Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում ավարտվել են գետերի հուների մաքրման աշխատանքները:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 74 վարչական արձանագրություն:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման որոշման պահանջների կատարման նպատակով վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում հայտնաբերվել և համապատասխան արձանագրություն է կազմվել 53 դեպքի մասով: Հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները, իսկ այն վարձակալների նկատմամբ, որոնք սեղմ ժամկետում համապատասխան տեսքի չեն բերի իրենց տարածքները, հանձնարարվել է ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ՝ ընդհուպ լուծել վարձակալության պայմանագրերը:
Խորհրդակցությանը ներկա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին՝ հանգստյան օրերին Հրազդանի կիրճում շաբաթօրյակի և Յուրի Բախշյանի անվան զբոսայգում ծառատունկի կազմակերպման աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Բախշյանն առանձնահատուկ ընդգծել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հարակից՝ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մաքրման հարցում քաղաքապետի հանձնարարությամբ օպերատիվ կազմակերպված մաքրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարան