Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արգելված հիշողություն. Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողով ԵԹԿՊ-ում

Ապրիլ 20,2015 16:43

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊ) տեղի ունեցավ բուհական գիտաժողով`Հայոց մեծ եղեռնի թեմայով: Գիտաժողովի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵԹԿՊ-ի ռեկտոր,պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը. «Սա շատ տարողունակ թեմա է և ամենևին չի կարող սպառվել մեկ կամ երկու գիտաժողովի շրջանակներում: Պատմության այդ հետքը շատ խորն է հայի մտածողության մեջ, և դրա արտահայտումը արվեստն է ու մշակույթը»:

Դ.Մուրադյանը վկայակոչելով «Բազմավեպ» հանդեսում տեղ գտած երևելի մտավորական Վահե Օշականի այն խոսքը, որ 1915 թվականի ողբերգությունը հայ մշակույթը կարող է դնել Շեքսպիրյան չափումների մեջ՝ նշում է. «Այն, ինչ կատարվեց հայ մարդու հետ՝ միայն հայ մարդու ողբերգությունը չէր. դա համաշխարհային չափումների պատմաքաղաքական, պատմաբարոյական իրադարձություն էր` մի ամբողջ ժողովրդի դեմ ծրագրված հանցանք: Պատահական չէ, որ այս մասին առաջին գործի հեղինակը հայ չէր, քանի որ այնքան խորն ու մեծ էր վերքը, որ սկզբում դրան գեղարվեստական անդրադարձ կատարելը անհնարին էր. դա արգելված հիշողություն էր» :

Kino_tatron_4

Ռեկտորը, հիշատակելով Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցներից մեկը, նշում է, որ մեծանուն գրողն էլ նշել է, որ չի կարողանում մոտենալ այդ թեմային. «Մաթևոսյանն ասում էր, որ թեման իրենից մեծ է: Հրանտը, լինելով այդչափ խորագնա արձակագիր, փաստում էր, որ այդ թեմայի արծարծումը գուցե ավելի մեծ էր իր արտացոլումից»:

Գիտաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Օրդոյանը. «Երջանիկ են այն ժողովուրդները, որոնք երբևէ չեն կանգնել բնաջնջման խնդրի առջև, բայց և օրհնյալ են նրանք, ովքեր կանգնել, հաղթահարել և մաքառման ճանապարհով գնացել են առաջ`կառուցելով իրենց վաղվա օրը: Այս առումով մեզ`հայերիս, բաժին է ընկել հենց այդ ճակատագիրը»:

Գ. Օրդոյանը իր զեկույցում կարևորել էր Հայոց ցեղասպանության անդրադարձը հայ թատրոնում. «Այդ օրերին անհաղորդ չէին կարող մնալ թատրոնն ու արվեստը, քանի որ այստեղ էին մայրենի լեզվով հնչում ազգային արժեքներ ու հայրենասիրություն քարոզող գաղափարներ: Հանդիսատեսի պահանջը չէր կարելի աչքաթող անել .հիմնականում գավառներում սկսեցին բեմադրվել այնպիսի ներկայացումներ,որոնք մինչ այդ քննադատվել էին շատ թատերագիրների կողմից» :

Պրոֆեսոր ,արվեստի վաստակավոր գործիչ Ա. Բուդաղյանն էլ իր զեկույցում անդրադարձել էր 1915 թվականից մի փոքր հատվածի, մի պատմության`«Ադամյան քույրեր»`դաշնամուրային դուետի ճակատագրին. «Ադամյան Հերմինեն և Ադամյան Եվգինեն գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյանի քույրերն են եղել: Զարմանալի էր նրանց կատարողական միասնական կոնցեպցիան, թեպետ Հեղինեն ավելի ակտիվ էր, Եվգինեն`ավելի քնարական ու կանացի» :

Ա. Բուդաղյանը, ցավով պատմելով քույրերի ճակատագրի ու այն փաստի մասին, որ նրանց գերեզմանը հայրենիքից դուրս է, փաստեց, որ Երևանի քաղաքային պանթեոնում է գտնվում Ադամյանների 4 ազգականերին (երկու աղջիկ, երկու տղա) նվիրված հուշատախտակ:

«Կյանքի մի ուղու պատմություն» `այսպես ցանկացավ վերնագրել իր պատմությունը Հ. Տեր-Կարապետյանը.«Մի ուղի, որտեղ ժամանակ առ ժամանակ մեռել է իմ կյանքը: Երբ ետ ես նայում քո անցած ճանապարհին,հանկարծ հասկանում ես, որ դա եղել է մի հսկայական բեռ և գանձ»:

Հ. Տեր-Կարապետյանը իր զեկույցում անդրադարձավ նրան, թե ինչպես է առաջին անգամ Արմենուհի Եգարյանից լսել գաղթի մասին. «Արմենուհին պատմում էր գաղթի ճանապարհի մասին , թե ինչպես է 3-4 տարեկանում անցել դրա միջով: Նա չէր կարողանում մոռանալ այն պահը, թե ինչպես է վերջին անգամ ետ պտտվել ու տեսել կիսաբաց դռնից ներս` թախտն ու մոր քամարը: Սակայն ճակատագրով դա լսելն էլ էր ինձ քիչ, դրանից հետո եղան այլ հարվածներ, որոնք կարծես գցեցին աչքերիցս այն վարագույրը, որից առաջ նայում էի» :

«Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ դասական և ժամանակակից կերպարվեստում» զեկույցում հանդես եկավ Անուշ Հակոբյանը. «Հայոց մեծ եղեռնը հայ կերպարվեստում գրավում է ժամանակագրական և աշխարհագրական մեծ տարածք: Այս թեման իրենց ստեղծագործություններում ներգրավել են 4 սերնդի ներկայացուցիչներ`սկսած համիդյան ջարդերից 1890 ական թթ. մինչև 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի ստեղծագործող արվեստագետները» :

Ինչպես նշում է բանախոսը, առաջին անդրադարձը Հայոց մեծ եղեռնին եղել է Հովհ. Այվազովսկու և Բ. Սուրենյանցի կողմից: Անուշ Հակոբյանը առանձնացրեց մի խումբ նկարիչների, որոնք իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Հայոց մեծ եղեռնին. դրանց թվում` Գևորգ Բաշինջաղյան, Ակիմ Ավանեսով, ֆրանսահայ նկարիչ Արսեն Շաբանյան:

 Զարուհի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930