանկացավ հայտարարություն անել:
Սակայն նիստը ընդհատվեց եւ նշանակվեց ապրիլի 27-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ