Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյա հոբելյանին նվիրված «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
«Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է Ս. Խաչի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները. Արևմտյան Հայաստանի քարտեզը, արխիվային հին լուսանկարներ, որոնցից մեկը արված 1895 թ-ին և պատմում է Ս. Խաչում կատարված պատարագի մասին:
Ներկայացված է նաև եկեղեցու մանրանկարչությունը, որից ազդվել է Վասպուրականի ճարտարապետական դպրոցը, որմնանկարները, հուշարձանի շրջակա կառույցների լուսանկարներ: Ցուցադրված են նաև Ախթամարի Ս. Խաչի և Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր, դրանցից ուշագրավը 1907թ. լույս տեսած Գ. Ստարցևի «Արյունոտ օրերը Կովկասում» և Ա. Իսոյանի «Սև Գիրքը» աշխատություններն են, վերջինը պատմում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտնի օտարերկրացիների վկայությունների մասին:
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի վարիչ Էլմիրա Եսայանն «Առավոտի» հետ զրույցում ընդգծեց Աղթամարի Ս. Խաչի ճարտարապետական արժեքը. «Հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ միակ եկեղեցին է, որտեղ սինթեզված են աշխարհիկ /խնջույք, որս, այգեկութ/ և հոգևոր թեմաները: Մեր նպատակն է Ս. Խաչ եկեղեցին ներկայացնել որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան և համաշխարհային մշակութային ժառանգության մաս»:
Կարդացեք նաև
Նառա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ