Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն. ԵՄ-ում ՀՀ դեսպան. «Արմենպրես»

Ապրիլ 20,2015 16:20

ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Նման համոզմունք է հայտնում Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը` «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:

-Պարոն դեսպան, ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև: Հայաստանի հասարակությունը և ամբողջ հայությունը, բնականաբար, խորը երախտագիտությամբ ընդունեցին նախևառաջ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու հանգամանքը և ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչը: Միջազգային ամենաառաջատար լրատվամիջոցները վերջին օրերին լայնորեն անդրադարձան այս իրադարձությանը: Որպես ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, որն է Ձեր կարծիքով այս բանաձևի ընդունման կարևորությունը` հաշվի առնելով, որ 1987թ. արդեն նման բանաձև ընդունվել էր:

-Միանգամայն իրավացի եք: 1987թ. Եվրոպական Խորհրդարանն ընդունել է նման բանաձև: Այնուհանդերձ, մի շարք գործոններ խիստ էական են դարձնում նոր բանաձևի ընդունման հանգամանքը: Նշեմ մի քանիսը միայն:

1987 թվականից անցել է մոտ երեք տասնամյակ: Դա հսկայական ժամանակ է միջազգային հարաբերություններում, մանավանդ` ներկա փուլում, որին բնորոշ է իրադարձությունների սրընթաց զարգացումը և իրողությունների ու խնդիրների զգալի փոփոխությունը:

Նախկին բանաձևն ընդունվել էր բոլորովին այլ պատմական ժամանակաշրջանում և անգամ այլ աշխարհակարգի պայմաններում` սառը պատերազմյան համատեքստում: Վիթխարի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև հայկական հարցին, նշեմ միայն մեկը` անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը:

Այս ընթացքում լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվել ինքը` Եվրոպական Խորհրդարանը, ողջ Եվրոպական Միությունը, որոնք ներկայումս ներկայացնում են գրեթե կրկնակի անգամ ավելի անդամ-պետություն, քան 1987թ., հսկայական չափով փոխվել է, նրանց տեղն ու դերը միջազգային հարաբերությունների համակարգում:

100-ամյակն ինքնին կարևոր էր դարձնում Եվրոպական համայնքի կողմից հայկական հարցով Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձի վերահաստատումը: Այն նաև առիթ էր վերագնահատելու և արդիականացնելու 1987թ. բանաձևը, համապատասխանեցնելու այն ներկա իրողություններին, զարգացումներին, ըմբռնումներին և ընկալումներին:

-Որն է այս երկու բանաձևերի բուն տեքստային կամ դրանցում քաղաքական ուղերձների և շեշտադրումների տարբերությունը:

-1987թ. բանաձևը առաջիններից էր, որ ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը և այն բավականին լուրջ փաստաթուղթ և նվաճում էր: Այն առավելապես բանաձև էր հայկական հարցի մասին, Թուրքիայի հայկական փոքրամասնության և թուրքական պետության հարաբերությունների մասին:

Այս օրերին բոլոր մեկնաբանություններում միանշանակ գնահատվել է, որ նոր բանաձևը պարզապես պատմական ճշմարտության վերհանմամբ կամ հարցի բարոյական կողմի շեշտադրմամբ չի բավարարվում և պարունակում է խիստ հստակ, հասցեագրված և այսօր եական քաղաքական ուղերձներ` ուղղված Թուրքիային: Խիստ էական է, որ այս բանաձևի նախագիծը նշված ուղերձներով հանդերձ առաջադրվել է Եվրոպական Խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից համատեղ:

28 անդամ-պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական Խորհրդարանը` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև Եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:

Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում է, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման:

Նոր փաստաթուղթն ինչպես տեսնում եք, բոլորովին այլ բնույթ և ուղղվածություն ունի, արտացոլում է ներկա քաղաքական իրողությունները և չի կրկնում 1987թ. բանաձևի մի շարք կետեր:

-Պարոն դեսպան, կարծիք հնչեց, որ լավ կլիներ չհիշատակվեին հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ կասեիք այս մասին:

-Գաղտնիք չէ, որ թուրքական կողմը, չվավերացնելով հանդերձ, փորձում էր օգտագործել արձանագրությունների գոյության փաստը կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը: Իհարկե սա և մեր դիվանագետներից, և մեր համայնքային կազմակերպություններից լրացուցիչ ջանքեր էր պահանջում դա թույլ չտալու համար: Այս փաստաթուղթը հղում է կատարում արձանագրություններին, բայց և հստակ կոչ է անում Թուրքիային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևի ընդունումը ցույց տվեց, որ անգամ նույն բանաձևում արձանագրությունների հիշատակումը չի ազատում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հրամայականից: Եվ սա ոչ միայն հայկական կողմի, այլև Եվրոպական Խորհրդարանի ընկալում է:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետագա քայլերը:

-Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն: Թուրքիան կամ ինքը պետք է կարողանա այս հարցերը լուծել Հայաստանի և հայության հետ քաղաքակիրթ երկկողմ երկխոսության ճանապարհով կամ կշարունակի հանդիպել մեր և միջազգային հանրության հետևողական և ծավալվող ճնշմանը: Երրորդ տարբերակ չկա:

Իսկ ընդհանրապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Իսկ նման կարգի խորքային և համապարփակ բարեփոխումները սովորաբար նախաձեռնվում են կամ տվյալ երկրի իշխանության, կամ հասարակության և կամ միջազգային հանրության կողմից: Տվյալ պարագայում Թուրքիայի իշխանությունները ցավալիորեն առաջնորդող դերում չեն:

-Շնորհակալություն հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930