Ապրիլի 19-ին «The LOFT» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորման (ԱՍԳԱՄ «Աստղիկ») «Սկաուտությունը/Գայդինգը որպես ապրելակերպ» գրքի շնորհանդեսը: 1996 թվականից գործող կազմակերպության համար տարիների ընթացքում հայերեն լեզվով սկաուտական գիրքը ունենալը եղել է կազմակերպության զարգացման համար անհրաժեշտ գրավականներից մեկը:
Հանդիսանալով Աղջիկ Սկաուտների և Գայդերի Համաշխարհային Միության (World Association of Girl Guides and Girl Scouts (WAGGGS)) լիիրավ անդամ՝ 2014թ.-ին Հայաստանը հանդիսանում էր WAGGGS-ի Համաշխարհային մտորման օրվա (World Thinking Day) միջոցառումների իրականացման կիզակետային երկրների շարքում:
ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի տարիների երազանքը հնարավոր եղավ իրականություն դարձնել շնորհիվ WAGGGS-ի Մտորման օրվա ֆոնդից ստացված դրամաշնորհի, որը ձևավորվում է WAGGGS-ի անդամ երկրների կատարած նվիրատվություններից: Գիրքը նպատակաուղղված է աշխարհի շուրջ գայդինգի և սկաուտական շարժմանն օժանդակելու համար:
Կարդացեք նաև
ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ի առաջին գիրքը իր մեջ ներառում է տեղեկատվություն ոչ միայն համաշխարհային և Հայաստանի սկաուտական շարժման պատմության, զարգացման, գործունեության, խորհրդանիշների վերաբերյալ, այլև կազմակերպության կրթական ծրագրով նախատեսված գիտելիքների և հմտությունների ձեռքբերման համար անհրաժեշտ տեղեկատվություն և մտքեր՝ խաղերի և ակտիվ գործունեության միջոցով դրանք սովորելու և կիրառելու համար:
Կազմակերպությունը հուսով է, որ գիրքը կօգնի իր անդամներին և այլ ցանկացողներին ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերել կյանքի տարբեր բնագավառների համար անհրաժեշտ մի շարք գործնական գիտելիքներ և հմտություններ, ունենալ ակտիվ և հետաքրքիր կյանք՝ դառնալով ակտիվ և պատասխանատու քաղաքացի:
Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորում