Լրահոս
Օրվա լրահոսը

Վալանսում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ապրիլ 20,2015 15:48

Ֆրանսիայի Վալանս քաղաքի Իջևան հրապարակում, ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն՝ Ֆրանսիայում գործող «Ֆրանսիա- Աշտարակ- Արմենիա» մշակութային միության նախագահ  Լևոն Չատիկյանի  ջանքերով և հովանավորությամբ: Այս խաչքարը՝ 699-702 թթ.  Ջուղայում տեղադրված խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված  հայկական տուֆից:

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վալանս քաղաքի քաղաքապետ  Նիկոլա Դարագոն, Լևոն Չատիկյանը, մի շարք պաշտոնական անձիք, հոգևոր այրեր և համայնքի ներկայացուցիչներ:

Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերին  Ֆրանսիայի Վալանս քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքի Իջևան հրապարկում կանգնեցնել խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որոշման կայացմանը նպաստել է անձամբ Վալանսի քաղաքապետ  Նիկոլա Դառագոն: Որոշման դեմ բողոքել է թուրքական համայնքը, սակայն ապարդյուն:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:

Մեծահար՛գ քաղաքապետ պարոն Նիկոլա Դառագոն,

Հարգարժա՛ն պարոն Չատիկյան,

Հոգեշնորհ ու արժանապատիվ հայրեր,

Վալանսի հայ համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Թանկագին հայրենակիցներ և հյուրեր,

Այսօր, հիրավի, պատմական օր է Վալանս քաղաքի հայության համար, քանզի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Իջևան հրապարակում, տեղի է ունենում հայկական տուֆից կերտված հոյակերտ խաչքար-հուշարձանի բացման արարողությունը:

Ուրախ եմ, որ այս հիանալի միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով Վալանս են այցելել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից տասնյակ հայորդիներ՝ արժանին մատուցելու այս կարևոր ձեռնարկին և միասին հիշատակելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին:

Այս խաչքարի տեղադրումը շարունակությունն է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այն բոլոր ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք տարբեր ժամանակներում կյանքի են կոչվել Վալանսի հայ համայնքի և քաղաքապետարանի համատեղ ուժերով՝ շեշտելով Ֆրանսիական պետության դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ հայ համայնքին ցուցաբերած աջակցության, ջերմ վերաբերմունքի և համայնքի հետ ակտիվ համագործակցության համար: Անչափ բարձր գնահատանքի է արժանի նաև այն, որ չընկրկեցիք թուրքերի բողոք ճնշումներից և արդարորեն սատար կանգնեցիք խաչքարը քաղաքում տեղադրելու քաղաքի ավագանու կողմից կայացրած որոշմանը: Համոզված եմ, որ տարիների ընթացքում ձևավորված և բարի ավանդույթ դարձած հայ-ֆրանսիական հարաբերություններն ապագայում ևս կզարգանան և էլ ավելի կխորանան:

Շնորհակալության իմ խոսքն եմ հղում նաև «Ֆրանսիա Աշտարակ Արմենիա» մշակութային միության նախագահ պարոն Լևոն Չատիկյանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ Վալանսում կանգնեցվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջին խաչքարը:

Վալանսի հայ համայնքի ներկայացուցիչներ,

իմ սիրելի՛ հայրենակիցներ,

Մի քանի օրից լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս առումով պետք է նշեմ, որ մեր պայքարը ապրիլի 24-ից հետո չի դադարելու, այլ ընդհակառակը, մենք ավելի կազմակերպված ու ծրագրված պետք է շարունակենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը:

Վստահ եմ, որ համախմբված կերպով կշարունակեք հետամուտ լինել Հայ դատն առաջ տանելու, ինչպես առկա խնդիրները հաղթահարելու մարտահրավերներին:

Ձեզ բոլորիդ մաղթում եմ հաջողություններ՝ ի նպաստ Վալանսի հայ համայնքի զորացման, ինչպես նաև մեր երկու պետությունների և ժողովուրդների բարգավաճման:

 

Հարգանքով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930