Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացահայերից շատերը ՀՀ, ՌԴ քաղաքացիներ են, ինչն էլ Վրաստանում ապրելու համար, նոր օրենքով, խոչընդոտ է (Տեսանյութ)

Ապրիլ 20,2015 17:13

Վրաստանի միգրացիոն օրենսդրության նոր պահանջները մի շարք խնդիրներ են առաջացրել այդ երկրում բնակվող հայերի համար: Այսօր այս թեմայով «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել, որի ընթացքում տեսակամուրջով Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը ներկայացրեց, թե նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեր հայրենակիցները, որոնք ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներ են մասնավորապես` ինչպիսի խնդիրների առաջ են կանգնել:

Չնայած նրան, որ վրացական իշխանությունները փաստաթղթերի հանձնման ժամկետը եւս մի քանի ամսով երկարացրել են` վերջնաժամկետ նշելով մինչեւ հուլիսի 1-ը, մաքսային սահմանի վրա այդ մարդիկ, որոնց փաստաթղթերը դեռեւս ընթացքի մեջ են, միեւնույն է, խնդիրներ ունենում են: Վրացի սահմանապահները պատճառաբանում են, թե իրենք տեղեկացված չեն ժամկետի երկարաձգման մասին:

Այս առնչությամբ, Ռուբեն Պալյանն ասաց, որ խնդիրն այն է, որ մեր հայրենակիցները բավականաչափ իրազեկված չեն եւ չգիտեն նոր օրենքը ինչ է թույլ տալիս, ինչը` ոչ եւ, որ այդ կարգավիճակով չպետք է հատեն մաքսային սահմանը, այլ պետք է մնան Վրաստանում եւ դիմեն կեցության իրավունք ձեռք բերելու համար: Նա վստահեցրեց, որ հիմնականում խնդիրը լուծված է, այս պահի դրությամբ կեցության իրավունքի համար դիմել է 3149 մեր հայրենակից, որից 23–ին են մերժել: Ռուբեն Պալյանը նաեւ նշեց, որ հայերը լեզվի խնդիր էլ ունեն, ինչի հետեւանքով չեն կարողանում փաստաթղթերը ճիշտ լրացնել:

Հարցին, թե ի՞նչ է արվում, որպեսզի մարդիկ իրազեկվեն եւ նրանց ինչպես են աջակցում փաստաթղթերի լիարժեք լինելու հարցում, գործակալության Ախալքալաքի բաժնի պետն ասաց, որ «բուկլետներ» են տպագրել, որոնք բաժանվել են մարդկանց եւ բացի այդ, օգնում են լրացնել այդ փաստաթղթերը:

Ռուբեն Պալյանի խոսքերով, մարդիկ սկսել են խնդիրների բախվել դեկտեմբերի մեկից, երբ օրենքը ուժի մեջ մտավ, սկսեց գործել եւ հասկացան, որ օրենքի պահանջը լուրջ է: Ըստ նրա, մարդիկ կան, որ 10 տարի ապրում են Վրաստանում, բայց որեւէ փաստաթուղթ չունեն, որ ապացուցեն իրենց բնակվելու փաստը եւ դիմեն քաղաքացիության համար:

Փորձագետ Արսեն Խառատյանը, որը նույնպես Վրաստանից էր միացել տեսակամրջին, ասաց, որ ջավախահայերի մեծ մասը ՀՀ եւ ՌԴ քաղաքացիություն են ստացել, որպեսզի առանց խնդիրների կարողանան ՌԴ մեկնել: Ըստ Արսեն Խառատյանի, այս հարցը սոցիալական է եւ այդ մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան, ուստի հարցը միայն օրենքի չիմացությունը չէ: Փորձագետը չի բացառում, որ նոր օրենքում կա «բյուրոկրատիա», բայց նաեւ փաստում է, որ անցյալ տարի պետական մակարդակով Վրաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ինչպես լուծել հարցերը:

«Մեդիա կենտրոնում» ներկա Վրաստանի գծով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ջոնի Մելիքյանն էլ ասաց, որ նոր օրենքի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ Վրաստանն իր օրենսդրությունը սկսել է համապատասխանեցնել եվրոպական օրենսդրության հետ:

Հարցին, թե ջավախահայերը դժգոհում են, որ ստիպված են լինում մի քանի անգամ դիմել կեցության իրավունքի համար, քանի որ ոչ միշտ է, որ առաջին իսկ դիմումից նրանց դրական են պատասխանում եւ ամեն անգամ ստիպված են լինում վճարել 200 լարի, Ռուբեն Պալյանն ասաց, որ պատահում է, որ փաստաթղթերը ոչ լիարժեք են ներկայացնում, այդ պատճառով մերժվում են: Ըստ նրա՝ նման դեպքերում, երկրորդ, երրորդ անգամ դիմելիս նրանք 200 լարին այլեւս չեն վճարելու: Այն հարցին էլ, թե կեցության իրավունքը դեռեւս երաշխիք չէ ջավախահայերի համար, որոնք մտահոգություն ունեն, որ օրենքը փոխվի, այդ փաստաթուղթը ուժը կկորցնի, պարոն Պալյանն ասաց, որ նման բան չի կարող լինել եւ որ կեցության իրավունքը հենց նրանց` Վրաստանում ապրելու իրավունքն է հաստատելու:

Տեսակամրջին հայկական կողմից ներկա Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի խոսքերով էլ, հարցն ամենեւին էլ քաղաքական հարթությունում չէ եւ պարզապես տեխնիկական հարցեր պետք է երկու երկրները համաձայնեցնեն: Ըստ նրա, այդպիսի իրավիճակում են նաեւ նման կարգավիճակում գտնվող Վրաստանում բնակվող ադրբեջանցիները:

Սերգեյ Մինասյանի խոսքերով, Վրաստանի հայերը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեցին հատկապես Վրաստանի եւ Ռուսաստանի լարված հարաբերությունների ժամանակ` 2000-2001 թթ.-ին, երբ ստիպված եղան այլ ճանապարհներ փնտրել` Ռուսաստան գնալու եւ այնտեղ խնդիրներ չունենալու համար:

Նշենք, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս երկքաղաքացիությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930