Ամեն տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հանրությանը ներկայացնում է երկրագնդի կլիմայի վիճակը, որն ամփոփում են Մեծ Բրիտանիայի Հադլեի Կենտրոնում՝ ԱՄՆ օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության Ազգային կառավարման կլիմայական տվյալների Ազգային կենտրոնի, Գոդդարդի անվան տիեզերական հետազոտությունների Ինստիտուտի և Ճապոնական օդերևութաբանական գործակալության կողմից: Ըստ այդ գնահատականների 2014 թվականի գլոբալ գետնամերձ միջին ջերմաստիճանը մոտ է եղել վերջին 165 տարիների գործիքային դիտարկումների ամենատաք տարիների ջերմաստիճաններին, ընդ որում` եղել է ամենատաքը:
Այսպես, 2014 թ. միջին գլոբալ ջերմաստիճանը 0.57±0.09°C-ով բարձր է եղել 1961-1990թթ. միջին (14°C) արժեքից, ինչպես նաև 0.08°C-ով բարձր է եղել վերջին 10 տարիների (2005-2014 թթ.) միջին արժեքից և կազմել է 0.5 °C:
Ըստ դասակարգման 2014թ. 0.57±0.09°C կազմող անոմալիայի մեծությանը հաջորդում են երեք ամենատաք` 2010 (0.55±0.09 °C), 2005 (0.54±0.09 °C) և 1998 (0.52±0.09 °C) թվականները:
Երկրագնդի 2014թ. միջին ջերմաստիճանը ցամաքի հատվածների մեծ մասի համար բարձր էր երկարաժամկետ միջին արժեքից: Ցամաքի մակերևույթի վրա օդի միջինացված ջերմաստիճանը գնահատվել է 0.88±0.20°C-ով բարձր 1961-1990թթ. միջին արժեքից, որը հանդիսանում է դիտարկումների պատմության մեջ չորրորդ` ամենաբարձրը: 2014թ. ամենաբարձր ջերմաստիճանային շեղումները դիտվել են առանձնապես Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասում, ներառյալ Ալյասկան, Եվրասիայի արևմտյան մասում, Աֆրիկայի զգալի մասում, Ավստրալիայի հարավային և արևմտյան մասերում: ԱՄՆ-ի և Կանադայի զգալի հատվածներում դիտվել են միջինից զգալիորեն ցածր ջերմաստիճաններ:
Կարդացեք նաև
2014 թ. տեղումների գլոբալ միջին քանակը մոտ է եղել երկարաժամկետ միջին արժեքին, որը կազմում է 1033 մմ: Տեղումների առանձնապես ցածր քանակ է դիտվել ԱՄՆ հարավ-արևմտյան, Չինաստանի հյուսիս-արևելյան և Բրազիլիայի արևելյան մասերում: Այդ շրջանները 2014 թ. ենթարկվել են երաշտների ազդեցությանը: Մեծաքանակ տարեկան տեղումներ դիտվել են Արգենտինայի հյուսիսային մասում, Բոլիվիայում, Պարագվայում և Բրազիլիայի հարավային մասում, ինչպես նաև Բալկաններում:
Երկրագնդի վրա ձնածածկույթի գնահատման ԱՄՆ-ի Ռուտգերսի Համալսարանի ձյան Գլոբալ լաբորատորիայի տվյալներով, հյուսիսային կիսագնդում ձմռան ընթացքում ձնածածկույթը եղել է ավելի բարձր, քան բազմամյա միջին արժեքը, իսկ գարնանային ձնածածկույթը եղել է երրորդ ամենացածրը՝ 1966 թ. սկած և կազմել է մոտ 28 մլն կմ2, իսկ աշնանը, ընդհակառակը, ձնածածկույթը ամենամեծն է եղել հյուսիսային կիսագնդում` 22.2 մլն կմ2:
Նմանատիպ վերլուծությունները Եվրոպայի համար ցույց են տալիս, որ 2014 թ. ամբողջ Եվրոպայում ջերմաստիճանները միջիններից զգալիորեն բարձր են եղել, ընդ որում մի շարք երկրներում դիտվել են ռեկորդային կամ դրան մոտ տարեկան ջերմաստիճաններ: Եվրոպական 19 երկրներում տարին եղել է ամենատաքը:
Տարեկան կտրվածքով հունվարը ամենատաքն է եղել Ֆրանսիայում` 1990թ. ի վեր և երրորդը ամենատաքերի շարքում՝ Պորտուգալիայում (1931-ից) և Իսպանիայում (1961-ից): Շվեդիայի առանձին շրջաններում եղել է ամենատաք մարտը 1859թ. ի վեր: Եվրոպայի շատ երկրներում ամառը սովորականից տաք էր: Օրինակ, Նորվեգիայում դիտվել է ամենատաք հուլիսը՝ ամբողջ դիտարկումների ընթացքում, ընդ որում, 4.3°C-ով բարձր է եղել միջին արժեքից և 1°C-ով բարձր՝ նախորդ ռեկորդից: Դանիայում հուլիսը 1874թ. սկսած երկրորդ ամենատաք հուլիսն էր: Ֆինլանդիան հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը գտնվում էր ջերմային ալիքների ազդեցության տակ, ընդ որում Հելսինկիում այն պահպանվեց ռեկորդային` 26 օրացուցային օր:
Տեղումների տարեկան քանակը նորմայից բարձր էր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայի արևմուտքում, Պիրենեյան թերակղզու արևմտյան շրջաններում, Իտալիայում և, առանձնապես, Բալկաններում: Նորվեգիայում, Իսպանիայի և Ֆրանսիայի արևելյան շրջաններում տեղումները նորմայից ավելի սակավ էին: Մեծ Բրիտանիայում ձմեռային տեղումների քանակը հունվարին և փետրվարին միջին արժեքի նկատմամբ կազմել է 177 %, և այդ ձմեռը դարձավ ամենախոնավը Մեծ Բրիտանիայում՝ դիտարկումների ողջ շրջանի ընթացքում: Տեղատարափ անձրևները մայիսի 12-18-ին առաջացրեցին հեղեղներ և սողանքներ Բոսնիայում և Հերցեգովինայում, Խորվաթիայում և Սերբիայում: Ամենամեծ վնասը պատճառվել էր Սերբիային, որտեղ տուժել էին մոտ 1.6 մլն մարդ:
Հուլիսը և օգոստոսը շատ խոնավ էին Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Լյուքսեմբուրգում: Սեպտեմբերին Բալկանների հարավային շրջաններում միջին ամսական արժեքի նկատմամբ տեղացել է 250 % տեղում, Չեխիայում՝ տեղ-տեղ 332 %, իսկ Թուրքիայի որոշ շրջաններում` 500 %-ից ավելի:
Յուրաքանչյուր տարի նմանատիպ ուսումնասիրություններ իրականացվում են նաև Հայաստանում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության կողմից:
2014թ. Հայաստանի համար տաք տարի է եղել: Միջին տարեկան ջերմաստիճանը նորմայից (5.50C) 1.50C բարձր է եղել և կազմել է 7.00C: 2014 թվականը տաք տարիների շարքում եղել է չորրորդը: Ամենատաք տարին դիտարկումների ողջ ժամանակահատվածում եղել է 2010 թվականը (շեղումը` 2,90C), երկրորդ ամենատաք տարին՝ 1998թ. (շեղումը` 2,00C), երրորդը` 1966 թ. (շեղումը` 1,90C ):
2013-2014 թթ ձմռանը օդի ջերմաստիճանը 0.7 0C-ով, իսկ տեղումները 24%-ով ցածր էին նորմայից: Չափազանց ցուրտ էր 2013թ դեկտեմբերը, որը եղել է երկրորդ ամենացուրտ ամիսը 2002թ. հետո: Երևանում դիտված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է -17.70C (2002թ.՝ -20.00C), սակայն, ըստ միջին ամսական ջերմաստիճանի, սա առաջին ամենացուրտ դեկտեմբերն էր Երևան քաղաքի համար՝ միջին ամսական ջերմաստիճանը կազմել է -7.20C (2002թ.՝ -5.80C):
Գարնանը օդի միջին ջերմաստիճանը գերազանցել է նորման (4.40C) 2.50C-ով, սակայն տեղումները եղել են նորմայից (211մմ) պակաս և կազմել 194.8 մմ:
Հայաստանի ողջ տարածքում ամառը տաք էր և չոր, հատկապես երկրորդ կեսին: Օդի ջերմաստիճանը նորմայից (15.70C) բարձր էր 20C -ով, իսկ տեղումները` պակաս, մոտ 20մմ-ով (նորման148մմ):
Աշնանը օդի միջին ջերմաստիճանը նորմայի (7.20C) սահմաններում էր, իսկ տեղումների քանակը գերազանցել էր նորման (119մմ) գրեթե 32մմ-ով: Հարկ է նշել, որ օդի միջին ջերմաստիճանը սեպտեմբերին բարձր էր նորմայից (16-170C) 1-20C-ով, իսկ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին` նորմայի սահմաններում (8.70C) և ցածր 2.00C-ով:
Մթնոլորտային տեղումները սեպտեմբերին կազմել են 53.5մմ, հոկտեմբերին՝ 40.1մմ, նոյեմբերին` 56.8մմ:
Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից (-3.90C) բարձր էր 2.30C-ով, իսկ տեղումների քանակը կազմել է նորմայի (38մմ) 50%-ը:
Ապրիլի սկզբին հանրապետության հովտային շրջաններում դիտվեցին բացասական ջերմաստիճաններ, ինչը ուժեղ ցրտահարությունների պատճառ հանդիսացավ և զգալի վնաս հասցրեց գյուղատնտեսությանը:
Օգոստոսին օդի ջերմաստիճանի դրական շեղումը կազմեց 3.50 C, որը համարվում է ամենաշոգ օգոստոսը՝ սկսած 1981թ-ից: Երևանում օդի օրական միջին ջերմաստիճանի բարձր արժեքները բավական երկար պահպանվեցին, որը բերեց աննախադեպ ջերմային ալիքների դիտման (20 դեպք): Երկրորդ ամենաշոգ օգոստոսը դիտվել է 2006 թվականին (ջերմային ալիքների 17 դեպք):
2014թ. ՀՀ տարածքում դիտվել են թվով 67 Օդերևութաբանական վտանգավոր երևույթներ. 25 մ/վ և ավելի արագությամբ ուժեղ քամիների 27 դեպք, 20 մմ-ից ավել տրամագծով կարկուտի 10 դեպք, 12 ժամվա ընթացքում 30 մմ-ից ավել տեղումների 16 դեպք, 12 ժամվա ընթացքում 20 մմ-ից ավել ձյան 21 դեպք: Այս երևույթները զգալի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը:
Ցանկացած մակարդակով ամենամյա այս վերլուծությունները վկայում են, որ երկրագնդի վրա կլիմայի փոփոխությունը իրոք տեղի ունի, սակայն այն տարածաժամանակային կտրվածքով փոփոխական է, իսկ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կլիմայական ռիսկերը, գումարային կտրվածքով՝ աճում են:
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն՝ Լ. Վարդանյան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն