«Միդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորում հ/կ նախագահ Ամո Շարոյանը այսօր աշխարհում ապրող բոլոր եզդիների անունից հայտարարեց, որ դատապարտում են հայոց ցեղասպանությունը.
«Ժամանակն է ճանաչել ու դատապարտել հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան այն շատ վաղուց պետք է ճանաչած լիներ»,- այսօր «Պոստ սկրպտում» ակումբում ասաց Ամո Շարոյանը:
Նրա խոսքով, վաղը Օղակաձեւ այգում եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի բացումն է լինելու. «Այն եւս մեկ ապացույց կլինի, որ ամբողջ աշխարհին հայտարարվի, թե հայոց ու մյուս ժողովուրդների ցեղասպանությունը տեղի է ունեցել ու պլանավորված է եղել թուրքական կառավարության կողմից: Պետք է աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունները դատապարտվեն»:
Ըստ նրա, այդ կոթողով ուղերձ են հղելու թուրքերին. «Ասենք ՝ ձեր անցյալին իրատես եղեք, ազնվորեն նայեք ու ճանաչեք այս ցեղասպանությունները»:
Կարդացեք նաև
Նրա բնորոշմամբ, հայոց եւ մյուս ազգերի ցեղասպանությունները կազմակերպողները ռազմական սովորական հանցագործներ են:
Օղակաձեւ այգում զոհված եզդիների հիշատակին նվիրված կոթողի բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան է եկել նաեւ Իրաքի Շանգալ նահանգի նահանգապետ Մայսար Հաջի Սալիխը: Նրա խոսքով, եկել են մասնակցելու նաեւ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին. «Եկել ենք ճանաչելու ու դատապարտելու հայոց ցեղասպանությունը, որովհետեւ մեր ցավն ընդհանուր է: 2014-ի օգոստոսի երեքին Շանգալ նահանգի եզդիները ենթարկվեցին ցեղասպանության, մի մասին գերի տարան, իսկ գերիների ճակատագիրը մինչ օրս էլ անհայտ է, իսկ մի մասին էլ կոտորեցին: 450.000 եզդի էր բնակվում Շանգալում: Այս նահանգում այսօր եզդիներ չկան: Ամենացավալին այն է , որ 21-րդ դարում ապրեցինք ստրկավաճառություն, մեր կանանց ու աղջիկներին տարան ստրկավաճառության»:
Նա պատմեց, որ իր ծնողներից է լսել, որ 1915-ին, երբ ցեղասպանությունը սկսվեց, Շանգալը հայերին գրկաբաց է ընդունել, 40.000 հայ ընտանիք մեր հարեւաններն են»:
Անդրադառնալով Շանգալում եզդիների կոտորածին՝ ասաց, 450.000 եզդիներից 12.000 կորցրին, 5-6000 ստրկության մեջ են, մի մասն էլ փախստական է դարձել, իսկ մոտ 7000 էլ զոհվել է. « Շանգալը մեր բնօրրանն է, այն երբեք չենք թողնի, որովհետեւ Շանգալի կորուստը մեր կորուստը կլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ