Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականի ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները հիմնականում վերացված են: Այժմ կատարվում է լրացուցիչ ուսումնասիրություն և գույքագրում: Նշվել է, որ բոլոր աշխատանքները, որպես պայմանագրային պահանջ, կազմակերպվել են տվյալ ընկերությունների սեփական միջոցներով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքների իրականացման նկատմամբ խիստ հսկողությունն ու դրանց ընթացքի և կազմակերպման մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
«Ասֆալտապատում իրականացնող բոլոր կազմակերպությունները, որպես պայմանագրային պարտավորություն, իրենց միջոցների հաշվին պետք է վերացնեն ի հայտ եկած թերությունները: Այս մասին պարբերաբար տեղեկացրեք հանրությանը՝ հստակ նշելով, որ տվյալ աշխատանքներն իրականացվում են շինարարական կազմակերպությունների միջոցներով, և այդ մասով համայնքային բյուջեից որևէ ծախս չի կատարվում: Սրանով կխուսափենք նաև հանրության շրջանում ձևավորվող այն թյուր կարծիքից, թե քաղաքապետարանն ամեն տարի նույն փողոցներում նմանատիպ աշխատանքներ է տանում»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ ՃՈ հետ նախապես մշակված ժամանակացույցով ավարտվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների գծանշման և վնասված ճանապարհային նշանների փոխարինման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական շրջանների երկրորդական փողոցներին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն