Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն փող չի տա Հայաստանում անկախ հեռուստաընկերություն բացելու համար

Ապրիլ 20,2015 18:15

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 17-ին «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, որին ներկա էր նաեւ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկել է ԵՄ-ին աջակցել Հայաստանին անկախ լրատվամիջոց ունենալու հարցում:

Զուրաբյանը մեջբերել է ԵՄ զեկույցից մի հատված, որտեղ նշված է`«Մամուլի անկախության մակարդակը դեռեւս անբավարար է, նաեւ չկա առաջընթաց էլեկտրոնային ԶԼՄ-ներում բազմակարծություն ապահովելու ուղղությամբ»:

ԵՄ-ին խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկել պարոն Զուրաբյանը: Նա, մասնավորապես, ասել է`«Մենք գիտենք, որ զանգվածային լրատվամիջոցներից ամենաազդեցիկը հեռուստատեսությունն է, որն այսօր գտնվում է նախագահական աշխատակազմի խիստ վերահսկողության ներքո: Եթե Եվրոպական միության աջակցությամբ մենք կարողանայինք լուծել գոնե մեկ հարց`բացել հեռուստատեսություն բազմազանության համար, քաղաքական ամբողջ սպեկտորի համար, որտեղ բոլոր քաղաքական ուժերը ունենային հնարավորություն իրենց քաղաքական հայացքներն անկաշկանդ տարածել հանրության շրջանում, եւ շփվել ՀՀ քաղաքացիների հետ,  դա կլիներ խոշոր նվաճում»:  Պարոն Զուրաբյանը նաեւ նշել է ուղին, թե ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել Հայաստանին:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ, մեդիափորձագետ Աշոտ Մելիքյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ, առհասարակ, նման առաջարկներն ուշադրության արժանի են, որովհետեւ Հայաստանում, իսկապես, անկախ հեռուստաընկերություն գոյություն չունի, եւ այդ խորշը դեռ բաց է մնում: «Ժամանակին մի այդպիսի նախաձեռնություն եղավ, հիմնական նախաձեռնողը Լեւոն Բարսեղյանն էր, բայց, ցավոք, այն մնաց գաղափարների մակարդակով, քանի որ շատ մեծ ներդրումների հետ էր  կապված»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Մեդիափորձագետի խոսքերով`  Լեւոն Զուրաբյանի առաջարկը հասկանալի է, կարեւոր է ունենալ անկախ հեռուստաընկերություն, բայց, ըստ Աշոտ Մելիքյանի, ավելի գերադասելի է, որ լինի հանրային հեռուստաընկերություն. «Չեմ կարծում, որ Եվրամիությունն այդպիսի ահռելի գումարներ ներդնի եւ ամբողջությամբ այդ գումարների հաշվին բացվի նման հեռուստաընկերություն»:

Մեր այն դիտարկմանը, որ Զուրաբյանը  նշել էր,  որ ԵՄ տրամադրած գումարների մեջ տեղավորվում է իր առաջարկը, պարոն Մելիքյանն ասաց. «Եթե հաջողվի, դա իսկապես մեծ նշանակություն կարող է ունենալ ինֆորմացիոն դաշտի համար, եթե իհարկե, հաջողվի այն անկախ պահել այն, որովհետեւ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց ազդեցությունը տարածեն նաեւ այդ հեռուստաընկերության վրա, եւ ոչ մի երաշխիք չկա, որ այդ անկախությունը, թեկուզ, ֆինանսական, որն ամենակարեւորն է, եւ քաղաքական առումով կարողանա այդ հեռուստաընկերությունը դիմակայել: Բայց իրատեսական չեմ համարում, որ ԵՄ-ն այդպիսի ներդրում անի: Հայաստանում, իսկապես, հանրային հեռուստաընկերության կարիք կա»:

Անկախ հեռուստաընկերություն ունենալու Զուրաբյանի առաջարկին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանն էլ  Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ ընդհանրապես աշխարհում անկախ զանգվածային լրատվամիջոց չկա, տարբեր կորպորացիաների, ուժերի շահերը սպասարկող ԶԼՄ-ներ են. «Ես դեմ չեմ, եթե 20-30 հեռուստաընկերություն բացվի, անկախ մամուլի մասին խոսել, նույնիսկ քաղաքական գործիչները, երբ խոսում են այդ մասին, գիտեն, որ անկախ լրատվամիջոց գոյություն չունի: Պետք է խոսել ընդգրկուն ազատության չափանիշներ ունեցող լրատվամիջոցների մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդ որ հեքիաթից ա, որ Եմ-ի միջոցներով գործող հեռուստաընկեռությունը անկախ է լինելու: Ոչ մեկից կախված չլինել չի կարելի, կգցեն ոտի տակ, չես իմանա, թե ում կանչես:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930